Ես դեմ եմ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի կրկին ներկայացմանը․ Ստոլտենբերգ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դեմ է «Վրացական երազանքի» կողմից «օտարերկրյա գործակալների» կամ «օտարերկրյա ազդեցության» մասին օրինագծի կրկին օրակարգ բերելուն։ Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ օրենքը իրականում կազդի լրատվամիջոցների վրա և կխաթարի ժողովրդավարությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Քեթևան Քարդավան ապրիլի 4-ին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում այս թեմայի վերաբերյալ հարց է ուղղել Ստոլտենբերգին.

«Հարցը վերաբերում է Վրաստանին և խորհրդարանում թափանցիկության և արտաքին ազդեցության մասին կրկին ներկայացված օրենքի նախագծին։ Իշխող կուսակցության անդամները և կառավարության պաշտոնյաներն ասացին, որ ամեն ինչ թափանցիկության և հասարակության առջև հաշվետու լինելու մասին է: Կարո՞ղ եք ավելին ասել և բացատրել, թե ինչու է ՆԱՏՕ-ում մտահոգիչ օրենքի նախագիծը, ըստ որի կազմակերպությունները պետք է ամեն տարի ներկայացնեն իրենց ֆինանսական հաշվետվությունները»,- այսպես է ձևակերպել հարցը լրագրողը, ինչին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է․

«Ես դեմ եմ Վրաստանի կառավարության՝ օտարերկրյա գործակալների կամ արտաքին ազդեցության մասին օրինագիծը կրկին ներկայացնելու ցանկացած փորձի, քանի որ այն իրականում հակասում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ողջ ջանքերին:

Վրաստանը պետք է աշխատի բարեփոխումների վրա՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը մերձենալու համար։ Ըստ այդմ, Եվրամիությունը նույնպես շատ հստակ էր այս հարցում։ Ես ընդամենը մի քանի շաբաթ առաջ էի Թբիլիսիում և իմ հիմնական ուղերձներից մեկը վերաբերում էր բարեփոխումների կարևորությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Վրաց ժողովուրդը նաև հասկացրեց, որ ցանկանում է ունենալ ժողովրդավարական, բարեկեցիկ ապագա եվրոպական և եվրատլանտյան ընտանիքում:

Այնպես որ, ցանկացած օրենք, որը ներդնում է օտարերկրյա գործակալի այս գաղափարը, որը վախենում եմ, որ իրականում կազդի բազմաթիվ լրատվամիջոցների վրա, ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Վրաստանում գործող, խաթարում է Վրաստանի՝ ավելի ուժեղ ժողովրդավարական հասարակություն դառնալու ամբողջ գաղափարը»,- ասել է Ստոլտենբերգը։

«Վրացական երազանքի» կողմից այսպես կոչված գործակալների մասին օրենքի վերադարձը քննադատության է ենթարկվել նաև Եվրամիության կողմից։ Արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Վրաստանի իշխանություններին հիշեցրել է 1-ին և 9-րդ հանձնարարականները, ըստ որոնց՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը երկրում և դիմակայեն ԵՄ-ի և նրա արժեքների դեմ ուղղված ապատեղեկատվությանը։

«Վրացական երազանքը» մտադիր է, որ խորհրդարանը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը երեք ընթերցմամբ էլ ընդունի այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքը, որը մերժվել է 2023 թվականի մարտին բողոքի ակցիաների և միջազգային ճնշման պատճառով։ Օրենքի նախագծի տեքստը լինելու է նույնը, միայն «օտարերկրյա ազդեցության գործակալը» կփոխարինվի «օտարերկրյա ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն նշել է, որ նույնիսկ ավելի մեծ բողոքի դեպքում, քան նախորդ տարի էր, օրինագիծը հետ չի կանչվի։

Մինչ այժմ «Վրացական երազանքի» ղեկավարները հայտարարում էին, որ չեն վերադառնա օրենքի նախագծին, և այս հարցը փակված է։ Կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կողմ է ռուսական օրենքի կրկին նախաձեռնմանը։

Նման օրենսդրություն Ռուսաստանում ընդունվել է 2013 թվականին, և դրա նպատակը ոչ թե թափանցիկությունն է, այլ կառավարության գործունեությունը քննադատող մարդկանց կամ կազմակերպությունների ճնշումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։