Պաշտպանության նախարարությունից արդեն ազատվել է շուրջ 150 աշխատակից․ ՎԵԻԱ

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» արձագանքում է երկրում շարունակվող բողոքի ակցիաներին զուգահեռ պետական ​​հաստատություններում տեղի ունեցող բռնաճնշումներին և հայտարարում, որ ՊՆ-ում նախաձեռնված վերակազմավորման գործընթացը տագնապալի է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

ՎԵԻԱ-ի տվյալներով՝ շուրջ 150 մարդ արդեն ազատվել է ՊՆ-ից։ Նրանցից մի քանիսին իրավաբանական օգնություն է ցուցաբերվում վերոնշյալ կազմակերպության իրավաբանների կողմից։

«Ուսումնասիրված դեպքերից պարզվել է, որ գերատեսչության վերակազմավորումը սկսվել է առանց աշխատակիցների նախնական իրազեկման և առանց հիմնախնդրի ուսումնասիրության։ Վերակազմավորման ընթացքում որոշ կառուցվածքային ստորաբաժանումներ վերացվել են, որոշ աշխատակիցներ ինքնաբերաբար ազատվել են աշխատանքից, իսկ մյուսները տեղափոխվել են տարբեր պաշտոնների։

Այս պահին աշխատակիցներին հայտնի չէ, թե ինչն է դարձել վերակազմավորման և անձնակազմի կրճատման պատճառ, ինչպես նաև, թե ինչ չափանիշներով և գնահատականներով են որոշվել, թե ովքեր պետք է կրճատվեն:

Այսպիսով, աշխատողների ազատումը, հաշվի առնելով առկա դատական ​​պրակտիկան, հիմք է աշխատանքից ազատումը անօրինական համարելու համար»,- նշում են իրավապաշտպան կազմակերպությունից։

Ըստ ՎԵԻԱ-ի՝ վերակազմավորումից բացի, նախարարությունից մի շարք աշխատակիցների ազատման հիմք է հանդիսացել հունվարի 24-ին պաշտպանության նախարարի հրամանի փոփոխությունը, որով սահմանվել է հատուկ կոչումներ ունեցող ծառայողների տարիքային շեմը։ Կրտսեր և միջին հատուկ կոչումներ ունեցող աշխատողների տարիքային շեմը 55 տարի է, ավագ հատուկ կոչում ունեցողներինը՝ 60, իսկ բարձրագույն հատուկ կոչում ունեցողներինը՝ 65 տարի։ Տարիքային սահմանը լրանալը աշխատանքից ազատվելու հիմք է։

«Հաշվի առնելով, որ նվազագույն տարիքի սահմանումը հիմնարար նշանակություն ունի, դրա կարգավորումը ենթակետային նորմատիվ ակտով անթույլատրելի է»,- հայտարարում է ՎԵԻԱ-ն՝ հակասահմանադրական գնահատելով հրամանում ներառված փոփոխությունը։ Կազմակերպությունը մատնանշում է Սահմանադրության 25-րդ հոդվածը, համաձայն որի՝ «հանրային ծառայության պայմանները սահմանվում են օրենքով»։

ՎԵԻԱ-ն կարծում է, որ պետական ​​հիմնարկներում, այդ թվում՝ ՊՆ-ում աշխատողներին աշխատանքից ազատելու շարունակական գործընթացը չի համապատասխանում օրենսդրությանը և քաղաքական ճնշում է պետական ​​պաշտոնյաների նկատմամբ։

«Գործընթացն իրականացվում է անարդար, ոչ թափանցիկ և դատական ​​պրակտիկայի անտեսմամբ, ինչը ոտնահարում է պետական ​​հատվածի աշխատակիցների իրավունքները: Մասնավորապես, մտահոգիչ է, որ աշխատանքից ազատվածներից ոմանք ստորագրել են եվրոպական ինտեգրացիան աջակցող հայտարարություն, ինչը ակնհայտ խտրականության և խոսքի ազատության ոտնահարման օրինակ է»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

ՎԵԻԱ-ն վարչական մարմիններին կոչ է անում անհապաղ դադարեցնել պետական ​​ծառայողների ապօրինի ազատումը և ապահովել հանրային ծառայողների իրավունքների պաշտպանությունը։

Հանրային հիմնարկներից հարյուրավոր աշխատակիցների հեռացմանը նախորդել են 2024 թվականի դեկտեմբերին «Վրացական երազանքի» կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վատթարացրել են պետական ​​հատվածի աշխատողների իրավունքները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։