Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վարշավայում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո ասել է, որ Ուկրաինայում շարունակվող «պատմական պայքարի» վերջին փուլում, երբ գա բանակցությունների ժամանակը, միջազգային հանրությունը չպետք է կրկնի այն սխալները, որոնք թույլ են տրվել Վրաստանի դեպքում և Ղրիմի օկուպացիայից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ռուսաստանը կա՛մ պետք է կանգնի և հաշտվի այն փաստի հետ, որ նա, ինչպես և մյուս քաղաքակիրթ երկրները, ունի իր սահմանները և իրավունք չունի իր ուժերը տեղակայել այլ երկրների տարածքներում, կա՛մ վերադառնա էքսպանսիային և իր որոշ իմպերիալիստական մտադրություններին։
Հենց այս պատերազմի արդյունքն է, որ իսկապես կփոխի աշխարհը, և չպետք է արվի հին սխալը, հին տեսլականը, որ ինչ-որ մեկը պետք է մտածի Ռուսաստանի զգացմունքների մասին։ Ոչ, բոլորը պետք է հոգ տանեն այն փոքր ու մեծ երկրների զգացմունքների մասին, որոնք այսքան ժամանակ հարևան են Ռուսաստանին և չեն ստացել անվտանգության տարրական երաշխիքը, որը կոչվում է՝ իմ սահմանն իմն է, քո սահմանը քոնը լինի և դուք պետք է համակերպվեք ձեր սահմանի հետ»,- ասել է Զուրաբիշվիլին Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում։
Ըստ Զուրաբիշվիլիի, Վրաստանը գիտի, թե ինչ գին է վճարում Ուկրաինան ազատության և անկախության համար, քանի որ Վրաստանը վճարել է այս գինը 1921, 1992 և 2008 թվականներին.
«Բոլոր այն դիրքորոշումները, որոնք ես հայտնել եմ, իմ անձնական դիրքորոշումը չէ, այլ ամբողջ Վրաստանի բնակչության դիրքորոշումը՝ Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի հետ։ Հիմա բոլորս գիտենք, որ Վրաստանը չունի ներուժ ներքաշվելու այս պատերազմի մեջ, և դա ճիշտ չի լինի, բայց դա չի նշանակում, որ տնտեսապես և սոցիալական առումով ողջ հասարակությունը չի աջակցում Ուկրաինային։ Ցանկանում եմ, որ բոլորը տեսնեն, թե ինչպես է վրացական համերաշխությունն արտահայտվում Վրաստանի և Թբիլիսիի փողոցներում»։
Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել վրացի մարտիկներին՝ «որոնք իրենց կամքով և նվիրումով ներգրավված են մեր բարեկամ և եղբայր ուկրաինացիների կռվի մեջ։ Մենք 33 վրացի ենք կորցրել, և նրանց հիշատակը անմահ է լինելու»։
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Լեհաստանին եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի երկարաժամկետ աջակցության համար։
«Մենք երախտապարտ ենք և գիտենք, որ եթե չլիներ Ուկրաինայի պայքարը, մեր, Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն ինտեգրման ճանապարհն այսքան արագ չէր լինի։ Մենք իսկապես պետք է ձեզ շնորհակալություն հայտնենք դրա համար: Վրաստանը որդեգրեց եվրոպական հեռանկար: Դա շատ բան է նշանակում։ Ավարտվեց հին տեսակետի մնացորդը, որը կոչվում էր աշխարհագրական մոտեցում, և քննարկումը` Վրաստանը Եվրոպա՞ էր, թե՞ ոչ, ավարտվեց։ Մեզ եվրոպական հեռանկար է տրվել։ Հաջորդ փուլն այն կարգավիճակն է, որը, ցավոք, չկարողացանք ստանալ առաջին փուլում՝ Ուկրաինայի ու Մոլդովայի հետ միասին։ Դրա համար տարբեր պատճառներ կային, բայց մենք պետք է վերադառնանք դրան: Մենք գիտենք, որ այս դեպքում նույնպես կարող ենք հույս դնել մեր բարեկամ Լեհաստանի աջակցության վրա, ինչպես որ ստացել ենք Լեհաստանի աջակցությունն այն ամենում, ինչ վերաբերում է մեր եվրաինտեգրման ճանապարհին։ Սա մեր բնակչության 80 տոկոսի ցանկությունն է։ Վերջին 30 տարում բնակչության այս թիվը չի փոխվել, և մենք շարունակելու ենք այս ճանապարհը, և գիտենք, որ Լեհաստանը մեզ կաջակցի նաև հաջորդ քննարկումներում»։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի նման դիրքորոշումը ռուսական ներկայիս ագրեսիայի վերաբերյալ հատկապես կարևոր է, քանի որ Վրաստանն ինքը ռուսական ագրեսիայի զոհ է։
«Մենք Ուկրաինային տրամադրում ենք ամեն տեսակի օգնություն, այդ թվում՝ ռազմական, քանի որ այժմ անհրաժեշտ է, որ Ուկրաինան պաշտպանվի ռուսական ագրեսիայից։ Վերջին մի քանի տասնյակ ժամվա ընթացքում Ուկրաինայի վրա դեռևս խոշոր հարձակումներ են իրականացվում։ Ռուսաստանը ռմբակոծում է Ուկրաինայի տարածքը, իսկ Ուկրաինան մեծ դիմադրություն է ցույց տալիս։ Ռուսաստանը պետք է լքի Ուկրաինայի տարածքը, Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը:
Մենք գիտենք, որ ազատ, անկախ երկրներն աջակցում են Ուկրաինային, և մենք հույս ունենք, որ Ռուսաստանը շուտով կպարտվի և կվերադարձնի այն տարածքները, որոնք գրավել է ոչ միայն Ուկրաինայում, այլև այլ երկրներում։ Այս հարցը կվերաբերի նաև Վրաստանի օկուպացված տարածքներին»,- ասել է Անջեյ Դուդան։
Նրա խոսքով, Լեհաստանն աջակցում է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին. «Մենք հույս ունենք, որ Վրաստանը կստանա կարգավիճակ, կլինի Եվրամիության լիիրավ անդամ, ինչպես նաև կմիանա ՆԱՏՕ-ին»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում։