«Վրացական երազանքը» նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի ընթացակարգ է սկսում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի ընթացակարգ է ստեղծում։ Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Կուսակցությունը նախագահին մեղադրում է սահմանադրության կոպտագույն խախտման մեջ, քանի որ չնայած կառավարության մերժմանը, Սալոմե Զուրաբիշվիլին սկսել է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ՝ ի պաշտպանություն Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհման։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այսօր տեղի է ունեցել կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ, ի լրումն այլ հարցերի, քննարկել ենք Վրաստանի նախագահի կողմից Վրաստանի Սահմանադրության կոպիտ խախտման փաստը։

Ինչպես գիտեք, Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է Վրաստանի Սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության սկսել է մի շարք այցեր արտասահմանյան երկրներ։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ միայն Վրաստանի կառավարությունն է իրավասու իրականացնել երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը։ Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի 1-ին կետի «Ա» ենթակետի համաձայն՝ Վրաստանի նախագահը արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ կարող է իրականացնել միայն կառավարության հավանությամբ։ Ըստ այդմ, Սահմանադրության տեքստն անգամ նվազագույն տեղ չի թողնում դրա ոչ միատեսակ մեկնաբանության համար։

Հանրությանը հայտնի է, որ Վրաստանի նախագահն արմատապես տարբեր վերաբերմունք ունի Վրաստանի կառավարությունից այն գործընթացների վերաբերյալ, որոնք կապված են Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հետ։ Մասնավորապես, նրա դիրքորոշումն այն է, որ Վրաստանն անցյալ տարի արժանի չէր թեկնածուի կարգավիճակին։ Ավելին, նրա հայտարարության համաձայն, Վրաստանի խորհրդարանն ու կառավարությունը միայն ֆորմալ առումով են կատարում Եվրամիության պահանջները, ինչը նշանակում է, որ, նրա կարծիքով, Վրաստանն այժմ էլ արժանի չէ թեկնածուի կարգավիճակին։

Նման վերաբերմունքի ֆոնին ակնհայտ է, որ Վրաստանի նախագահի ցանկացած եվրոպական այց հակաարդյունավետ է Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալու տեսանկյունից և ուղղակիորեն հակադրվում է Վրաստանին նշված կարգավիճակ շնորհելու վրացական կառավարության ջանքերին։ Ուստի Վրաստանի կառավարության մերժումը նախագահի կողմից ծրագրված եվրոպական շրջագայությունից արդարացված է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական տեսակետից։

Սալոմե Զուրաբիշվիլին փորձում է մի տեսակ անպարտելի խաղ խաղալ։ Նա մի կողմից գիտի, որ այսօրվա տեսակետից մեծացել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու հեռանկարը, և նա ցանկանում է ինքն իրեն միավորներ հավաքել իրադարձությունների նման հնարավոր զարգացումից։ Մյուս կողմից, նա կփորձի հնարավորինս թույլ չտալ, որ Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ։

Վրաստանի Սահմանադրությունը նախատեսում է դրա խախտմանը արձագանքելու միակ արդյունավետ իրավական մեխանիզմը՝ դա իմպիչմենտն է։ Երեկ և նախօրեին մենք բազմիցս մատնանշել ենք, որ չնայած Սահմանադրության կոպիտ խախտմանը, ստեղծված քաղաքական իրավիճակում՝

անհնար է ավարտին հասցնել իմպիչմենտի ընթացակարգը։ Իմպիչմենտը ավարտելու համար պահանջում է 100 խորհրդարանականի աջակցություն, և, հետևաբար, առանց արմատական ​​ընդդիմության ձայների, այն կատարման հեռանկար չունի։

Սակայն, չնայած դրան, կուսակցության քաղխորհրդի նիստում մենք որոշում կայացրինք Վրաստանի նախագահի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգ սկսել։ Առաջին հերթին դա մեր պարտականությունն է Վրաստանի Սահմանադրության առջև։ Վրաստանի Սահմանադրության կոպիտ խախտումների վրա աչք փակելը խաթարում է օրինական պետականությունը, օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սահմանադրական համակարգը, ինչը մենք չենք կարող թույլ տալ։

Բացի այդ, իմպիչմենտի ընթացակարգը ևս մեկ անգամ կբացահայտի արմատական ​​ընդդիմության և Սալոմե Զուրաբիշվիլիի ընդհանուր օրակարգը, որն ուղղված է Վրաստանի պետական ​​շահերի, այդ թվում՝ Վրաստանի կողմից թեկնածուի կարգավիճակ ստանալու դեմ։

Իմպիչմենտի ընթացակարգ սկսելու համար առաջիկա օրերին կհավաքվեն խորհրդարանական մեծամասնության անդամների ստորագրությունները, իսկ համապատասխան սահմանադրական հայցը կներկայացվի Վրաստանի Սահմանադրական դատարան»,- ասել է Կոբախիձեն։

Սահմանադրական հայց ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 50 պատգամավորի ստորագրություն։ Խորհրդարանական մեծամասնությունն այս փուլում ունի 84 պատգամավոր։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետ ունի իր կարծիքը պատրաստելու համար, իսկ որոշումից հետո նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, ինչը «Վրացական երազանքը» չունի։

«Վրացական երազանքը» Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ Սահմանադրական դատարան էր դիմել նաև անցյալ տարի։ Իշխող կուսակցությունը նախագահի հետ անհամաձայնություն ուներ դեսպանների նշանակման շուրջ։ Մի քանի ամսից կուսակցությունը ետ է կանչել հայցը։

Օգոստոսի 30-ին Վրաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախագահին մերժել են այցելել Ուկրաինա, Գերմանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Բելգիա, Դանիա, Արաբական Էմիրություններ, Իսրայել, Բուլղարիա և Չեխիա, քանի որ երկրի արտաքին քաղաքականության իրականացումը Վրաստանի կառավարության իրավասությունն է։

Կառավարության հայտարարությանը նախորդել էր նախագահի աշխատակազմի տարածած տեղեկությունն այն մասին, որ Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 31-ին Բեռլինում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին հանդիպելով սկսում է հանդիպումներ եվրոպացի առաջնորդների հետ՝ ի աջակցություն Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի շնորհման։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։