Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Վրացական երազանքի» նախաձեռնած «Համաներման մասին» օրենքը, չնայած այն բանին, որ խորհրդարանի կողմից դրա ընդունումը համարում է «ակնհայտ անուղղակի ընտրակաշառք»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ինչպես հայտարարել են նախագահի աշխատակազմից, Զուրաբիշվիլին հաշվի է առել այն փաստը, որ բազմաթիվ դատապարտյալներ և նրանց ընտանիքները համաներման են սպասում։
«Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանի կողմից համաներման մասին օրենքի ընդունումը ակնհայտ անուղղակի ընտրակաշառք է։ Համաներումն իր էությամբ մարդասիրական արարք է, և, ընդհանուր առմամբ, տեղին է այն ընդունել ընտրությունների ավարտից հետո կամ ընտրություններից շատ առաջ»,- նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Խորհրդարանը սեպտեմբերի 17-ի լիագումար նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ, 84 ձայնով ընդունեց «Վրացական երազանք» խմբակցության նախաձեռնած «Համաներման մասին» օրենքի նախագիծը։ Այն նախատեսում է համաներման հետևյալ ձևերը․ քրեական պատասխանատվությունից և պատժից լրիվ ազատում, պատժաչափի ½-ով, ¼-ով և 1/6-ով կրճատում և պայմանական պատժի մեկ տարով կրճատում պրոբացիայի շահառուների համար։
Ինչպես հայտնել է օրինագծի հեղինակներից, Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին, ավելի քան 1000 բանտարկյալ կլքի ՔԿՀ-ն։
«Ընդհանուր առմամբ, համաներումը, տարբեր ձևերով, կվերաբերի ավելի քան 5000 բանտարկյալների և մոտավորապես 22000 պրոբացիայի շահառուների։ Օրենքի ընդունումից անմիջապես հետո 7000 մարդ կլքի պրոբացիոն համակարգը։ Ի վերջո, պատժից լրիվ կամ մասնակի ազատումը կվերաբերի քրեական օրենսգրքի շուրջ 300 հոդվածներով նախատեսված հանցագործությունների»,- ասել է Իոնաթամիշվիլին։
Ընդդիմությունը չի սատարել «Համաներման մասին» օրենքին։ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Թեոնա Աքուբարդիայի խոսքով՝ համաներումը արդարացի չէ և այն չի տարածվում այն քաղաքացիների վրա, ովքեր ձերբակալվել են ռուսական օրենքի դեմ ցույցերի ժամանակ։ Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր, «Լելոյի» անդամ Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է, որ իշխող կուսակցության նախաձեռնած համաներումը «մի քանի հազար ձայն գնելու» նպատակ ունի։
