Սորոսի հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Ղրղզստանում այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ ուժի մեջ է մտել այսպես կոչված «օտարերկրյա ներկայացուցիչների մասին» օրենքը։ Դա նման է Ռուսաստանում գործող «օտարերկրյա գործակալների» օրենքին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Բաց հասարակության հիմնադրամների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նոր օրենքը սահմանում է անհամաչափ և անհարկի սահմանափակումներ միջազգային հանրության կողմից ֆինանսավորվող տեղական կազմակերպությունների գործունեության վրա:
«Սորոս-Ղրղզստան» հիմնադրամը հիմնադրվել է Բաց հասարակության հիմնադրամների կողմից 1993 թվականին և, ինչպես կարդում ենք հայտարարության մեջ, վերջին 30 տարիների ընթացքում ծախսել է ավելի քան 115 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու նախկին խորհրդային երկրում տարբեր նախագծերին՝ աշխատելով ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության հետ։
«Այս նախագծերն աջակցել են կրթության և հանրային առողջության, նոր թվային տեխնոլոգիաների հասանելիության, քրեական արդարադատության և իրավական օգնության բարեփոխումների և շատ այլ նախաձեռնություններին: Հիմա երկրի շահերից բխող նման բարեխիղճ գործողությունները անարդարացիորեն կպիտակավորվեն որպես «օտար ներկայացուցիչներ»։ Մենք խորապես ցավում ենք, որ կազմակերպությունն այլևս չի կարողանա շարունակել գործունեությունը, և որ նոր ռեպրեսիվ օրենքը կհանգեցնի քաղաքացիական հասարակության գործունեության անորոշության և վախի պայմաններում», - ասվում է Բաց հասարակության հիմնադրամների հայտարարության մեջ:
«Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններն ընդունվել են Ղրղզստանի խորհրդարանի կողմից մարտին, իսկ ապրիլի սկզբին ստորագրվել Հանրապետության նախագահի կողմից։ Փոփոխությունների համաձայն՝ օտարերկրյա ներկայացուցիչների ռեգիստրում պետք է գրանցվեն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք միջոցներ են ստանում արտասահմանյան աղբյուրներից և մասնակցում են քաղաքական գործունեության։ Իշխանությունները նշում են, որ օրենքը նպատակ ունի ապահովել ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ օտարերկրյա ներկայացուցիչների գործառույթները կատարող շահույթ չհետապնդող կազմակերպությունների և արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորվող շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը։
Նախագահ Սադիր Ջաֆարովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ղրղզստանում գործող հասարակական կազմակերպությունները «30 տարի ոչ մի տեղ գրանցված չեն եղել» և «ոչ մեկին չեն զեկուցել»։
«Նրանք բացել են միայն բանկային հաշիվներ, գումար են ստացել օտարերկրյա դոնորներից և օգտագործել այն, ինչպես հարմար է գտնում, այդ թվում՝ անձնական նպատակներով։ Նրանք այսուհետ, ինչպես բոլորը, կգրանցվեն արդարադատության նախարարությունում և կսկսեն աշխատել բաց»,- ասել է նախագահը։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ստեղծվել է ռուսական օրենքի հիման վրա։ Factcheck.kg-ի հետաքննող լրագրողները պարզել են, որ օրինագիծը 69%-ով պատճենված է ՌԴ օրենքից։
Ռուսաստանի փորձը ցույց է տալիս, որ 2012 թվականին այս օրենքի ընդունումից հետո երկրում գործող կազմակերպությունները, որոնք ստացել են օտարերկրյա դրամաշնորհներ, ստիպված են եղել փակվել։