ԵՄ-ն ընտրություններն ուսումնասիրելու համար առաքելություն կուղարկի Վրաստան և կչեղարկի կառավարությանը տրվող 121 միլիոնի օգնությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրոպական միության արտաքին գործերի խորհուրդը, որը բաղկացած է անդամ երկրների արտաքին գործերի նախարարներից, քննարկել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո զարգացումները՝ կենտրոնանալով երկրում ժողովրդավարական անկման և դրա հետևանքների վրա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նիստից հետո Խորհրդի նախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելն ասել է, որ «Վրացական երազանքի» առաջնորդները երկիրը հեռացրել են Եվրամիության ճանապարհից՝ դրանով իսկ դեմ գնալով վրաց ժողովրդի ձգտումներին և երկրի նպատակներին։

«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի, իսկ դա ջանքեր է պահանջում։ Մենք առաքելություն ենք ուղարկելու Վրաստան։ Կքննարկենք խախտումները։ Ընտրությունները պետք է հետաքննվեն։ Կառավարությունը կոնկրետ գործողություններով պետք է վճռական փոփոխություններ կատարի։ Վրաստանը չի կարող առաջ շարժվել առանց Եվրամիության հետ հարաբերություններում ուժեղ փոփոխությունների։

Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավարին կհրավիրենք Վրաստան՝ անդամ երկրներին ընտրախախտումների վերաբերյալ իր գնահատականը ներկայացնելու համար։ Մենք կհրավիրենք Խորհրդի քաղաքական և անվտանգության հանձնաժողովի նիստ, որպեսզի անդամ երկրներն իմանան, թե ինչի մասին է խոսքը, երբ խոսում ենք ընտրությունների հետ կապված այս խախտումների մասին:

Ես կցանկանայի վրաց ժողովրդին կրկնել այն, ինչ ասացի անցյալ տարի Վրաստան կատարած այցի ժամանակ. Եվրամիության դուռը բաց է մնալու Վրաստանի համար, բայց Վրաստանի կառավարության կուրսը, երբ խոսքը վերաբերում է օրենքը հարգելուն և հիմնարար սկզբունքների պահպանմանը, այդ թվում՝ ընտրությունների անցկացման ձևին, հեռացնում է Վրաստանը Եվրամիության ինտեգրման ճանապարհից», - ասել է Ջոզեֆ Բորելը։

Բորելի խոսքով՝ առաքելությունը, որը նախատեսվում է ուղարկել Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ուսումնասիրելու համար, լինելու է քաղաքական և տեխնիկական առաքելություն։

«Սա տեխնիկական առաքելություն է, որի նպատակն է տեղում վերլուծել այս վիճելի ընտրությունների հետ կապված բոլոր հանգամանքները։

Վիճարկված ընտրությունները, որոնք դարձել են նախագահի մակարդակով վիճարկվող, անշուշտ, Եվրոպայում հստակ մտահոգություններ են առաջացնում դեպի ոչ ժողովրդավարական իրավիճակներ գնալու վերաբերյալ:

Այդ խախտումները պետք է ստուգվեն ու վերլուծվեն։ Ահա թե ինչի համար են տեխնիկական առաքելությունները։ Մենք կքննարկենք այս խիստ վիճահարույց ընտրությունների հետ կապված բոլոր մեղադրանքները և բոլոր հանգամանքները: Ես ձեզ այլ բան չեմ կարող ասել, ես միայն ասում եմ, որ Վրաստանի ժողովրդի ժողովրդավարական նկրտումները պետք է բավարարվեն, և անհրաժեշտ է լույս սփռել բոլոր այն հանգամանքների վրա, որոնք տեղի են ունեցել այս ընտրությունների ժամանակ։ Բայց չեմ կարող կանխատեսել այն աշխատանքի արդյունքները, որոնք կկատարվեն»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Բորելը։

Եվրամիության բարձր ներկայացուցիչը խոսել է նաև Վրաստանի կառավարությանը տրամադրվող օգնության դադարեցված մասին։

«Մենք չեղարկել ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Վրաստանի զինված ուժերին տրամադրվող օգնությունը։ Մենք նաև վերացրել ենք 121 միլիոն եվրոյի աջակցությունը Վրաստանի կառավարությանը, որն ուղղակիորեն գնում էր Վրաստանի կառավարությանը և կհատկացվի այն ծրագրերին, որոնք անմիջականորեն օգուտ են բերում քաղաքացիական հասարակությանը և վրաց ժողովրդին:

Մենք կուսումնասիրենք բոլոր այն խախտումները, որոնք դատապարտվել են, հրավիրելու ենք ԺՀՄԻԳ-ի ղեկավարին՝ ընտրությունների դիտորդական առաքելությանը, որպեսզի մեզ բացատրի, թե ինչ է կատարվում։ Որպես անհապաղ միջոց՝ մենք որոշել ենք չեղարկել ֆինանսական աջակցությունը»,- ասել է Բորելը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։