Վրաստանի եվրոպական ապագայի համար հանրահավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի Ազատության հրապարակում ավարտվել է ի աջակցություն Վրաստանի եվրոպական ապագայի հանրահավաքը, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Հանրահավաքը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ կազմակերպել էին հասարակական կազմակերպությունները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է հրապարակում հավաքված քաղաքացիներին․ «Ցանկանում եմ ողջունել ձեզ մեծ սիրով և հուզվածությամբ։ Այսօր Վրաստանի պատմության մեջ այն օրերից մեկն է, որը հիշարժան կլինի մեր երեխաների ու թոռների համար։

Ոչ ոք զոռով չի եկել այստեղ, ոչ ոք չի եկել, քանի որ իրեն ասել են՝ «եթե չգաս աշխատանքդ կկորցնես»։ Ոչ մի ուսանող չի եկել, որ իրեն ասել են՝ «եթե չգաս կրթաթոշակ չես ստանա»։

Ազատությունից ավելի թանկ բան չկա։ Չկա ավելի թանկ բան, քան ազատությունն ու խաղաղությունը։ Այսօր այստեղ են վրացիները, ովքեր խաղաղ, արժանապատվորեն ու վրացական քայլերով մուտք են գործում Եվրոպա։ Այսօր, այստեղ է կանգնած վաղվա և երեկվա Վրաստանը։ Երբ ասում եմ երեկվա, ոչ թե սովետական ​​ճիրաններում խորտակված, այլ մեր պապերի ու պատվաբեր պատմության ազատ Վրաստանի մասին է խոսքը։ Այն Վրաստանն ու այս Վրաստանը մեկ են, և երկուսն էլ միասին կմտնեն Եվրոպա»,- ասել է նախագահը։

«Այսօրվա հանրահավաքը, որը միավորում է տասնյակ հազարավոր մարդկանց, հերթական բարձրաձայն կոչն է, որ վրաց ժողովուրդը չի ընդունում ռուս օլիգարխին և չի պատրաստվում նրա հետևից գնալ Ռուսաստան։

Մենք ցանկանում ենք առաջ շարժվել՝ դեպի ուժեղ, ապահով և հարուստ Վրաստան, և մենք, անշուշտ, կհասնենք դրան»,- ասել է «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից Անա Նացվիլիշվիլին։

«Սա վերջին նախազգուշացումն է Բիձինա Իվանիշվիլիին ընտրություններից առաջ, որ վրաց ժողովուրդը չի հրաժարվի եվրոպական ապագայից։

Լսել ենք, թե ինչպես է Իվանիշվիլին սպառնում փոխել Սահմանադրությունը, որոնց թվում, վստահ եմ, նրա չար ծրագրերից մեկն է չեղարկել Սահմանադրության 78-րդ հոդվածը, որը հստակեցնում է եվրաատլանտյան ինտեգրման կարևորությունը։ Նրան դրա հնարավորությունը չի տրվի։ Վրաց ժողովուրդը կպաշտպանի Վրաստանի սահմանադրությունը և եվրոպական ընտրությունն իր ընտրությամբ իրականացնելու հնարավորությունը»,- ասել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան։

Հանրահավաքից առաջ «Վրացական երազանքի» անդամները հոմոֆոբ հայտարարություններով քաղաքացիներին հորդորում էին չմասնակցել հանրահավաքին։

«Ուղղակի դիմում եմ բոլոր ազնիվ քաղաքացիներին, ովքեր մոլորության մեջ են՝ դուք գիտե՞ք, որ այս «Փրայդի» կողքին, այսինքն՝ համասեռամոլների կողքին, այսինքն՝ ԼԳԲՏ համայնքի անդամների հետ միասին ձեզ հրավիրում են զրուցելու Վրաստանի զարգացման և վաղվա օրվա մասին, համաձա՞յն եք սրան։ Կո՞ղմ եք, որ այստեղ օրակարգում լինեն լեսբիները, գեյ ակտիվիստները և նրանց քարոզչությունը։ Այդ դեպքում, համեցեք»,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուան այսօրվա ցույցին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):