Թբիլիսիի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին հրաժարական է տվել։ Թբիլիսիի կառավարության նիստից հետո նա ասել է, որ բարոյական պատասխանատվություն է զգում իր տեղակալի գործողությունների համար, ով ձերբակալվել է Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության դեպքի առնչությամբ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Տեղի ունեցած ողբերգության պատճառով իմ տեղակալն այս պահին կալանավորված է։ Ես՝ որպես ծառայության պետ, բնականաբար, բարոյական պատասխանատվություն եմ զգում իմ տեղակալի պաշտոնական գործողությունների համար՝ բոլոր աշխատակիցների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ անհրաժեշտ է հեռանալ պաշտոնից»,- ասել է Գիգա Գիգաշվիլին, ով շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայությունը ղեկավարում է 2017 թվականից։

Գիգաշվիլիի խոսքով՝ նա կհամագործակցի հետաքննության հետ ճշմարտությունը հաստատելու և հասարակության բոլոր հարցերին պատասխանելու համար։

Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի Վակեի զբոսայգու կլոր, նոր վերականգնված շատրվանում երեք երեխա է հոսանքահարվել։ Երեխաները գնդակը գցել են շատրվանի մեջ, ապա մտել ջուրը՝ այն հանելու համար և հոսանքահարվել: 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել է, տուժած անչափահասներից մեկի առողջական վիճակը ծանր էր: Նա հիվանդանոցից դուրս է գրվել հոկտեմբերի 16-ին։

Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ինը մարդ է ձերբակալել։ Ձերբակալվածների թվում են Թբիլիսիի քաղաքապետարանի Շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայության ղեկավարի տեղակալը, «Գրինսերվիս +» ՍՊԸ-ի տնօրեն Լաշա Փուրցվանիձեն և «Մշենէքսպերտ» ՍՊԸ-ի տնօրեն Նուգզար Կիտիաշվիլին։

Քննության տվյալներով՝ չնայած Վակեի այգու կենտրոնական շատրվանի վրա ավարտված աշխատանքներին, բնապահպանության ծառայության պետի տեղակալը խնդրել է «Գրինսերվիս +» ՍՊԸ-ին էլեկտրաշարժիչից դուրս եկող ջրի խողովակները չժանգոտվող սպիտակ կոնստրուկցիայով փաթաթել շատրվանի մեջ։ Ընկերության տնօրեն Լաշա Փուրցվանիձեն հանձնարարել է աշխատանքները կատարել ենթակապալառու «Նյու Մետալ Դիզայն» ՍՊԸ-ին։ Ըստ ՆԳՆ-ի՝ սեպտեմբերի 22-ին էլեկտրաեռակցողները աշխատանքի ընթացքում խախտել են անվտանգության նորմերը, մասնավորապես՝ ջրի խողովակների վրա չժանգոտվող կոնստրուկցիաները տեղադրելու համար հանել են էլեկտրաշարժիչի մետաղյա կափարիչը, և այն նորից ամրացնելիս էլեկտրական լարը մնացել է բետոնե մակերեսի և կափարիչի միջև, ինչի հետևանքով լարը վնասվել է: Քննության տվյալներով՝ «Գրինսերվիս+»-ի տնօրեն Լաշա Փուրցվանիձեն ավարտված աշխատանքը քաղաքապետարան է ներկայացրել առանց համապատասխան ստուգման, իսկ քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության պետի տեղակալն այն ընդունել է առանց համապատասխան ստուգման։

Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ փորձագիտական ​​«Մշենէքսպերտ» ՍՊԸ-ն կեղծ եզրակացություն է պատրաստել, թե իբր ուսումնասիրել է Վակեի այգում «Գրինսերվիս +»-ի կողմից իրականացվող աշխատանքների համապատասխանությունը՝ ըստ Վրաստանում գործող շինարարական նորմերին և կանոնների։ Նշված եզրակացությունը Լաշա Փուրցվանիձեն ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության քաղաքային ծառայություն, որը հիմք է հանդիսացել կողմերի միջև ընդունման և հանձնման ակտի ստորագրման համար։

«Ցավոք, մենք չենք կարող ժամանակը ետ շրջել, և այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է անել ամեն ինչ, որպեսզի նման ողբերգություն երբեք չկրկնվի: Երեխաների ձայնը Թբիլիսիում միշտ պետք է լսվի։ Մարիտայի հիշատակը մեզ նույնպես պարտավորեցնում է դա անել»,- այսօր ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Հասարակության մի մասը Կալաձեին կոչ է անում ստանձնել կատարվածի քաղաքական պատասխանատվությունը և հրաժարական տալ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):