Վարչապետի հետ բանավեճից հետո պատգամավորները Սանիկիձեին ֆիզիկական բռնության են ենթարկել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանական մեծամասնության անդամները ֆիզիկական բռնություն են գործադրել ընդդիմադիր պատգամավոր Գուբազ Սանիկիձեի նկատմամբ՝ վարչապետ Ղարիբաշվիլիի և նրա միջև բանավեճից հետո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Միջադեպի տեսագրությունից երևում է, որ «Վրացական երազանքի» պատգամավորներ Դավիթ Մաթիկաշվիլին, Գիա Բենաշվիլին, Ալուդա Ղուդուշաուրին և այլք նվաստացուցիչ վերաբերմունք են դրսևորում Սանիկիձեի հանդեպ՝ հարվածելով ձեռքերին և բղավելով՝ «դավայ գնա», «ներողություն խնդրիր», «սրիկա»: Մաթիկաշվիլին նաև հայհոյել է Սանիկիձեին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Լևան Բեժաշվիլիին։ Եթե ​​նա չլիներ, չգիտեմ, թե ինչով կավարտվեր։ Խորհրդարանի անվտանգության աշխատակիցները իրենց տեղից չեն էլ շարժվել: 20 հոգով հարձակվել էին ինձ վրա»,- դեպքից հետո ասել է Սանիկիձեն։

Նրա վրա հարձակմանը նախորդել խորհրդարանի լիագումար նիստում տեղի ունեցած բանավեճը։ Իրակլի Ղարիբաշվիլին Գուբազ Սանիկիձեին անվանել է 100 000 դոլարով վաճառված,  «սրիկա», «դավաճան» և «ստոր»։ Սանիկիձեն Ղարիբաշվիլիին հայհոյանքով է պատասխանել։

Իրակլի Ղարիբաշվիլիին, հավանաբար, նյարդայնացրել են Սանիկիձեի խոսքերը, որոնք վերաբերում էին նրան և «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։

«Ընդհանուր առմամբ կոչ եմ անում բոլորին և հատկապես ձեզ, պարոն վարչապետ, ավելի խոնարհ լինել։ Ձեր քաղաքական կազմակերպությունը պնդում է, որ դուք Դավիթ Աղմաշենեբելիի ժառանգներն եք։ Խորհուրդ եմ տալիս երբեմն կարդալ «Երգ զղչանքի»-ն ու կարդալ տալ նաև Բիձինային, քանի որ նա շատ ծույլ է չի սիրում կարդալ, սիրում է լսել։ Ես խորհուրդ եմ տալիս, որ այն դառնա ձեր գրասեղանի գիրքը:

Խոսելով այս երիտասարդների մասին՝ հիշեք մի բան, նրանք դատաստան են կայացրել ձեր փոխարեն, իսկ «երեկը» երբեք չի հաղթել «վաղվան»։ Մի բանում համաձայն եմ ձեզ հետ՝ Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ տրվեր, քանի որ իշխանությունը ժամանակավոր է, իսկ ժողովուրդը՝ հավերժ»,- ասել է Սանիկիձեն խորհրդարանի ամբիոնից։

«Շնորհակալ եմ պարոն Գուբազին խորհրդի համար, բայց այս մարդուն, ով առանձնանում է բազմաթիվ անարդար ու կեղտոտ, չար արտահայտություններով, ուզում եմ ասել հետևյալը: Այս մարդը ժամանակին մեր թիմի անդամ էր, այս մարդը երազում էր միլիոն դոլարի մասին։ Ուզում եմ պատմել, թե ինչպես է այս մարդը ծախվել, ինչպես է վաճառվել Սաակաշվիլիին։ Վաճառվել է 100 հազար դոլարով։ Դու ծախված ես, սրիկա: Դու հոգիդ վաճառած դավաճան ես։ Գուբազ Սանիկիձեի նման դավաճաններն ու ստորները երբեք իշխանության ներկայացուցիչներ չեն լինի այս երկրում։ Թողեք, թողեք: Ինչպե՞ս չես ամաչում, դավաճան։ Դու սրիկա ես ու դավաճան։ Թողեք, իրեն բավական է իր դժբախտությունն ու ողբերգությունը։

Մեր ապակառուցողական, արմատական, ծայրահեղական ընդդիմությունը ժողովրդին առաջարկում է երկրի կործանում, պատերազմ, և ոչ թե եվրոպական, այլ կործանված ապագա։

Ես ուզում եմ ձեզ ասել, պարոն Գուբազ, և Ուսուփաշվիլիի նման այլ դավաճաններին, որ մեր երկրի ապագան օտար երկրների ծառաներինը չէ։ Մեր երկրի ապագան հայրենասերներինն է, մեր հաջորդ սերնդին, ոչ թե քո նման դավաճաններին։ Մեր ժողովուրդը կանգնած է պարզ ընտրության առաջ՝ ծայրահեղական, արմատական ​​ուժը ցանկանում է պատերազմ և երկրի կործանում, մենք ուզում ենք խաղաղություն և երկրի գոյատևում և զարգացում։ Մենք ունենք այս ընտրությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիին խորհրդարան են հրավիրել ընդդիմադիր պատգամավորները հարցապնդման միջոցով։ Պատգամավորների հարցերը վերաբերում էին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի ֆոնին սպառնալիքների ավելացմանը, Վրաստանի պաշտպանական քաղաքականության խնդիրների կատարմանը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ազգային ռազմավարության հաստատմանը, կառավարության գործունեությանը և այլ թեմաների:

 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):