Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները, հայտարարում է, որ այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով` ցանկանում ենք հանրությանը տեղեկություն տրամադրել սահմանային ներգաղթի վերահսկողության «Դարիալ» ծառայությունում տիրող իրավիճակի մասին.
Հունիսի 24-ի դրությամբ սահմանային անցակետում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Այս պահի տվյալներով՝ որևէ ուղղությամբ ուղևորահոսքի և տրանսպորտային միջոցների հոսքի աճ չի գրանցվել։
Իրավիճակը լիովին վերահսկվում է ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից, ստեղծված իրավիճակը վերլուծվում է և այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա»,- ասված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ հաշվի առնելով Ռուսաստանից արտագաղթի հնարավոր նոր ալիքները՝ սահմանը պետք է խստորեն վերահսկվի։ Ընդդիմությունը կառավարությանը կոչ է անում հրավիրել Ազգային անվտանգության խորհուրդ և փակել Ռուսաստանի հետ ցամաքային և օդային սահմանները։ Նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ սպառնալիքն իրական է, իսկ Վրաստանի պետական սահմանը՝ Լարսի անցակետը, ամենամոտն է էսկալացիայի գոտուն։
«Կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը հրավիրել Անվտանգության խորհուրդ և պաշտպանել երկրի շահերը։ Հաշվի առնելով անկանխատեսելի իրավիճակը և պետության անվտանգությունը պաշտպանելու համար՝ Ռուսաստանի հետ սահմանները պետք է ժամանակավորապես փակվեն... Խաղաղությունը պահպանելու համար անհրաժեշտ է ժամանակին գործել»,- հայտարարել է Գիորգի Գախարիան։
Հունիսի 23-ին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «Վագների» ճամբարները ռմբակոծելու մեջ և խոստացել «արդարության երթ» սկսել։ Նրա խոսքով, 25 հազար «վագներցիներ» պատրաստվում են պարզել, թե «ինչու է այս անկարգությունը տեղի ունենում երկրում»։
«Ռուսաստանի ռազմական ղեկավարության բերած չարիքին պետք է վերջ դրվի»,- ասել է Պրիգոժինը։ Նա հանդիպում է պահանջում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։
Այս պահին «Վագները» վերահսկում է ռազմական օբյեկտները Դոնի Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, այդ թվում՝ օդանավակայանը։
Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո այսօր առավոտյան քաղաքացիներին է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Պրիգոժինի գործողությունները գնահատել է որպես «դանակի հարված թիկունքից» և խոստացել, որ բոլորը, ովքեր «բռնել են դավաճանության ճանապարհը», կպատժվեն «անխուսափելի պատժով»։
«Ով կազմակերպել և նախապատրաստել է ռազմական ապստամբություն, ով զենք է բարձրացրել իր ծառայակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին՝ դրա համար պատասխան է տալու։ Կոչ եմ անում նրանց, ում փորձում են ներքաշել այս հանցագործության մեջ, չանել ճակատագրական ու ողբերգական սխալ, կատարել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել հանցավոր գործողություններին մասնակցելը»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի կառավարությունը հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարել Մոսկվա քաղաքում, Մոսկվայի և Վորոնեժի շրջաններում։ Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հեղաշրջման փորձի մեղադրանքով քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ։
