Ներքին գործերի նախարարությունը Զուգդիդիի Ջիխաշկարի գյուղում ձերբակալել է 35-ամյա Բադրի Էսեբուային, ով հետախուզվում էր 2020 թվականից՝ «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղի վրա հարձակվելու համար։ Նախարարության տվյալներով՝ Էսեբուայի ձերբակալության վայրից հայտնաբերվել է հրազեն և պարկուճներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
2020 թվականի հոկտեմբերի 21-ին Բադրի Էսեբուան հրազենով և նռնակներով զինված ներխուժել է Զուգդիդի քաղաքի Զվիադ Գամսախուրդիայի անվան պողոտայում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և պատանդ վերցրել 43 մարդու։ Հարձակվողը պատանդներին ազատ արձակելու դիմաց պահանջել է 500 000 դոլար և տարածքն ապահով լքելու երաշխիքներ, հակառակ դեպքում սպառնացել է սպանել պատանդներին։ Բանակցությունները տևել են մոտ յոթ ժամ։ Ուշ գիշերը Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության այն ժամանակվա տնօրեն Ավթանդիլ Գալդավան բերել է փրկագնի գումարը, որից հետո հարձակվողը ոստիկանության տնօրենի ու 3 պատանդների հետ լքել է բանկի շենքի տարածքը։
Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով, փրկագին գումարը՝ կես միլիոն դոլար, վճարել է «Վրաստանի բանկը»։
Բադրի Էսեբուան մեղադրվում է հրազեն և ռազմամթերք ապօրինի գնելու-պահելու և կրելու, ինչպես նաև ահաբեկչական գործողության և ահաբեկչական նպատակով քաղաքացիների պատանդ վերցնելու մեջ։ Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
Բադրի Էսեբուայի եղբայրը՝ Բիձինա Էսեբուան, ում ոստիկանությունը ձերբակալել էր նույն թվականի դեկտեմբերի 12-ին, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Ըստ ՆԳՆ-ի՝ ենթադրություն կար, որ Բիձինա Էսեբուան կապի մեջ է եղել թաքնված եղբոր հետ, և նրան պետք է տարբեր իրեր տար։ Ոստիկանությունը նրա նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում էր իրականացնում՝ տեսողական հսկողություն։ Միջոցառման ժամանակ Բիձինա Էսեբուան փորձել է թաքնվել, ինչից հետո նրան ձերբակալել են։ 2021 թվականի հուլիսին Զուգդիդիի շրջանային դատարանը Բիձինա Էսեբուային մեղավոր է ճանաչել հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի պահման մեջ և դատապարտել 4 տարվա ազատազրկման։ Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ եղբայրն օգնել է Բադրի Էսեբուային թաքնվել։
