Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը, ի պատասխան գերմանական ներդրումների միտումի հետ կապված հարցին, ասել է, որ «Հայդելբերգ ցեմենտի» նման խոշոր ներդրողը լքել է Վրաստանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 5 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 6 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
«Վերջին տվյալների մասին տեղեկություն չունեմ։ Ենթադրում եմ, որ միտումը նվազում է, և ես կանխատեսում եմ, որ այն կնվազի, եթե Վրաստանն էլ ավելի հեռանա ԵՄ-ից։ Սա պարզապես շատ հետաքրքիր չէ գերմանացի ներդրողների համար։ Սա փոքր շուկա է, որը ինտեգրված չէ մեկ այլ մեծ շուկայի հետ։ Վրաստանը մեր մեծ քաղաքների չափն ունի, այդպես չէ՞։ Եվ այս պահին նույնիսկ ներդրումը կարևոր չէ։ Մենք ունենք մի քանի ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում այստեղ՝ ոչ շատ մեծ ծավալներով և ոչ շատ բարձր ավելացված արժեքով գործունեությամբ։
Նույնիսկ այնպիսի ընկերություն, ինչպիսին «Հայդելբերգ ցեմենտն» է, լքել է վրացական շուկան։ Դա մեր ամենամեծ ներդրումներից մեկն էր։ Նա վաճառեց իր բաժինը։ Այնպես որ միտումը լավ չէ»,- ասել է Ֆիշերը «Բիզնես մեդիա»-ին տված հարցազրույցում։
Դեսպանի խոսքով՝ երբ Վրաստանը դադարեց շարժվել եվրաինտեգրման ճանապարհով, եվրոպական շատ բիզնեսներ վերանայեցին իրենց ծրագրերը և ասացին, որ գուցե չարժե ներդրումներ կատարել։
Սակայն, ըստ Պիտեր Ֆիշերի, Վրաստանում գրանցված տնտեսական աճը Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով ձեռք բերված անսպասելի շահույթ է, որը երկար չի տևի։
«Ես նկատեցի, որ Վրաստանում ասում են. «Մենք ունենք այնպիսի բարձր [տնտեսական] աճի տեմպեր, ավելի բարձր, քան զզվելի եվրոպացիները, գերմանացիներն ընդհանրապես չունեն տնտեսական աճ, իսկ վրացիներս 10 տոկոս աճ ունենք»։ Սա Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից ձեռք բերված անսպասելի շահույթ է: Այս տեսակի շահույթը երկար չի տևում:
Ես կառուցվածքային շատ խնդիրներ եմ տեսնում։ Մարտահրավեր եմ տեսնում լարիի արժեքի հետ կապված։ Ես տեսնում եմ բորսաներում տեղաբաշխված վրացական ընկերությունների բաժնետոմսերի գների տատանումները։ Կարծում եմ՝ ձեր կառավարության պարտքի համեմատաբար մեծ բաժինը սուբսիդավորվող վարկերի մեջ է: Որքան հեռու եք ԵՄ-ից, այնքան քիչ արտոնյալ վարկեր կստանաք: Դա բնության օրենք է, այնպես որ դուք ստիպված կլինեք վերաֆինանսավորել այն ինքներդ»,- նշել է Ֆիշերը:
Գերմանիայի դեսպանը երիտասարդների արտագաղթը համարել է Վրաստանի տնտեսության «մեծ խնդիր»։ Նրա խոսքով՝ շատ երիտասարդներից լսում է, որ Վրաստանը ավելի հեռանում է Եվրամիությունից, այդուհանդերձ նրանք էլ են հեռանալու այստեղից։
Ֆիշերը խոսել է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի մասին և ևս մեկ անգամ կրկնել, որ գործընթացը դադարեցված է։
«Եթե ինձ հարցնեք, ես չեմ տեսնում, որ Վրաստանը մոտ ապագայում կվերադառնա եվրաինտեգրման ճանապարհին։ Սրա դրական նշաններ ընդհանրապես չեմ տեսնում։
Վրաստանի կառավարության հռետորաբանությունը շարունակվում է։ Վրաստանի օրենսդրությունն ընդունվել է։ Վրաստանը մերձենալու փոխարեն հեռանում է Եվրամիությունից։ Բացի այդ, ընտրությունների անցկացման եղանակը չի համապատասխանում այն ամենին, ինչ մենք ակնկալում ենք թեկնածու երկրից»,- ասել է Պիտեր Ֆիշերը։
