Ընդդիմությունը եվրոպացի պատգամավորների հետ քննարկել է նաև ԿԸՀ բարձրաստիճան պաշտոնյաներին պատժամիջոցների ենթարկելու հարցը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ 8 երկրների բարձրաստիճան խորհրդարանականների պատվիրակության հետ։ Հանդիպումից հետո վրացի քաղաքական գործիչները նշել են, որ հիմնական քննարկվող թեմաները եղել են ընտրությունների միջազգային հետաքննությունն ու պատժամիջոցները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նրանք կողմ են, որ այս երկիրը դառնա ազատ աշխարհի անդամ։ Սա, ի թիվս այլ բաների, հոկտեմբերի 26-ին երկրի բնակչության մեծ մասի արտահայտած կամքն էր, որը հիմա փորձում են խլել։ Ասվեց, որ ոչ թե դադարեցվել է Վրաստանի եվրաինտեգրումը, այլ նաև այն, որ կկորցնենք այն օգուտները, որոնք այժմ ստանում է երկիրը Եվրոպայի հետ կապված։ Դրանք են՝ ազատ առևտուրը, առանց վիզայի ճանապարհորդությունը, թեկնածուի կարգավիճակը և այլն։ Այս ամենը հիմա հարցականի տակ է։ Եվրոպական ինտեգրացիան ոչ թե կանգ է առել, այլ մենք ետ ենք գնում»,- ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» ներկայացուցիչ Զուրաբ Ջափարիձեն։

Նույն կոալիցիայի մեկ այլ անդամ Էլենե Խոշտարիայի խոսքով, դիտարկվում են «Վրացական երազանքի» վրա ճնշում գործադրելու և Եվրամիությունում վրաց ժողովրդին աջակցելու «բացարձակապես բոլոր մեխանիզմները»։ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան նշել է անհատական ​​պատժամիջոցները «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ, ինչպես նաև առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր կասեցումը։

«Առանց վիզայի ճանապարհորդությունը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը կարող են ընդունել ԵՄ անդամ երկրները, քանի որ տեսնում են, որ Իվանիշվիլիի իշխանությունն ամբողջությամբ շեղվել է ԵՄ ճանապարհից։ Դուք գիտեք, որ Եվրամիության պահանջներից մեկն արդար ու ազատ ընտրություններն էին, և մենք տեսանք, որ հոկտեմբերի 26-ին այդ սկզբունքն ամբողջությամբ խախտվեց»,- ասել է Թինա Բոկուչավան։

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Անա Դոլիձեի խոսքով՝ քննարկվում է ԿԸՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։

«Նրանք տեղյակ են կեղծիքի, համակարգային կեղծիքի մակարդակից։ Խոսքն այն մասին էր, թե ինչ կարող է անել այսօր Եվրամիությունը, որպեսզի «Վրացական երազանքը» գնա նոր ընտրությունների և այս ընտրությունները միջազգայնորեն չճանաչվեն։ Խոսքը կոնկրետ անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին էր, տվյալ դեպքում՝ նաև ԿԸՀ աշխատակիցների ու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց ղեկավարությամբ է կատարվել կեղծիքը։

Խոսքը վերաբերում էր բոլոր մեխանիզմներին, միջազգային հետաքննությանը, որն իրական է, նոր են ձևավովրում, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ, քանի որ մենք խնդրում ենք միջազգային հետաքննություն անհապաղ, շուտ, քանի որ փետրվարին, մարտին արդեն ուշ է լինելու։ Իրավական առումով հետաքննության բազմաթիվ գործիքներ կան, դա կարող է անել Եվրախորհրդարանը, Եվրահանձնաժողովը, ԵԱՀԿ-ն։ Խոսքը տնտեսական միջոցառումների մասին է. մեզ համար կարևոր է շարունակել օգնել մարդկանց։ Եվրամիությունը պատրաստ է, այժմ բյուրոկրատիան պետք է աշխատի այս ամենն իրականացնելու համար»,- ասել է Դոլիձեն։

Վրաստանում են Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։ Նրանք մտահոգություն են հայտնել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Ինչպես ասել է Բունդեսթագի պատգամավոր Միխայել Ռոթը, քանի դեռ լույս չի սփռվել ընտրությունների վրա, Եվրամիությունը չի կարող դրանք լեգիտիմ ճանաչել։

Պատվիրակության անդամներին հյուրընկալել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, իսկ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժարվել է մասնակցել նրանց հանդիպմանը։ Նա պատվիրակության անդամներին մեղադրում է «Եվրոպայի անունից անկարգություններ սերմանելու», ընտրություններին միջամտելու և երկրի սահմանադրությունն անտեսելու մեջ։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը (1 120 011 ընտրող)։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
  • «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
  • «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
  • «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրություններն «ամբողջովին կեղծվել են»։ 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։