Ամեն ինչ պարզ է, Վրաստանն ու նրա ապագան արդեն հաղթել են․ Նախագահը՝ երթի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Այս օրերին չեմ ուզում ձեզանից «եթե» կամ «որ» լսել։ Ամեն ինչ պարզ է` Վրաստանն այստեղ արդեն հաղթել է, և հաղթել է նրա ապագան»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով Ազատության հրապարակում միացել էր «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Տասնյակ հազարավոր քաղաքացիների առջև իր ելույթի ժամանակ Զուրաբիշվիլին ասել է, որ «այսօր Վրաստանի պատմության մեջ այն օրերից մեկն է, որը կհիշվի մեր երեխաների ու թոռների կողմից»։

«Այսօր ծնվել է թոռս՝ Գաբրիելը։ Ամեն ինչ, հավանաբար, նշան է, որ գալիս է նոր ապագա և նոր Վրաստան։ Վրաստանը, որն այսօր կանգնած է իմ դիմաց, ազատ Վրաստանն է։ Ոչ ոք զոռով չի եկել այստեղ, ոչ ոք չի եկել, քանի որ իրենց ասել են՝ «եթե չգաս, աշխատանքդ կկորցնես»։ Ոչ մի ուսանող չի եկել, քանի որ իրենց ասել են՝ «եթե չգաս, կրթաթոշակ չես ստանա»։

Ազատությունից ավելի թանկ բան չկա։ Չկա ավելի թանկ բան, քան ազատությունն ու խաղաղությունը։ Այսօր այստեղ է հանրությունը, վրացիները, ովքեր Եվրոպա են մտնում խաղաղ, արժանապատվորեն և վրացական քայլերով։

Այսօր, այստեղ է կանգնած վաղվա և երեկվա Վրաստանը։ Երբ ասում եմ երեկվա, ոչ թե սովետական ​​ճիրաններում խորտակված, այլ մեր պապերի ու պատվաբեր պատմության ազատ Վրաստանի մասին է խոսքը։ Այն Վրաստանն ու այս Վրաստանը մեկ են, և երկուսն էլ միասին կմտնեն Եվրոպա»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նա դիմել է Մոլդովայի և Ուկրաինայի նախագահներ Մայա Սանդուին և Վլադիմիր Զելենսկիին, ինչպես նաև Վրաստանի գործընկերներին։ Մոլդովայում անցկացվում են նախագահական ընտրություններ և հանրաքվե՝ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։

«Մայա, հուսով եմ, որ այսօր կլինի ձեր հաղթանակի և եվրոպական հանրաքվեի հաղթանակի օրը։ Մենք միասին ենք մտնելու Եվրոպա։ Նաև ուզում եմ դիմել Վլադիմիր Զելենսկիին և ասել, որ մենք գիտենք, որ նա կպայքարի մեզ համար և կհաղթի, և մենք միասին մտնենք Եվրոպա։

Ուզում եմ դիմել մեր գործընկերներին՝ եվրոպացիներին ու ամերիկացիներին, և ասել, որ մենք այնպիսի գործընկեր և այնպիսի դաշնակից ենք լինելու, որի մասին նույնիսկ երազել հնարավոր չէ, երբ մտնենք Եվրոպա։ Եվ մենք կմտնենք Եվրոպա»,- նշել է Վրաստանի նախագահը։

Հոկտեմբերի 20-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ, տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով երթին։ Վրաստանի և Եվրամիության դրոշներով հինգ տարբեր վայրերից իրականացված երթից հետո քաղաքացիները հավաքվել էին Ազատության հրապարակում, որտեղ անցկացվեց համերգ։ Երթը կազմակերպել էր հասարակական կազմակերպությունների կոալիցիան, որին միացել էին նաև տարբեր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ ու համակիրներ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։