Սվանեթիի Մեստիայի մունիցիպալիտետի Էցերի գյուղում, համագյուղացիների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքում, հունվարի 1-ի գիշերը սպանվել է ՆԳՆ սահմանային ոստիկանության Մեստիայի բաժնի աշխատակից, 29-ամյա Գիորգի Պակելիանին: Սպանվել է նաև 33-ամյա Գուրամ Ափրասիձեն։ Վիրավորվել է Գիորգի Պակելիանիի եղբայրը՝ 24-ամյա Ռոլանդ Պակելիանին։ Վիճաբանության ժամանակ վիրավորվել է նաև սպանված Գուրամ Ափրասիձեի մայրը՝ Զեմֆիրա Ափրասիձեն, ով կոմայում է և գտնվում է Քութայիսիի կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա առողջական վիճակը ծանր է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Իրավապահները ձերբակալել են երկու անձի՝ 23-ամյա Գիորգի Ցինդելիանիին, ով սահմանապահ ոստիկանության Մեստիայի բաժնի աշխատակից է։ Նա մեղադրվում է Գուրամ Ափրասիձեի դիտավորյալ սպանության մեջ։ Երկրորդ ձերբակալվածը սպանված Գուրամ Ափրասիձեի հայրն է՝ 70-ամյա Ռոլանդ Ափրասիձեն։ Դատախազությունը նրան մեղադրում է Գիորգի Պակելիանիի դիտավորյալ սպանության և նրա եղբոր՝ Ռոլանդ Պակելիանիի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու մեջ։
Դատախազության տվյալներով՝ սահմանային ոստիկանության աշխատակիցներ Գիորգի Ցինդելիանին ու Գիորգի Պակելիանին Էծերի գյուղում նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով վիճել են հայր և որդի Ռոլանդ և Գուրամ Ափրասիձեների հետ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ կոնֆլիկտի ժամանակ Գիորգի Ցինդելիանին իր մոտ եղած հրազենից մի քանի անգամ կրակել է Գուրամ Ափրասիձեի վրա, ով ստացած վնասվածքների հետևանքով մահացել է։ Միաժամանակ Ռոլանդ Ափրասիձեն իր մոտ եղած հրազենից մի քանի անգամ կրակել է Գիորգի Պակելիանիի և նրա եղբոր՝ Ռոլանդ Պակելիանիի վրա, ինչի հետևանքով Գիորգի Պակելիանին տեղում մահացել է, իսկ Ռոլանդ Պակելիանին ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ։
Զուգդիդիի շրջանային դատարանը երկու կալանավորների հանդեպ էլ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Դատավորի այն հարցին, թե արդյոք ինքն իրեն մեղավոր է ճանաչում, Ռոլանդ Ափրասիձեն ասել է, որ ոչ մի վատ բան չի արել։ Նրա փաստաբան Ռևազ Միքաիան ասում է, որ Ռոլանդ Ափրասիձեն իր հետ հրազեն չի ունեցել։
«Ինչպես իմ պաշտպանյալն է բացատրում, որդուն ծեծել են, առողջությունը վնասել են։ Որոշ ժամանակ անց՝ մոտ երկու ժամ, Պակելիանիի ընտանիքի անդամները եկել են նրա տան դարպասի մոտ, կրակել, հայհոյել և այս կոնֆլիկտը դրանից է ծագել։ Այս ապացույցները չեն ապացուցում այն փաստը, որ Ռոլանդ Ափրասիձեն կատարել է կամ դիտավորյալ սպանություն, կամ ինչ-որ մեկի մարմնին ծանր վնասվածք է հասցրել»,- նշում է փաստաբանը։
Երկրորդ մեղադրյալի՝ Սոսո Ջանաշիայի փաստաբանի խոսքով, Գիորգի Ցինդելիանին պատահաբար ականատես է եղել այս կոնֆլիկտին։ «Պարզվում է, որ նախկինում Պակելիանիի և Ափրասիձեի ընտանիքների միջև որոշակի տարաձայնություններ ու հակասություններ են եղել։ Այդ կռվին Ցինդելիանին բոլորովին պատահական է ականատես եղել այդ օրը, և նրա գործառույթը կռվի մասնակիցներին ազատելն է եղել։ Նա ընդհանրապես չէր ճանաչում Ափրասիձեներին և բնականաբար, տարաձայնություններ չէր ունենա նրանց հետ։ Զենքին ձեռք չի տվել: Ցինդելիանիին ձերբակալության համար հիմք է հանդիսացել Ափրասիձեների ընտանիքի վկայի ցուցմունքը»:
