Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 14 հոգուց բաղկացած ցուցակը, որոնց նկատմամբ վիզային սահմանափակում է մտցվել «վրաց ժողովրդի դեմ չարդարացված ուժ կիրառելու և ժողովրդավարությունը խարխլելու համար»։ Գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլիին և Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորներին, ովքեր քննարկել են բողոքի ակցիաների ժամանակ ապօրինի ձերբակալվածների գործերը, արգելվել է մուտք գործել Էստոնիա։
Երեկ Էստոնիան ընդլայնել է դեկտեմբերի 2-ին ընդունած վիզային պատժամիջոցների ցանկը։ Պատժամիջոցի ենթարկված Վրաստանի 25 քաղաքացիների թվում, բացի բարձր քաղաքական պաշտոնյաներից, ներառվել են նաև իրավապահներն ու «Վրացական երազանքի» առաջնորդները։
Դեկտեմբերի 15-ին Էստոնիայի կողմից պատժամիջոցների ենթարկվածների թվում են՝
- Իրակլի Կոբախիձե - Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ,
 - Մամուկա Մդինարաձե - «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար, ոչ լեգիտիմ խորհրդարանի անդամ,
 - Կախա Կալաձե - Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար,
 - Թեա Ծուլուկիանի - ոչ լեգիտիմ խորհրդարանի անդամ,
 - Դիմիտրի Սամխարաձե - ոչ լեգիտիմ խորհրդարանի անդամ,
 - Գրիգոլ Լիլուաշվիլի - Պետական անվտանգության ծառայության պետ,
 - Գիորգի Գաբիտաշվիլի - Վրաստանի գլխավոր դատախազ,
 - Կոկա Կացիտաձե - Հատուկ քննչական ծառայության պետ,
 - Կոբա Չագունավա - Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայի դատավոր,
 - Լելա Միլդենբերգեր - Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայի դատավոր,
 - Լելա Ցագարեիշվիլի - Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայի դատավոր,
 - Մանուչար Ցացուա - Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայի դատավոր,
 - Նինո Էնուքիձե - Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայի դատավոր,
 - Զվիադ Ցեկվավա - Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիայի դատավոր։
 
Դեկտեմբերի 2-ին Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի, ՆԳ փոխնախարարներ Շալվա Բեդոիձեի, Իոսեբ Չելիձեի, Ալեքսանդր Դարախվելիձեի և Գիորգի Բութխուզիի, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի («Խարեբա») և նրա տեղակալներ՝ Միլլեր Լագազաուրիի և Միրզա Կեզևաձեի, պարեկային ոստիկանության բաժնի տնօրեն Վաժա Սիրաձեի, քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեի նկատմամբ։
Էստոնիայի հետ համաձայնեցնելով՝ Լիտվան նույնպես վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 28 պաշտոնյաների նկատմամբ։
Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը Էստոնիայի և Լիտվայի կառավարությունների որոշումը գնահատել է որպես «հակավրացական քայլ» և հայտարարել, որ «համապատասխան միջոցներ» չի ձեռնարկի։ Կառավարության վարչակազմի տարածած հայտարարության համաձայն՝ այս երկրներն «այսօր ունեն ամենասահմանափակ ինքնիշխանությունը Եվրամիությունում», և նրանց կառավարությունները «գործում են ոչ թե իրենց սեփական ժողովրդի շահերին համապատասխան, այլ օտար երկրի վարչակազմի թելադրանքով»։
																
                  