«Վրացական երազանքը» նախաձեռնել և արագացված կարգով քննարկում է հերթական ռեպրեսիվ օրինագիծը, որի նպատակն է էլ ավելի սահմանափակել հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեությունը։ Պարտադիր է դառնում կառավարության համաձայնությունը օտարերկրյա աղբյուրից ստացվող դրամաշնորհի վերաբերյալ, օրենքում հայտնվում է «արգելված դրամաշնորհի» հասկացությունը և սահմանվում են պատժամիջոցներ նման դրամաշնորհ ստանալու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Վրացական երազանք» խմբակցության անդամները փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրում են «պետության ինքնիշխանության» պաշտպանության շարժառիթով։ Բացատրական գրության մեջ նշված է, որ օրինագծի մշակմանը չի մասնակցել ոչ մի փորձագետ, աշխատանքային խումբ, պետական, ոչ պետական և/կամ միջազգային կազմակերպություն, և չի ուսումնասիրվել այլ երկրների փորձը։
«Դրամաշնորհների մասին» Վրաստանի օրենքում փոփոխությունները հիմնականում նախատեսում են հետևյալ հարցերը.
- Միջազգային բարեգործական, մարդասիրական և այլ հասարակական կազմակերպության (այդ թվում՝ միջազգային սպորտային ասոցիացիա, ֆեդերացիա և կոմիտե), ֆինանսավարկային հաստատության, օտարերկրյա պետության կառավարության կամ նրա ներկայացուցչության, ինչպես նաև արտասահմանյան ձեռնարկատիրական (եթե դրամաշնորհի ստացողը պետությունն է կամ Վրաստանի կառավարությունը) կամ ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձի կողմից դրամաշնորհի տրամադրումը պահանջում է Վրաստանի կառավարության կամ Վրաստանի կառավարության կողմից սահմանված լիազոր անձի/մարմնի համաձայնությունը։
- Համաձայնության տրամադրման վերաբերյալ որոշումն ընդունվում է 10-օրյա ժամկետում, և այդ որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը։ Նշված համաձայնության բացակայությամբ տրված դրամաշնորհի ստացումն արգելվում է։
- Համաձայնություն ստանալու համար դրամաշնորհ տրամադրող սուբյեկտը Վրաստանի կառավարությանը կամ կառավարության կողմից սահմանված լիազոր անձին/մարմնին պետք է ներկայացնի դրամաշնորհ տվողի (դոնորի) և դրամաշնորհ ստացողի միջև պայմանագրի նախագիծ։ Պայմանագիրը պետք է պարունակի դրամաշնորհի տրամադրման նպատակը, ծավալը, միջոցների օգտագործման կոնկրետ ուղղությունը, դրանց յուրացման ժամկետները և այն հիմնական պահանջները, որոնք դոնորը ներկայացնում է դրամաշնորհ ստացողին։
- Կառավարության պարտադիր համաձայնության կարգը չի տարածվում միջազգային սպորտային ասոցիացիայի, ֆեդերացիայի և կոմիտեի կողմից դրամաշնորհի տրամադրման, արտերկրում միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու և գիտական աշխատանքի համար տրամադրված անհատական կրթաթոշակի, ինչպես նաև Վրաստանում գործող միջազգային կազմակերպության կողմից դրամաշնորհի ստացման վրա։
Արգելված դրամաշնորհի տրամադրման և ստացման մոնիտորինգն իրականացնող մարմին է սահմանվում Հակակոռուպցիոն բյուրոն։
Օրենքի համաձայն՝ անօրինական դրամաշնորհի տրամադրման և ստացման մոնիտորինգի կարգը, անհրաժեշտության դեպքում, սահմանում է Հակակոռուպցիոն բյուրոն։
Հակակոռուպցիոն բյուրոն մոնիթորինգի նպատակներով իրավասու կլինի.
- պահանջել անձից ֆինանսական հաշվետվություն, եթե կա հիմնավորված կասկած օտարերկրյա դոնորի կողմից դրամաշնորհի տրամադրման կանոնների խախտման վերաբերյալ,
- հարցաքննել ֆիզիկական անձին՝ սույն օրենքով սահմանված կարգով,
- հարցաքննել ֆիզիկական անձին մագիստրոս դատավորի առջև՝ Վրաստանի վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով,
- պահանջել անհրաժեշտ տեղեկություններ պետական հաստատություններից, ֆիզիկական անձանցից, իրավաբանական անձանցից (այդ թվում՝ վճարային ծառայությունների մատուցողներից), այլ սուբյեկտներից, ներառյալ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, այլ անձնական տվյալներ և գաղտնի տեղեկատվություն (բացառությամբ Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված պետական գաղտնիքի),
- իրականացնել այլ լիազորություններ՝ սահմանված օրենքով։
Այն տեղեկությունները, որոնք չեն պատկանում հանրային տեղեկատվությանը, Հակակոռուպցիոն բյուրոն պահանջում է դատարանի որոշման հիման վրա։ Դատարանը որոշում է կայացնում դիմումը ներկայացնելուց հետո 48 ժամվա ընթացքում։ Հակակոռուպցիոն բյուրոյի դիմումը պետք է լինի հիմնավորված։ Այն պետք է նշի տեղեկատվության պահանջի հիմքը և նպատակը, պահանջվող տեղեկատվության ժամանակահատվածը և ծավալը։ Այս դիմումը բավարարելու դեպքում դատարանի որոշման մեջ պետք է նշվի տեղեկատվության պահանջի հիմքը և նպատակը, պահանջվող տեղեկատվության ժամանակահատվածը և ծավալը, ինչպես նաև տվյալ որոշման գործողության ժամկետը։
Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար օրինագծով սահմանված է վարչական վարույթի սեղմ՝ 3-ամսյա ժամկետ։ Անհրաժեշտության դեպքում այս ժամկետը Հակակոռուպցիոն բյուրոյի պետի կողմից կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 3 ամսով։
