ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցները մաքրում են Ռուսթավելիի պողոտան ցուցարարներից։ Նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառվում, մոբիլիզացված են ջրցան մեքենաներ։
ՆԳՆ դիմակավորված աշխատակիցները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիների։ «Մթավարի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է փաստաբան Բեքա Բասիլաիան։
Հանրահավաքի մասնակիցները լրատվամիջոցներին ասում են, որ չեն ցրվելու։ Նրանք փորձում են բարիկադներ կառուցել՝ օգտագործելով աղբամաններ, նստարաններ և այլ իրեր։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներից պահանջում է ձեռք չբարձրացնել քաղաքացիների վրա։ Նրա խոսքով՝ ոչ Ռուսթավելիում, ոչ էլ այլ քաղաքներում ոչինչ չի կատարվում, որը պահանջում է նրանց ներգրավումն ու ճնշումը։
«Պատասխանատվությունը միայն ձերն է և ձեր ղեկավարներինը։ Նրանք նույնպես պետք է մտածեն այդ մասին»,- ասել է նախագահը։
Արդեն երկրորդ օրն է քաղաքացիները բողոքում են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականի վերջը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշման դեմ։ Բողոքի ակցիաներ են անցկացվում նաև մարզերում։
