Ի՞նչ է թաքցնում իշխանությունը Շովիի ողբերգության վերաբերյալ վերջնական զեկույցից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Աղետի էպիկենտրոնում հայտնված Դավիթ Ջելաձեն փորձում է իր զարմուհուն անվտանգ վայր տեղափոխել։ Շովիի հանգստավայր, օգոստոսի 3, 2023 թ

Շովիի ողբերգության վերաբերյալ օրեր առաջ հրապարակված վերջնական զեկույցում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը փորձում է կոծկել իշխանության պատասխանատվությունը 33 մարդու մահվան համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այդ նպատակով գործակալությունն իր զեկույցում թաքցնում է մի շարք կարևոր գնահատականներ և տվյալներ իր կողմից հրավիրված շվեյցարական մասնագիտացված ընկերության զեկույցից և օգտագործում է շվեյցարացի փորձագետների միայն այն կարծիքները, որոնք հիմնավորում են կառավարության քարոզչական և ապատեղեկատվական հաղորդագրությունները։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության վրացերեն եզրակացության մեջ ասվում է, որ ահազանգման համակարգի ստեղծումը չէր կարող արդյունավետ լինել ապագա հետևանքները կանխելու համար, քանի որ տարերային աղետը բարդ ծագում ուներ, արագ է զարգացել, և դրա առաջացման գոտուց մինչև բնակավայր հեռավորությունը փոքր էր։

Շվեյցարացի փորձագետների անգլերեն եզրակացության համաձայն՝ ազդանշանային համակարգի տեղադրման դեպքում նախազգուշացման ժամանակը չի բավականացնում մարդկանց վտանգի գոտուց տարհանելու համար։

Սակայն, շվեյցարացի փորձագետները գրում են նաև, որ հեռավոր վայրերում խոշոր ժայռերի սելավային հոսքերը հնարավոր է հայտնաբերել միայն այն դեպքում, եթե կրիտիկական վայրը հայտնի լինի արդեն իսկ իրականացված վերլուծությունից։

Մոնիտորինգի համակարգ տեղադրելով՝ բացասական զարգացումը (ժայռերի ապակայունացում) կարելի է հայտնաբերել վաղ փուլում։ Այս կերպ հնարավոր է զգուշացնել սպասվող իրադարձության մասին և մարդկանց տարհանել։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը շվեյցարացի փորձագետների այս գնահատականները վրացերեն զեկույցում չի ներառել։

Ողբերգությունից մի քանի օր անց «Մթիս Ամբեբի»-ին տված հարցազրույցում, ապա հետաքննական ֆիլմում նույն գնահատականն է տվել նաև Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Թեա Գոդոլաձեն, ով բազմիցս դարձել է իշխանության հարձակումների թիրախ։

Ապահով վայր Շովիում՝ 3 րոպեի ճանապարհին

Նույն շվեյցարական ընկերությունը (Ջեոտեստ) 2015 թվականին տեղադրել է և հենց ինքն է կառավարում ահազանգման համակարգը Կազբեգիում։ Դրան նախորդել էր մեկ տարի առաջ լեռնային զանգվածի անջատումը Դևդորակ սառցադաշտից։ 2014 թվականի մայիսի 17-ին սելավը 5 մարդու կյանք խլեց։ Աղետը կրկնվեց նույն տարվա օգոստոսին, և «Դարիալի ՀԷԿ»-ի թունելում զոհվեցին 2 աշխատակիցներ, ավերվեց մայրուղին, գազատարը, վնասվեց մաքսակետը և այլ շինություններ։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, չնայած դատական ​​վեճերին, «Մթիս Ամբեբի»-ին հանրային տեղեկություն չի տրամադրում միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված միջոցների մասին՝ որպեսզի երկրում ունենայինք վաղ ահազանգման և տագնապի համակարգեր։