Բոլոր սուբյեկտները, որոնցից Հակակոռուպցիոն բյուրոն պահանջում է այս օրենքով նախատեսված տեղեկատվության ներկայացում, պարտավոր են նրան տրամադրել իրենց տրամադրության տակ եղած նշված տեղեկատվությունը։
Օրենքը սահմանում է արգելված դրամաշնորհի ստացման հետ կապված անձի հարցաքննության կարգն ու հիմքը, մասնավորապես՝
- Ֆիզիկական անձը, որը կարող է ունենալ Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից արգելված դրամաշնորհի ստացման մոնիտորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, կարող է կամավոր հարցաքննվել հակակոռուպցիոն բյուրոյի կողմից։
- Արգելվում է անձին հարկադրել ապացույցներ ներկայացնելու կամ տեղեկատվություն տրամադրելու համար, նաև հարցաքննվող անձն իրավունք ունի իր հաշվին օգտվել փաստաբանի ծառայություններից, չտրամադրել տեղեկատվություն իր և/կամ մերձավոր ազգականի դեմ։ Հարցաքննվող անձի մերձավոր ազգական է համարվում նրա ծնողը, որդեգրողը, երեխան, զավակը, պապը, տատը, թոռը, քույրը, եղբայրը, ամուսինը։
- Հարցաքննվող անձը պարտավոր է հարցաքննության ժամանակ հակակոռուպցիոն բյուրոյին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն, իր հերթին, Հակակոռուպցիոն բյուրոն պետք է գրավոր նախազգուշացնի հարցաքննվող անձին կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար սպասվող պատասխանատվության մասին, ինչպես նաև հարցաքննվող անձին պետք է բացատրվի մագիստրոս դատավորի մոտ հարցաքննության հնարավոր կանչի մասին։
- Նախատեսված է հարցաքննվող անձին նախնական ծանուցման հիման վրա հարցաքննության ժամանակ ձայնի և/կամ պատկերի գրանցող տեխնիկական միջոցների օգտագործում։
Հնարավոր է հարցաքննվող անձի հեռավար հարցաքննություն՝ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ։ Իրավախախտման հետ կապված Հակակոռուպցիոն բյուրոյի լիազորված անձը կազմում է վարչական իրավախախտման արձանագրություն, որն անհապաղ ուղարկվում է շրջանային (քաղաքային) դատարան քննության համար։
Վարչական իրավախախտման համար օրենքով նախատեսված տույժի կատարմանը խոչընդոտող հանգամանքների հնարավոր առկայության դեպքում, Հակակոռուպցիոն բյուրոն իրավասու է վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու հետ միաժամանակ իրավախախտի գույքի վրա
(այդ թվում՝ բանկային հաշիվների) կիրառել արգելանք՝ համապատասխան իրավախախտման համար նախատեսված պատժամիջոցին համաչափ։ Արգելանքն անհապաղ ուժի մեջ է մտնում և վարչական իրավախախտման արձանագրության հետ միասին ներկայացվում է դատարան հաստատման։
Արգելանք դնելու հարցը քննարկվում է և որոշում է կայացվում նյութերը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Դատարանի որոշումը մեկ անգամ բողոքարկվում է վերաքննիչ դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում: Բողոքարկումը չի կասեցնում արգելանքի գործողությունը: Վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում բողոքը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Այս որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Դատարանը վարչական իրավախախտման արձանագրության հաստատման հարցը քննարկում է և որոշում է կայացնում նյութերը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում: Դատարանի որոշումը մեկ անգամ բողոքարկվում է վերաքննիչ դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:
Սահմանված է սեղմված՝ 5-օրյա ժամկետ նախընտրական շրջանում վարչական իրավախախտման արձանագրության հաստատման հարցի քննարկման և որոշման համար: Դատարանի կողմից կայացված որոշումը մեկ անգամ բողոքարկվում է վերաքննիչ դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 72 ժամվա ընթացքում: Իր հերթին, վերաքննիչ դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Օրենքով սահմանված է իրավախախտում կատարելու 6-ամյա վաղեմության ժամկետ:
Օրենքը նախատեսում է արգելված դրամաշնորհի ստացման հետ կապված պատժամիջոցներ, մասնավորապես՝
- արգելված դրամաշնորհի ստացումը հանգեցնում է դրամաշնորհ ստացողի տուգանմանը՝ նշված դրամաշնորհի կրկնակի չափով,
- Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից ֆիզիկական անձի հարցաքննության կամ մագիստրոս դատավորի առջև հարցաքննության ժամանակ նշված անձի կողմից կեղծ տեղեկություններ տրամադրելը՝ հանգեցնում է 2 000 լարիի չափով տուգանման,
- վերոնշյալ որևէ գործողության կրկնակի կատարման համար սահմանված է համապատասխան իրավախախտման կատարման համար սահմանված պատժամիջոցի կրկնակի չափով տուգանք:
Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տրված և ստացված դրամաշնորհների վրա կառավարության կամ նրա կողմից սահմանված լիազոր անձի/մարմնի համաձայնության կարգը չի տարածվի:
