Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը հայտարարել է, որ Վեհաժողովը լքելու վրացական պատվիրակության որոշումը վտանգ է ներկայացնում երկխոսության համար, որը կարող է բարելավել Վրաստանում ժողովրդավարական չափանիշները։
«Ես ցավում եմ վրացական պատվիրակության՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու որոշման համար այն բանից հետո, երբ Վեհաժողովը քվեարկեց պատվիրակության մանդատը որոշակի պայմաններով վավերացնելու օգտին: Դա վտանգ է ներկայացնում երկխոսության համար, որը կնպաստի Վրաստանում ժողովրդավարական չափանիշների առաջխաղացմանը»,- ասել է Թեոդորոս Ռուսոպուլոսը։
Հունվարի 29-ին Վեհաժողովը ճանաչել է վրացական պատվիրակության անդամների մանդատները, թեև սահմանափակել է նրանց մի շարք իրավունքներ։ Սա ներառում է ԵԽԽՎ 9 հանձնաժողովներից 5-ի անդամությունից զրկելը և ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք չունենալը։
Լատվիացի պատգամավոր Զանդա Կալնինա-Լուկաշևիցայի զեկույցի վրա հիմնված բանաձևում Վեհաժողովը հայտարարել է, որ այն իր ապրիլյան նստաշրջանում կվերանայի վրացական պատվիրակության հավատարմագրերը՝ հաշվի առնելով մի շարք հարցերի շուրջ ձեռք բերված առաջընթացը։ Այդ հարցերի թվում են.
- Միջազգային խիստ մոնիտորինգի ներքո անցկացվող «նոր իսկապես ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների» կազմակերպում, պետական ինստիտուտների և ընտրական վարչակազմի քաղաքական անկախություն,
- Անհապաղ և արդյունավետ քայլերի ձեռնարկում՝ «Վրաստանին հնարավորություն տալու վերսկսել եվրաինտեգրման գործընթացը»,
- Անհապաղ վերջ տալ ոստիկանության դաժանությանը և մարդու իրավունքների խախտումներին,
- Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում մինչև Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանը։
Վրացական երազանքի խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ծուլուկիանիի գլխավորած վրացական պատվիրակությունը անընդունելի է համարել ԵԽԽՎ-ի վերապահումները և, ի նշան բողոքի, դադարեցրել է իր մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին։
