Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ «Վրացական երազանքի» անդամների, պատգամավորների, ոստիկանների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Ինչպես հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ խոսքը 20-30 հոգու մասին է։ Միլլերն ընդգծել է, որ սա պատժամիջոցների ենթարկվածների առաջին մասն է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողություններով, ինչպես նաև վերջինիս հայտարարություններով և հռետորաբանությամբ։ Այս գործողությունները ստեղծում են Վրաստանի եվրոպական ապագան տապալելու վտանգ, հակասում են Վրաստանի Սահմանադրությանը և ժողովրդի կամքին։
Պետքարտուղար Բլինքենը վերջերս հայտարարեց ԱՄՆ-Վրաստան երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների համապարփակ վերանայման մասին: Այս վերանայման շրջանակներում Պետդեպարտամենտն ընդունեց վիզաների արգելքի նոր քաղաքականություն։
Այսօր այս քաղաքականության շրջանակներում մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների համար վիզային արգելք սահմանելու ուղղությամբ։ Սա ներառում է անհատներին, ինչպես նաև նրանց անմիջական ընտանիքի անդամներին, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար՝ այնպիսի գործողությունների միջոցով, ինչպիսիք են խաղաղ հավաքների և արտահայտվելու իրավունքը խարխլելը, խաղաղ ցուցարարների վրա հարձակումը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին վախեցնելը և Վրաստանի կառավարության հրահանգով դիտավորյալ ապատեղեկատվություն տարածելը։ Վիզային սահմանափակումների այս առաջին մասը վերաբերում է «Վրացական երազանք» կուսակցության անդամներին, խորհրդարանի անդամներին, իրավապահներին և առանձին անձանց։
Մենք հուսով ենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն իրենց ազգի վաղեմի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ տանելու համար: Եթե դա տեղի չունենա, ապա ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»,- ասել է Միլլերը։
Պետքարտուղարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ մարդիկ սովորաբար չեն ծանուցվում վիզային սահմանափակումների մասին, բայց նրանք կիմանան, եթե փորձեն մեկնել Միացյալ Նահանգներ։ Ծանուցում կստանան այն անձինք, որոնք ԱՄՆ-ում գտնվելու վավեր վիզա ունեն:
«Կոնկրետ անուններ չեմ կարող նշել։ Վիզայի մասին տեղեկությունները օրենքով գաղտնի են, բայց, ինչպես ասացի, մենք հետաքննել ենք այն մարդկանց, ովքեր զբաղվում են ապատեղեկատվություն տարածելու և ժողովրդավարությունը քայքայող գործողություններով, ովքեր ուժ են օգտագործում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու և քաղաքացիական հասարակության անդամներին վախեցնելու համար: Ինչպես ասացի, սա միայն առաջին քայլն է մեր գործողությունների շարքում, և ես պետք է նշեմ, որ այն միջոցները, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, պարտադիր չէ, որ կապված լինեն այս նոր պատժամիջոցների հետ։ Մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել մնացած բոլոր քայլերը»,- ասել է Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը դեռ ժամանակ ունի շրջելու այն հետագիծը, որով ընթանում է. «Խոսքը միայն նրանց ընդունած օրենքի մասին չէ։ Խոսքը նաև այլախոհությունը ճնշելու մասին է։ Դա վերաբերում է նաև առաջնորդների հայտարարություններին, որոնք մերժում են այն ճանապարհը, որով Վրաստանն այսքան ժամանակ գնում է։ Այնպես որ, իրավիճակը շրջելու համար դեռ ժամանակ կա, և մեր քաղաքականությունը կախված կլինի Վրաստանի կողմից իրականացվող քաղաքականությունից»։