Թբիլիսիի քաղաքային դատարանը ոստիկանների ցուցմունքների հիման վրա Մարիամ Ցիցիկաշվիլիին օրինախախտ է ճանաչել և տուգանել 700 լարիով։ Վերջինս ռուսական օրենքին աջակցելու համար քննադատել էր պատգամավոր Վիկտոր Ջափարիձեին։ ՆԳՆ-ն քաղաքացուն մեղադրել է մանր խուլիգանության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ականատես ոստիկաններն ասացին, որ ես գոռում էի «ստրուկ» և «դավաճան»։ Ո՛չ իմ հրապարակած տեսանյութում, ո՛չ էլ ՆԳՆ-ի բերած փոքրիկ տեսագրություններում դուք չեք կարող լսել, թե ինչպես եմ ես ասում այս խոսքերը»,- դատավարությունից հետո ասել է Մարիամ Ցիցիկաշվիլին։
Ցիցիկաշվիլին կարծում է, որ նմանատիպ որոշումները ծառայում են վախեցնելու նրանց, ովքեր քննադատական կարծիք են հայտնում ռուսական օրենքի վերաբերյալ։
«Նրանք ցանկանում են, որ այն քաղաքացիները, ովքեր պատգամավորների առաջ ասում են ճշմարտությունը, մատնանշում են, որ իրենց որոշումը խարխլել է Վրաստանի ժողովրդավարությունը և եվրոպական ապագան, վախեցնեն, որպեսզի մյուսները չհամարձակվեն նման բան անել։
Հավանաբար այս ամենը նաև Վիկտոր Ջափարիձեի որոշման արդյունքն է։ Պարոն Վիկտոր, շնորհավորում եմ, ինձ տուգանեցին 700 լարիով, իսկ ամենակարևորը՝ ինձ օրինախախտ հռչակեցին»,- ասել է Ցիցիկաշվիլին։
Որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։
Մարիամ Ցիցիկաշվիլին հունիսի 9-ի լուսադեմին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից վարչական կարգով բերման է ենթարկվել և արձանագրություն կազմելուց հետո ազատ է արձակվել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա վիճել է Վիկտոր Ջափարիձեի հետ և ասել, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքին կողմ քվեարկելու համար պետք է ամաչի։ Ինքը՝ Մարիամ Ցիցիկաշվիլին, տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է միջադեպի մի մասը։
«Դուք այն մարդու կողքին եք, ով ոչնչացրեց Վրաստանի ժողովրդավարությունը, կոճակը երեք-չորս անգամ սեղմելով՝ հրաժարվեց Վրաստանի եվրոպական ապագայից։ Ամենուր պետք է ամաչեք, պետք է ամաչեք»,- դիմել է Մարիամ Ցիցիկաշվիլին Վիկտոր Ջափարիձեին ու նրա կնոջը։ Պատգամավորը նրան անվանել է լկտի ու անդաստիարակ։
Միջադեպն ավարտվել է, երբ ոստիկանությունը ձերբակալել է Մարիամ Ցիցիկաշվիլիին, իսկ նրա ընկերուհուն՝ Իրինա Գուրգենաշվիլիին հեռացրել է թռիչքից։
Մարիամ Ցիցիկաշվիլին «Վրացական բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) աշխատակից է։ Կազմակերպությունը կալանքը գնահատել է որպես հաշվեհարդար և հայտարարել, որ Մարիամ Ցիցիկաշվիլին խոսքի ազատության շրջանակներում, առանց անպարկեշտ ու վիրավորական խոսքերի, դիտողություն է արել Ջափարիձեին։
