ԵՄ երկրների գրադարաններից թանկարժեք գրքեր գողանալու մեղադրանքով Վրաստանում կազմակերպված հանցավոր խմբի 4 անդամ է ձերբակալվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Գլխավոր դատախազության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է 19-րդ դարում հրատարակված ֆրանսերեն գիրք, որը ենթադրաբար գողացվել է Փարիզի ազգային գրադարանից։
Հանցավոր ցանցի բացահայտման մասին տեղեկությունը տարածել է նաև Եվրոպական միության երկրների քրեական իրավունքի ոլորտում համագործակցության մարմինը։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ
«Հանցավոր խումբը եվրոպական մի քանի երկրներում գողացել է հավանաբար պատմամշակութային բարձր արժեք ներկայացնող 170 գիրք։ Գողացված գրքերի գնահատված արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո և գրված են այնպիսի հայտնի ռուս գրողների կողմից, ինչպիսիք են Պուշկինը, Գոգոլը և Լերմոնտովը։
Eurojust-ը նշում է, որ վրացական ծագում ունեցող հանցագործները գրադարաններ թալանել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիտվայում, Լեհաստանում, Լատվիայում, Էստոնիայում և Շվեյցարիայում։
Վրաստանի դատախազության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի քաղաքացիները 2022 թվականի սկզբից ստեղծել են կազմակերպված հանցավոր խմբավորում և մտադրվել են քողարկված կերպով ամբողջ Եվրոպայում ձեռք բերել 19-րդ դարի տարբեր հեղինակների թանկարժեք գրքեր՝ հետագա վաճառքի համար։ Գործի նյութերի համաձայն՝ նրանք օգտագործել են կեղծ անձը հաստատող փաստաթղթեր, մտացածին անուններ և նախապես պատրաստված կեղծ գրքերի նմուշներ՝ բնօրինակները փոխարինելու համար։
«Ըստ նախապես ծրագրված հանցավոր ծրագրի՝ կազմակերպված խմբի անդամները Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և Չեխիայի ազգային և համալսարանական գրադարաններից կարդալու համար պետք է վերցնեին 19-րդ դարի դասական գրողների գրքերը, որոնք գաղտնի ձեռք բերելուց հետո կփոխարինեին բնօրինակ գրքերի բարձրորակ կրկնօրինակներով։
Վերոնշյալ հանցավոր սխեմայի համաձայն՝ կազմակերպված խմբի անդամները 2022-23 թթ.-ին եվրոպական տարբեր քաղաքների գրադարաններից գաղտնի տիրացել են հարյուր հազարավոր եվրո արժողությամբ գրքերի»,- հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով (գողություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և առանձնապես խոշոր չափերով): Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է 6-ից 10 տարվա ազատազրկում։
Գործով հետաքննությունը շարունակվում է։
Եվրոպական երկրների գրադարաններից արժեքավոր գրքերի գողության մասին տեղեկությունները օտարերկրյա լրատվամիջոցներում տարածվում էր դեռևս անցյալ տարվանից։
