Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ է քննարկել երկրորդ ժամկետով պաշտոնավարումը՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում, երբ իրեն հարցրել են, թե ինչպիսին կլինի իր անձնական քաղաքական ապագան նախագահական մանդատի ավարտից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Իլիայի պետական համալսարանին ավտորիզացիա է տրվել մեկ տարի հետո մոնիտորինգի պայմանով
- 2 Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց մեր բարեկամներին, որպեսզի կանգնի Մոսկվայի կողքին․ Զուրաբիշվիլի
- 3 «Մենք ուժ կգտնենք մեր մեջ, որպեսզի ներողություն խնդրենք». Իվանիշվիլին՝ 2008 թվականի պատերազմի մասին
- 4 Հոկտեմբերին վրաց ժողովուրդը հնարավորություն կունենա հեռացնել խաբեբաներին․ սենատոր Ռիշ
- 5 ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»
- 6 Ես պատրաստ եմ ստանձնել մեծ պատասխանատվություն, ներառյալ երկրորդ ժամկետով. Զուրաբիշվիլի
«Ես պատրաստ եմ մեծ պատասխանատվություն ստանձնել, ներառյալ երկրորդ ժամկետով, Վրաստանին եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։ Եթե իմ կողմից առաջարկված խարտիան կյանքի կոչվի, ես պատրաստ եմ լինել մեր եվրոպացի գործընկերների հետ բանակցող»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահի խոսքով՝ «Վրացական խարտիան», որը ստորագրվել է ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնության կողմից, հիմնված է եվրոպական առաջարկությունների վրա, որոնք վերջին երկու տարում Վրաստանին ներկայացրել է Եվրամիությունը՝ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու շրջանակներում։
«Հանձնարարականներ՝ կապված դատական իշխանության և, ընդհանրապես, երկրի բոլոր ինստիտուտների անկախության, ընտրական օրենսգրքի բարեփոխման հետ։ Այն նախատեսում է չեղյալ համարել վերջին տարիներին ընդունված օրենքները, որոնք դեմ են Եվրամիության հետ մերձեցմանը, անտեսելով Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածը, ըստ որի՝ երկրի կառույցները պետք է ամեն ինչ անեն Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ապահովելու համար։ Գաղափարն այն է, որ մինչև հաջորդ գարուն հնարավոր կլինի ԵՄ-ին ցույց տալ, թե ինչ է արվել հանձնարարականները բավարարելու համար, որպեսզի իրավունք ստանանք սկսել անդամակցության բանակցությունները»,- ասել է նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը կանգնած է էկզիստենցիալ ընտրության առաջ՝ կհետևի իր եվրոպական ճակատագրին հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններով, կամ կվերադառնա Ռուսաստանին ծառայելուն՝ Պուտինի ռեժիմի օրինակով։
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքը իզուր չէր կոչվում ռուսական օրենք. հենց այս օրենքով Պուտինը հնազանդեցրեց իր քաղաքացիական հասարակությանը, և վրացական իշխանությունների գործողությունները միանգամայն համահունչ են նրան, ինչ անում է Պուտինը իր մոտ:
Վրաստանի կառավարությունը փորձում է երկիրը կտրել Եվրոպայից և այն տեղավորել Ռուսաստանի պրոտեկտորատի տակ։ Անցյալ տարվա գարնանը զանգվածային ցույցերով բնակչությունը հրաժարվեց այս օրենքից և այս ուղղությունից, որը փորձում են մեր վզին փաթաթել։ Հիմա դա պետք է ապացուցեն ընտրություններում։
Վրաստանի կառավարության կողմից Մոսկվայի հետ մերձենալու շատ հստակ ընտրություն կա։
Դա պարզ դարձավ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Այդ ժամանակից ի վեր արևմտյան երկրների դիվանագիտական կորպուսի դեմ հարձակումները համակարգված ձև են ստացել։ Կառավարությունը հրաժարվեց իր պատմական արևմտամետ դիրքորոշումից՝ հօգուտ Մոսկվայի հետ կապերի։ Հենց այս պատճառով է, որ ռուս առաջնորդները պարբերաբար շնորհավորում են վրացի գործընկերներին իրենց որոշումների և հայտարարությունների կապակցությամբ։ «Դա իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» միակ նախաձեռնությունն է, թե Կրեմլի ճնշումը, դժվար է ասել, բայց պարզ է, որ այդ քաղաքականությունը թելադրված է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից, ում հարաբերությունները Մոսկվայի հետ ամենա ոչ թափանցիկն են»,- ասել է նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թվականի դեկտեմբերին։ Նա ուղիղ ընտրված վերջին նախագահն է, իսկ նոր նախագահն ընտրվելու է ընտրական կոլեգիայի կողմից 5 տարի ժամկետով, առանց բանավեճի, գաղտնի քվեարկությամբ։ Նախագահական ընտրությունները կանցկացվեն նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանից հետո 45 օրվա ընթացքում։ Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոլեգիան ներառում է 300 ընտրող՝ ներառյալ խորհրդարանի բոլոր անդամները, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինները։ Մյուս ներկայացուցիչներ նշանակվում են համապատասխան քաղաքական կուսակցությունների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների՝ սակրեբուլոների կազմից՝ ըստ սահմանված քվոտաների։ Ընտրությունների առաջին փուլում ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի առավելագույն ձայներ, բայց ոչ պակաս, քան ընտրողների ընդհանուր թվի մեծամասնությունը։