Ինչ վերաբերում է նախկինում Ափրասիձեների և Պակելիանիների միջև տարաձայնություններին, ապա, ըստ Էծերիի բնակիչների, Գուրամ Ափրասիձեն ցանկացել է ամուսնանալ Գիորգի և Ռոլանդ Պակելիանիների քրոջ հետ, սակայն նրանք դեմ են եղել։ Տարաձայնությունների խորացումը կանխելու համար Պակելիանիի ընտանիքի անդամները՝ Գիորգին և նրա քույրը, ժամանակավորապես լքել են Սվանեթին և տեղափոխվել Կախեթի, որտեղ էլ ամուսնացել է Գիորգիի քույրը։ Մի քանի տարի առաջ Սվանեթիից դստերը տեսակցության եկած հայրը փեսայի բարեկամի արձակած գնդակից վիրավորվել ու մահացել է։ Դրանից հետո քույր և եղբայր Պակելիանիները վերադարձել են Սվանեթի ապրելու։
Ըստ տեղի բնակիչների պատմածի՝ հունվարի 1-ին Գիորգի Պակելիանին տուն է վերադարձել Նակրիից, որտեղ գտնվում է Սահմանային ոստիկանության N5 հատվածը։ Նա իր աշխատակցի՝ Գիորգի Ցինդելիանիի հետ է եղել՝ սեփական մեքենայով։ Նրանք կանգ են առել Էցերիում Ափրասիձեի ազգականի տանը, որտեղ նշել են Նոր տարին։ Այնտեղ գտնվելու ընթացքում Գիորգի Պակելիանիի և Գուրամ Ափրասիձեի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նրանց ազատել են։ Նույն գիշերը որոշ ժամանակ անց Գուրամ Ափրասիձեն և Գիորգի Պակելիանին կրկին հանդիպել են և տեղի է ունեցել սպանությունը։
«Նրա տղան [Գուրամ Ափրասիձեն] իմ աղջկա հետևից էր ընկել։ Այնքան բաներ կային այս ու այն կողմ։ Այդ ամենն այնտեղից է գալիս: Դա շարունակվում էր տարիներ շարունակ։ Աղջկան այստեղից տեղափոխեցինք, որ եղբայրները չիմանային, ես երեք տղա ունեմ։ Մենք նրան տեղափոխեցինք այստեղից։ Հետո նրա եղբայրներն էլ լսեցին: Երբ ես հասա, Գիորգին, իմ կրտսեր տղան, ով վիրավոր էր, շտապ օգնություն էր խնդրում»,- հիշում է սպանված Գիորգի Պակելիանիի մայրը։
Ըստ տեղացիների՝ Ափրասիձեի և Պակելիանիի ընտանիքները բարեկամական կապեր ունեն։
Սպանված Գուրամ Ափրասիձեին հունվարի 5-ին հուղարկավորել են Էցերիում, Գիորգի Պակելիանիին կհուղարկավորեն կիրակի օրը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Ռոլանդ Ափրասիձեին և Գիորգի Ցինդեիանիին սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Նախաքննական նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին։
Սա վերջին շրջանում Սվանեթիում սպանության առաջին դեպքը չէ՝ ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։
2020 թվականի ապրիլի 20-ին սահմանապահ ոստիկանության Մուլախի 2-րդ հատվածի սահմանապահ Բեսիկ Նավերիանին վիճաբանությունից հետո կրակել և սպանել է նույն հատվածի աշխատակից 36-ամյա Բեսիկ Իոսելիանիին։ Երկուսն էլ եղել են հերթապահության մեջ, ունեցել են հրազեն։ Իոսելիանին հարբած է եղել: Սպանությունից հետո Նավերիանին թաքնվել է դեպքի վայրից։ Մեղադրյալը սպանությունից մի քանի օր անց հանձնվել է ոստիկանություն։ Սպանվածը և հանցագործություն կատարած անձը ընկերներ ու հարազատներ են եղել։
2015 թվականի մարտի 13-ին սահմանային ոստիկանության Մեստիայի բաժնի օպերատիվ աշխատակից Կախա Մարգիանին սպանել է նախկին պետ Գիորգի Ռատիանիին: Դատախազության տվյալներով՝ Գիորգի Ռատիանին և Զազա Ջափարիձեն հյուրեր են եղել Կախա Մարգիանիի տանը։ Մարգիանին վիճաբանել է հյուրերի հետ, որը շուտով վերածվել է ծեծկռտուքի։ Ծեծկռտուքից հետո Կախա Մարգիանին, Գիորգի Ռատիանին և Զազա Ջափարիձեն բաժանվել են միմյանցից։ Մի քանի րոպեից Կախա Մարգիանին հրազենով կրակել է Թամար Մեփեի փողոցով քայլող Գիորգի Ռատիանիի և Զազա Ջափարիձեի ուղղությամբ։ Ստացած վերքերից Գիորգի Ռատիանին տեղում մահացել է, Զազա Ջափարիձեն վիրավորվել է մեջքից։