Երեկ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքին ներկա են գտնվել ԵՄ երկրների խորհրդարանների բարձրաստիճան անդամները։ «Մենք Եվրոպա ենք» կարգախոսով հանրահավաքը կազմակերպել էր ընդդիմությունը, որին մասնակցել են հազարավոր մարդիկ։
«Ես և իմ գործընկերները շատ ուրախ ենք վերադառնալ Թբիլիսի՝ Եվրոպայի իրական մայրաքաղաք»,- հանրահավաքի մասնակիցներին դիմել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, նշելով, որ Վրաստանի կառավարությունը քննադատում է նրանց երկրի ներքին գործերում «միջամտության համար»։
«Ձեր պետության նախագահի հետ հանդիպումը միջամտությո՞ւն է։ Քաջ տիկնոջ հետ, ով ձեզ հետ կռվում է Վրաստանի քաջ ու հպարտ ապագայի համար: Ձեզ հետ հանդիպումը միջամտությո՞ւն է։ Հպարտ երկրի քաղաքացիների հետ, ովքեր պայքարում են եվրոպական արժեքների, ժողովրդավարության, արդար ու ազատ ընտրությունների համար։ Սա միջամտություն չէ։ Սա միասնական ապագա է միասնական Եվրոպայում։ Մենք այստեղ ենք ձեզ քաջալերելու, աջակցելու։ Սիրելի ընկերներ, մի հանձնվեք։ Մենք ձեզ հետ ենք, հայտնում ենք մեր համերաշխությունը։ Մենք բոլորս պատմության նույն կողմում ենք եվրոպական ազատության և ռուսական իմպերիալիզմի դեմ պայքարում։ Եթե դուք հաղթեք, մենք կհաղթենք: Եթե դուք փրկվեք, մենք էլ կփրկվենք»,- ասել է Ռոթը։
Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև Ֆինլանդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Յուկա Կոպրան, Շվեդիայի խորհրդարանի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Էրիկ Օտոսսոնը, Լեհաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի անդամ Միհաու Կամինսկին և Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ և Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավլիոնիսը։
«Ինչ-որ մեկը փորձում է խլել ձեր ազատությունը, ձեր ժողովրդավարությունը, ձեր երկիրը, ձեր անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Պայքարե՛ք ձեր ազատության, ձեր ժողովրդավարության, ձեր երկրի համար։ Պայքարեք ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ձեր անդամակցության համար և հիշեք, որ ԵՄ-ին միանալու Օրբանի ճանապարհ չկա: Չկա ռուսական երազանք, կա եվրոպական երազանք, և դուք այս Եվրոպայի մի մասն եք»,- ասել է Պավիլիոնիսը։
Թբիլիսիում են գտնվում ԵՄ 8 երկրների խորհրդարանականների պատվիրակությունը։ Օրվա ընթացքում նրանք հանդիպել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Եվրոպացի պատգամավորները ցանկանում էին հանդիպել նաև «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ խորհրդարանում, սակայն խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նրանց մերժել էր։
