Խորհրդարանի մոտ հացադուլ են սկսել նաև շուքրութցի կանայք

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ սեպտեմբերի 11-ից Ճիաթուրայի Շուքրութի գյուղի բնակիչներն անդադար բողոքի ցույց են անցկացնում, երեկվանից հացադուլ են հայտարարել նաև կանայք՝ Վերա Կուպատաձեն, Էթերի Գափրինդաշվիլին, Ասմաթ Նեպարիձեն և Դալի Կուպատաձեն։ Երկու շաբաթից ավելի է՝ շուքրութցի 7 տղամարդ խորհրդարանի մոտ հացադուլ են անում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հացուլ անող կանայք խորհրդարանի դիմաց են տարել 4 փչովի ներքնակ, որոնք օգտագործում են բետոնի վրա պառկելու համար։ Ավելի քան երկու շաբաթ է, ինչ ոստիկանությունը սահմանադրության խախտմամբ ցույցի մասնակիցներին թույլ չի տալիս իրենց վրաններ տեղադրել։

4 ներքնակները փռելուց հետո միանգամից խորհրդարանի շենքի դիմաց մոբիլիզացվել են ոստիկաններ։ Ղեկավար անձինք ցույցի մասնակիցներից պահանջել են անհապաղ հեռացնել ներքնակները։ «Չի կարելի, տարեք այստեղից»,- ասել են ոստիկանները։ Հացադուլավորները մի քանի անգամ դիմել են նրանց՝ պարզաբանելու, թե որ օրենքն է արգելում խորհրդարանի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ներքնակներ օգտագործել։ Ոստիկանները չեն պատասխանել ցույցի մասնակիցներին։

Վրան տեղադրելը կամ ժամանակավոր շինություն կառուցելը հավաքների և արտահայտվելու սահմանադրական իրավունքների մի մասն է, և քաղաքային, վերաքննիչ և գերագույն դատարանները բազմիցս հաստատել են դա։ Չնայած դրան, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիանա Փիլիշվիլին հաշվի չառավ դատարանի միասնական պրակտիկան և ժամանակավոր վճռով մերժեց ակցիայի մասնակիցներին՝ ՆԳՆ-ին հանձնարարելով ոստիկանության միջոցով չխանգարել նրանց և վրաններ տեղադրելու հնարավորություն տալ։ Տուժած շուքրութցիների փաստաբանը սեպտեմբերի 30-ին բողոքարկելու է դատավորի որոշումը վերաքննիչ դատարանում։

Խորհրդարանի մոտ շարունակվող ակցիային մասնակցում է Շուքրութի գյուղում բնակվող 33 ընտանիք։ Նրանք պահանջում են «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ-ից դատական փորձաքննությունների բյուրոյի կողմից հանքաքարի արդյունահանման պատճառած վնասները գնահատել և տուժածներին համարժեք փոխհատուցում տալ, որպեսզի նրանք ապրեն ապահով վայրում։ Մի քանի ամիս առաջ Շուքրութի գյուղի մեջտեղում հսկայական ճեղքեր են առաջացել, ու հողը փլվել է։

Հարևան Իթխվիսի գյուղում, Գոգատիշվիլիների և Մախաթաձեների թաղերում, 2022 թվականի մարտի վերջին մի քանի տներ անցել էին գետնի տակ։ «Ջորջիան Մանգանեզը» հերքել է, որ տեղի ունեցածի պատճառը իրենց գործունեությունն է, և ամեն ինչ բարդել է խորհրդային ժամանակաշրջանում հանքաքարի արդյունահանման և բնական աղետների վրա։ Ընկերությանը աջակցել է նաև պետությունը։ Տեղի իշխանությունները վարձով տներ են տվել անօթևան մնացածներին։ Մի քանի ընտանիք, ովքեր համաձայնել են, ստացել է էկոմիգրանտի կարգավիճակ։

Շուքրութիի բնակիչները վախենում են, որ իրենց գյուղը կարժանանա Իթխվիսիի ճակատագրին, քանի որ ճեղքերն ավելի ու ավելի են խորանում, տներ են վնասվել կամ քանդվել, ապրելը վտանգավոր է, վնասվել են նաև գերեզմանները, եկեղեցին։ Սեպտեմբերին Շուքրութի գյուղի հանրակրթական դպրոցի շենքում ուսումնական գործընթացը չի վերսկսվել։ «Վրաստանի լուրերի» տեղեկություններով՝ ըստ փորձագետի եզրակացության՝ շենքը վտանգավոր է և կարող է փլուզվել։ Համապատասխան գերատեսչությունները չեն հրապարակում փորձագիտական ​​եզրակացությունը։

Շուքրութիի բնակիչները 190 օր շարունակ բողոքի ցույցեր են անում Կորոխնալի և Շուքրութի հանքավայրերում։ Երկու հանքերն էլ փակ են։ Հանքագործների մի մասն իր համերաշխությունն է հայտնել տուժած շուքրութցներին։

«Ջորջիան Մանգանեզը» դատի է տվել ակցիայի մասնակիցներին և պահանջում է տուժածներից հանձնել իրենց տներն ու բակերը, որպեսզի այնտեղ մանգան արդյունահանվի։ Միաժամանակ ընկերության մեկ այլ պահանջն է ակցիայի մասնակիցներին վճարել 5․5 մլն լարի՝ որպես վնասի փոխհատուցում։ «Ջորջիան Մանգանեզի» պահանջով Սաչխերեի դատարանը արգելանք է դրել ցույցի մասնակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականներին պատկանող տներին ու հողատարածքներին։ Ընկերությունը ակցիային մասնակցելու համար աշխատանքից ազատել է 5 հոգու։ Ընկերության պահանջով սկսված հետաքննության արդյունքում ձեռնարկության գործունեությունը ձգձգելու համար քրեական պատասխանատվության են ենթարկվել ակցիայի երեք մասնակից։ Սեպտեմբերի 27-ին Սաչխերեի դատախազությունը ավելի ծանր մեղադրանք է առաջադրել ցույցի կազմակերպիչներից Գիորգի Նեպարիձեի նկատմամբ։ Մեկ օր առաջ Նեպարիձեն հայտարարել էր Թբիլիսիում իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ հոկտեմբերի 20-ին նախատեսված հանրահավաքի մասին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):