Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Գուրջաանիի շրջանի Կաճրեթի գյուղի բնակիչ 55-ամյա Զվիադ Մթավրիշվիլիի մահվան գործով։ Ընտանիքի անդամների խոսքով՝ Զվիադ Մթավրիշվիլին մահից մի քանի օր առաջ ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որի ընթացքում մահացու վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Ըստ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի՝ առկա է պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածներով պաշտպանված իրավունքների խախտում։
Զվիադ Մթավրիշվիլիին ոստիկանությունը ձերբակալել է 2019 թվականի մարտի 22-ին։ Ոստիկանությունից պարզաբանել են, որ տղամարդու անչափահաս զարմուհին զանգահարել է 112 և հայտնել, որ հորեղբայրը պատրաստվում է տանից դուրս հանել իր ընտանիքի անդամներին։ ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել և արգելվել է ցանկացած շփում անչափահասի մոր հետ։
Դեպքից 10 օր անց՝ ապրիլի 1-ին, Զվիադ Մթավրիշվիլիին տարել են Գուրջաանիի հիվանդանոց։ Նա անգիտակից վիճակում է եղել։ Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ նրա մոտ առկա է տրավմատիկ սուբդուրալ արյունազեղում։ Նույն օրը նա տեղափոխվել է Թբիլիսիի Ղուդուշաուրիի կլինիկա, որտեղ ապրիլի 15-ին մահացել է։
Առողջական վիճակի մասին հրապարակված զեկույցում նշվում է, որ Զվիադ Մթավրիշվիլիի մոտ ախտորոշվել է «կոմա, գանգուղեղային փակ վնասվածք, ձախ կիսագնդի տրավմատիկ սուբդուրալ հեմատոմա, գլխուղեղի կոնտուզիա, միջանկյալ կառուցվածքների վնասում, սուր շնչառական անբավարարություն»:
«Ընտանիքի անդամների ու հարազատների խոսքով, մինչ կոմայի մեջ է ընկնելը, Զվիադ Մթավրիշվիլին իրենց ասել է, որ մարտի 22-ին՝ ձերբակալությունից հետո, ոստիկանները կապել են նրա ձեռքերը և դաժան ծեծի ենթարկել»։
«Երբ տուն վերադարձավ, գանգատվեց գլխացավից։ Նրա առողջական վիճակը երկրորդ օրվանից վատացել է։ Նա սկսեց հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ։ Նա բժշկի չգնաց։ Ապրիլի 1-ին, երբ նա կորցրել էր գիտակցությունը, տեղափոխեցինք հիվանդանոց»,- հիշում է մահացածի քույրը։
Ներքին գործերի նախարարությունը՝ Մթավրիշվիլիի մահից անմիջապես հետո, հերքել է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների մասին պնդումները։ Նախարարությունից հայտնել են, որ իրենք դիտել են Կաճրեթիի ոստիկանական բաժանմունքում տեսախցիկի ձայնագրությունները, հարցազրույց են վերցրել Զվիադ Մթավրիշվիլիի հետ անմիջական կապ ունեցած ոստիկաններից, սակայն բռնություն կամ վիրավորանք չի հաստատվել։
Կախեթիի շրջանային դատախազությունը հետաքննություն է սկսել Զվիադ Մթավրիշվիլիի մահվան փաստով՝ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով, որը նշանակում է պաշտոնեական լիազորությունների գերազանցում բռնությամբ կամ զենքի գործադրմամբ։
Մահացածի քույրը տուժող է ճանաչվել 2 տարի անց, իսկ դեպքից երեք տարի անց էլ հետաքննությունը չի ավարտվել։
Ըստ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի՝ քննչական մարմինը չի կարողացել ապահովել համապատասխան փորձաքննություն, իսկ կատարված դատավարական և քննչական գործողությունները բնութագրվում են մի շարք թերություններով։ Ստասբուրգի դատարան ներկայացված բողոքում Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան վիճարկում է, որ պետությունը ոչ միայն խախտել է գործի արդյունավետ և ամբողջական հետաքննություն իրականացնելու պարտավորությունը, այլև, որ Զվիադ Մթավրիշվիլիի մահը, հավանաբար, պետական պաշտոնյաների՝ ոստիկանության աշխատակիցների, գործողությունների անմիջական հետևանք է։