Ղազախստանում կործանված «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռը, որի հետևանքով 38 մարդ է զոհվել, խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։ Euronews-ից հետո այս տեղեկությունը տարածում է Reuters գործակալությունը, որը հենվում է չորս աղբյուրների վրա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Ադրբեջանական աղբյուրներից մեկի համաձայն՝ հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռի հաղորդակցությունը էլեկտրոնային պատերազմի համակարգերի հետ կաթվածահար է եղել Գրոզնիին մոտենալիս։
«Ոչ ոք չի ասում, որ դա միտումնավոր է եղել։ Սակայն, հաշվի առնելով հաստատված փաստերը, Բաքուն ակնկալում է, որ ռուսական կողմը կճանաչի ադրբեջանական ինքնաթիռի խոցումը»,- ասել է աղբյուրը։
Reuters-ի երեք այլ աղբյուրներ հաստատել են, որ Ադրբեջանի ղեկավարած հետաքննությունը հանգել է այս նախնական եզրակացությանը:
Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռը հարյուրավոր կիլոմետրերով շեղվել է իր ուղղությունից, հատել Կասպից ծովը և կործանվել Ղազախստանի Ակտաու քաղաքում։
Ռուսաստանի ավիացիոն ծառայության տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել թռչունների հետ բախումը։ Պաշտոնական անձինք չեն բացատրել, թե ինչու է ինքնաթիռը հատել ծովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի պատասխանել Reuters-ի հարցերին, մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին ասել է, որ «վարկածներ կառուցելը սխալ է», քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել։
Ավելի վաղ Euronews-ը, հենվելով Ադրբեջանի կառավարությունում սեփական աղբյուրների վրա, հայտնել էր, որ «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի խոցման պատճառը ռուսական հրթիռն է։ Հրատարակությունը գրել է, որ հրթիռն արձակվել է ինքնաթիռի ուղղությամբ, երբ Գրոզնիի վրա անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է եղել։ Հրթիռը պայթել է ինքնաթիռին մոտ ու վնասել այն։ Ինքնաթիռին թույլ չեն տվել հարկադիր վայրէջք կատարել Ռուսաստանի ոչ մի օդանավակայանում, և նրան հանձնարարվել է Կասպից ծովով թռչել Ակտաու։
Embraer 190 ինքնաթիռում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Նրանցից 38-ը զոհվել են։ Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածներից 25-ը Ադրբեջանի քաղաքացիներ են։
