Չինական հանցախումբը թայլանդացի կանանց փակել է Վրաստանում «ձվաբջջի ֆերմայում», այս մասին հայտնել են թայլանդական լրատվամիջոցները այն բանից հետո, երբ կանանց և երեխաների տեղական հիմնադրամը՝ Pavena Foundation-ը, օգնության համար դիմել է կառավարությանը: Այս հարցով հետաքննություն է ընթանում նաև Վրաստանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 4 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
Ինչպես նշում է The Nation-ը, հիմնադրամի նախագահ Պավենա Հոնգսակուլը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում կանանց պահում են իրենց կամքին հակառակ, իսկ նրանց ձվաբջիջները վաճառվում են չինական հանցախմբի կողմից։ Տուժածներին սկզբում խոստացել են օրինական փոխնակ մայրություն, սակայն հետո նրանց զրկել են ազատությունից և ստիպել հանձնել իրենց ձվաբջիջները: Նրանցից, ովքեր հրաժարվում են տալ իրենց ձվաբջիջները, ազատ արձակման դիմաց պահանջում են վճարել 70 000 թայլանդական բաթ կամ մոտ 6000 լարի։
Ըստ հիմնադրամի ղեկավարի՝ ինքը կանանցից մեկից է իմացել կանանց վիճակի մասին։ Նան [ինչպես նրան անվանում է The Nation]-ը կարողացել է վերադառնալ Թայլանդ անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին այն բանից հետո, երբ նրա ընտանիքը գումար է փոխանցել հանցախմբի ղեկավարի բանկային հաշվին: Նա հիմնադրամին դիմել է սեպտեմբերի 27-ին։
Ըստ Նայի պատմածի, նա Facebook սոցիալական ցանցում է հանդիպել Վրաստանում աշխատանքի հնարավորությունների մասին հայտարարությանը․ կանանց առաջարկել են 400 000-ից 600 000 բաթ (մոտ 33 000-ից 50 000 լարի) որպես աշխատավարձ։ Էջի ադմինիստրատորը բացատրել է նրան, որ աշխատանքը ներառում է օրինական փոխնակ մայրություն Վրաստանում, և որ միջնորդը կհոգա բոլոր ծախսերը, այդ թվում՝ անձնագրի և ճանապարհի ծախսերը:
Անձնագիրը ստանալուց հետո Նան, 10 այլ կանանց և խմբի ղեկավարի հետ մեկնել է Վրաստան։ Խմբի ղեկավարը 11 հոգուց յուրաքանչյուրին տվել է 500-ական դոլար՝ Ներգաղթի ծառայության աշխատակիցներին համոզելու համար, որ նրանք զբոսաշրջիկներ են։ Խումբը նախ ժամանել է Հայաստան, որտեղ երեք օր մնացել են հյուրանոցում։ Կնոջ պատմածի համաձայն՝ նրանց տարել են զբոսաշրջային տարբեր վայրեր՝ լուսանկարվելու համար, ինչը խարդախ ծրագրի մի մասն է եղել։ Չորրորդ օրը նրանք մուտք են գործել Վրաստան և գիշերել հյուրանոցում, որից հետո խմբի ղեկավարը խլել է նրանց անձնագրերը։ Նույն օրը կանանց տեղափոխել են չորս տներից բաղկացած համալիր։ Նան տեղավորվել է առաջին տանը, որտեղ գտնվել են մոտ 60 թայլանդուհիներ։ Նրանցից շատերը առողջ տեսք չեն ունեցել և ասել են, որ ցանկանում են տուն վերադառնալ:
Հաջորդ օրը Նային տեղափոխել են մեկ այլ տուն, որտեղ, ըստ նրա, մոտ 10 այլ թայլանդացի կանայք են եղել փակված: Նրա կարծիքով, բոլոր չորս տներում միասին մոտ 100 կին է եղել։ Նա հիշել է, որ չինացի տղամարդիկ հաճախ են այցելել շենք։
Նան այլ կանանցից է իմացել, որ չնայած փոխնակ մայրության խոստմանը, ոչ մի ծնող չի եկել իրենց հետ պայմանագիր կնքելու համար: Փոխարենը կանանց ստիպել են ամեն ամիս ձվաբջիջների հանման պրոցեդուրա անցնել, իսկ ձվաբջիջները գնում էր հանցախումբը:
The Nation-ը գրում է, որ հարկադիր ձվաբջիջների հանման պրոցեդուրան ներառում է հորմոնալ խթանում և ինվազիվ բժշկական պրոցեդուրա, որը զգալի առողջական վտանգներ է պարունակում։ Հոդվածում նշվում է, որ կանանց մեծամասնությունը ի վիճակի չէ վճարել փրկագինը, և ստիպված են ամեն ամիս կլինիկայում ձվաբջիջների հանման պրոցեդուրաներ անցնել:
Կանանց հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ ինքը կապվել է ոստիկանության արտաքին կապերի բաժնի հետ և Ինտերպոլի հետ համաձայնեցված՝ հունվարի 30-ին Թայլանդ են վերադարձել ևս երեք կին։
Հիմնադրամը կոչ է անում Թայլանդի կառավարությանը շտապ օգնություն խնդրել չինական ավազակախմբի դեմ պայքարում:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Բանգկոկի Ինտերպոլից ստացված նամակի հիման վրա քրեական ոստիկանությունում հետաքննություն է ընթանում մարդկանց թրաֆիքինգի հոդվածով (Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մաս):
Ներքին գործերի նախարարությունն այսօր՝ փետրվարի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ փորձաքննություններ, տարբեր վայրերի խուզարկություններ։
«Մոտ 70 օտարերկրյա քաղաքացիներ հարցաքննվել են, սակայն նրանցից ոչ մեկը, բացի 3 թայլանդացի կանանցից, բողոք չի ունեցել։ Հարցաքննված 3 թայլանդացի կանայք բացատրել են, որ այլևս չեն ցանկանում փոխնակ մայրեր լինել և մնալ իրենց բնակության հասցեում: Նույն օրը իրավապահները բոլոր երեք կանանց տեղափոխել են թրաֆիքինգի զոհերի ապաստարան և համապատասխան իրավական ընթացակարգերը կատարելուց հետո նրանք լքել են երկիրը»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՆԳՆ-ի՝ ոստիկանությունը հարցաքննել է նաև օտարերկրյա 4 քաղաքացու [թե որ երկրի՝ չի նշվում-խմբ.], ովքեր փոխնակ մայրության նպատակով Վրաստան են բերել Թայլանդի քաղաքացիների։
«Իրավապահները որպես ապացույց առգրավել են նրանց բջջային հեռախոսները, որոնցից տեղեկություն է քաղվել։ Վերոնշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է», - հայտնում են ՆԳՆ-ից։
Վրաստանում փոխնակ մայրությունն արգելված չէ։ 2023 թվականին «Վրացական երազանքի» կառավարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը ներառում էր բժշկական օգնությամբ վերարտադրության հետ կապված կանոնների խստացում։ Մասնավորապես, պետք է արգելվեր «առևտրային փոխնակ մայրությունը», վերարտադրողական բջիջների/հյուսվածքների կամ սաղմերի նվիրատվության դիմաց ֆինանսական օգուտ ստանալը, ինչպես նաև առևտրի միջոցով ստացված վերարտադրողական բջիջների օգտագործումը։ Նոր կանոնակարգերը պետք է ուժի մեջ մտնեին 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն փոփոխությունների փաթեթը խորհրդարանում մնաց չքննարկված։