Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Դեյվիդ Լամմը հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Միացյալ Թագավորությունը անհապաղ դադարեցնում է կառավարության ծրագրային աջակցությունը, սահմանափակում է համագործակցությունը պաշտպանության ոլորտում և նվազեցնում ներգրավվածությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Լամմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնության ցնցող տեսարաններն անընդունելի են և պետք է դադարեցվեն։
«Այդ գործողությունները վնասում են Վրաստանի միջազգային դիրքերին և հակասում են եվրոպական ապագայի նկատմամբ Վրաստանի սահմանադրական պարտավորությանը։
Հաշվի առնելով ներկա իրադարձությունները՝ Միացյալ Թագավորությունը անհապաղ դադարեցնում է ծրագրային աջակցությունը Վրաստանի կառավարությանը, սահմանափակում է համագործակցությունը պաշտպանության ոլորտում և կրճատում է «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ շփումները՝ մինչև եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից նահանջը չդադարի։
Միացյալ Թագավորությունը կշարունակի լինել Վրաստանի ժողովրդի կողքին և աջակցել իր երկրի ապագան ընտրելու նրա իրավունքին»,- ասված է հայտարարության մեջ։
Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չմտցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը, որին հաջորդել են զանգվածային բողոքի ցույցեր երկրում։
Բողոքի 11 օրերի ընթացքում ոստիկանական ուժերը բազմիցս ցրել են երկրի եվրոպամետ կողմնորոշման փոփոխության դեմ բողոքող քաղաքացիներին։ Հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել թե՛ հանրահավաքի մասնակիցներին, թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ավելի քան 400 մարդ ձերբակալվել է։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել վրաց ժողովրդին՝ միաժամանակ դատապարտելով ցուցարարների նկատմամբ ավելորդ ուժի կիրառումը։
Կրեմլից ողջունում են «Վրացական երազանքի» առաջնորդների որոշումները, և նրանց նման Վրաստանի իրադարձությունները համեմատում՝ 2014 թվականին Ուկրաինայում Մայդանի հեղափոխության հետ։
