Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և հարցաքննության է կանչել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Ինչպես հայտնել են Գլխավոր դատախազությունից, քննության հիմք է հանդիսացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բողոքը։ Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 1643-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտրակեղծիքներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և զանգվածային լրատվության միջոցներով հանրային տարածքում տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ, ինչի պատճառով, օրենքով սահմանված կարգով՝ Վրաստանի նախագահը այս տարվա հոկտեմբերի 31-ին կանչվել է քննչական գերատեսչություն։
Վրաստանի դատախազությունը կկատարի բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, ինչպես նշված է ԿԸՀ-ի դիմումի մեջ, միաժամանակ՝ Վրաստանի նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից հնչեցված փաստերն ուսումնասիրելու նպատակով։ Այդ թվում, հետաքննության շրջանակներում կհարցաքննվեն բոլոր այն անձինք, ովքեր կարող են տիրապետել ենթադրյալ հանցավոր փաստի հետ կապված տեղեկությունների»,- հայտարարել է Գլխավոր դատախազությունը։
ԿԸՀ-ն երեկ՝ հոկտեմբերի 29-ին, դիմել է դատախազություն։ Ընտրական վարչությունը կարծում է, որ նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարությունները ընտրակեղծիքների վերաբերյալ փաստարկներից զուրկ են և «անհիմն մեղադրանքներով» փորձում են վնասել ԿԸՀ-ի վարկանիշը։
«Նշված քաղաքական գործիչների կողմից ընտրությունները «հնարավոր կեղծելու» մեղադրանքներն արդեն լայն մասշտաբներ են ստացել։ Որպեսզի պարզվի, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը Վրաստանի նախագահի, քաղաքական գործիչների կամ որևէ շահագրգիռ անձի ընտրակեղծիքների մասին տարածած տեղեկատվությունը, անհրաժեշտ է համալիր և օբյեկտիվ հետաքննություն անցկացնել, որը դուրս է ընտրական վարչակազմի իրավասություններից։ Ելնելով վերոգրյալից՝ դիմում ենք Վրաստանի դատախազությանը վերոնշյալ հայտարարությունների առնչությամբ սկսել և իրականացնել հետաքննություն»,- ասված է ԿԸՀ-ի բողոքում։
ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» (11%), «Միասնություն. ազգային շարժում» (10%), «Ուժեղ Վրաստան» (8.8%) և «Գախարիան հանուն Վրաստանի» (7,7%)։ Նրանց հիմնական պահանջներից մեկը միջազգային հետաքննությունն է։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքում ընդդիմադիրները բարձրաձայնեցին միջազգային ընտրական վարչության կողմից նոր ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծված են»։ Նրա խոսքով՝ օգտագործվել են «կեղծիքի բոլոր հայտնի ռեսուրսները», այդ թվում՝ նոր տեխնոլոգիաները։