Բաթումիի քաղաքային դատարանում ընթանում է Batumelebi և Netgazeti առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը։ Նախադատական նիստը նախագահում է դատավոր Վիկտոր Մետրևելին, ով կորոշի Ամաղլոբելիին նախնական կալանքի տակ պահել-չպահելու հարցը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 3 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 4 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
- 5 Փետրվարի 28-ից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Նիստերի դահլիճում ներկա են Մզիա Ամաղլոբելիի գործընկերները, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ։ Նիստին մասնակցում է նաև Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին։
«Մզիա Ամաղլոբելին ապօրինի բանտարկյալ է։ Այսօր փաստաբանները կրկին միջնորդություն կներկայացնեն նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատարանը և այս կառավարությունը պետք է քաղաքական բանտարկությունից ազատեն Մզիա Ամաղլոբելիին։ Սա փորձություն կլինի դատավոր Մետրևելիի համար, և ես վստահ եմ, որ որոշում կայացնելիս նա կմտածի այն դատավորների, գործի այն մասնակիցների մասին, ովքեր արդեն պատժամիջոցների են ենթարկվել», - ասել է Նեթգազեթիի խմբագիր Նեստան Ցեցխլաձեն։
Վիկտոր Մետրևելին Բաթումիի քաղաքային դատարանի քրեական բաժնի դատավոր է նշանակվել մոտ երկու ամիս առաջ՝ անցյալ տարվա դեկտեմբերին։ Նա նախկինում դատավոր աշխատելու փորձ չի ունեցել, 2023 թվականի սեպտեմբերին հանձնել է դատավորի որակավորման քննությունը քրեական իրավունք մասնագիտությամբ։
Արդարադատության բարձրագույն խորհրդի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Վիկտոր Մետրևելին 2014-2022 թվականներին եղել է Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի օգնական, իսկ 2023-ին՝ գլխավոր խորհրդական և դատավորի օգնական։ Դրանից հետո նա աշխատել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանում որպես դատավորի օգնական։ Մինչ Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր նշանակվելը, նա մեկ տարի սովորել է Արդարադատության բարձրագույն դպրոցում։
Երեկ՝ մարտի 3-ին, Լիտվան և Էստոնիան վիզային սահմանափակումներ են մտցրել Մզիա Ամաղլոբելիի գործով դատավորների, դատախազների և ոստիկանների նկատմամբ։
Լիտվայի ԱԳՆ-ի տվյալներով՝ պատժամիջոցների ենթարկված անձանց թվում են նրանք, ովքեր «կեղծ ցուցմունք են տվել լրագրող Մզիա Ամաղլոբելիի դեմ և նպաստել նրա ապօրինի ձերբակալմանը»։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների ենթարկված անձանց թվում է նշել Մզիա Ամաղլոբելիի գործով դատախազներ Վլադիմիր Թուրմանիձեին և Թոռնիկե Գոգեշվիլիին,
գործով տուժող ճանաչված Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն, Աջարիայի ոստիկանապետ Գրիգոլ Բեսելիան և նրա տեղակալ Դավիթ Աթաբեգաշվիլին, Բաթումիի ոստիկանապետի տեղակալ Գոչա Վանաձեն, ինչպես նաև Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Սախելաշվիլին և Քութայիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Մալխազ Օկրոպիրաշվիլին, որոնց որոշմամբ Մզիա Ամաղլոբելին գրեթե երկու ամիս է, ինչ կալանքի տակ է։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են վարչության օժանդակ շենքի պատին բողոքի պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետի վրա հարձակվելու մեղադրանքով։
Իրավապաշտպանները պնդում են, որ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։
Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Ապօրինի ձերբակալվելուց հետո նա 38 օր շարունակ հացադուլ է արել՝ ի նշան բողոքի։