Կազբեգիում, որտեղ արդեն գործում է ահազանգման համակարգ, շվեյցարացի փորձագետները գնահատում են, որ կրկին սպասվում է հսկայական ջրհեղեղ։ Դրա համար էլ այսպես կոչված RAMMS մոդելավորման միջոցով ժամանակը հաշվված է, և գիտենք, որ ահազանգման համակարգի կողմից վտանգի հայտնաբերումից հետո 5 րոպե ժամանակ ունենք՝ Վրաստան-Ռուսաստան ճանապարհի կրիտիկական հատվածից մարդկանց տարհանելու համար։

Եթե ​​Կազբեգիում վտանգի մասին հաղորդագրություն ստանալուց հետո 5 րոպեի ընթացքում ճանապարհը կարելի է փակել և մարդկանց տարհանել վտանգավոր գոտուց, ինչո՞ւ է անհնար, որ Շովիում նույնպես ավելի երկար ժամանակում կարողանայինք փրկել մարդկանց, եթե ունենայինք ահազանգման համակարգ։

Առավելևս, որ ըստ վերջնական եզրակացության, տարերային աղետի առաջացման և ակտիվացման գոտուց, այսպես կոչված քոթեջների տարածք՝ սելավը պետք է հասներ 7․5-10 րոպեից։

Ըստ մեր գիտափորձի՝ քաղաքացիները 2-3 րոպեի ընթացքում կկարողանային քոթեջների տարածքից փախչել անտառ, եթե իմանային, որ վտանգ է սպասվում, ինչպես պետք է վարվեն նման դեպքում, և իշխանությունները նշեին անվտանգ գոտիներ։

Հարկ է ընդգծել նաև, որ Դևդորակը, որտեղից պոկվել է ժայռային զանգվածը և սառցադաշտի մի մասը, գտնվում է ծովի մակարդակից 4500 մետր բարձրության վրա՝ 800 մետրով բարձր, քան Թբիլիսա սառցադաշտի հատվածը, որտեղից պոկվել է ժայռը և առաջացրել Շովիի ողբերգությունը։ Կազբեգիում և Ռաճայում զարգացած սառցադաշտային աղետալի սողանքների դեպքում, պոկվելու վայրից մինչև մարդկանց զոհվելու վայրն ընկած տարածքը գրեթե նույնն է (10․5-11 կմ), սակայն Դևդորակի դեպքում տեղանքի թեքությունը շատ ավելի մեծ է, ինչի պատճառով էլ սողանքն ավելի մեծ արագություն է զարգացնում։

Հակասություններ եզրակացություններում

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը իր նախնական գնահատականի մեջ գրում էր, որ Բուբիսծղալի գետի հովտում պինդ նյութի մոտավոր ծավալը կազմում է մոտ 5 մլն խորանարդ մետր, իսկ վերջնական եզրակացության մեջ գրում է, որ այն նվազագույնը 4 մլն խորանարդ մետր էր։

Շվեյցարացի փորձագետների եզրակացության համաձայն՝ հովիտ հասած նյութի հավանական ծավալը կազմում է մոտ 2 մլն խորանարդ մետր, առավելագույնը՝ 3, ինչը, ըստ նրանց, համապատասխանում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության ծավալի գնահատմանը։

Իրականում՝ շվեյցարացի փորձագետների հաշվարկած ծավալների և Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից հրապարակված ծավալների տարբերությունը կազմում է մոտ 2 միլիոն խորանարդ մետր՝ այն նյութի գրեթե կեսը, որը սելավը բերել է Շովի: Շվեյցարացի փորձագետների գնահատականն ավելի համահունչ է Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի գիտնականների մատնանշած տվյալներին։

Չնայած եզրակացությունների նման հակասություններին և բազմաթիվ անպատասխան հարցերին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և «Վրացական երազանքի» քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերությունը կրկին հարձակվում են մեզ՝ «Մթիս Ամբեբի» հրատարակության վրա, որը իշխանություններին հանցավոր անտարբերության մեջ է բացահայտում, ինչպես նաև վրացի անաչառ գիտնականների վրա, որոնց գնահատականները նույնպես չեն տեղավորվում «Վրացական երազանքի» նարատիվի մեջ։

Փետրվարի 21-ին «Իմեդի» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը մոլորեցնում է հանրությանը. ասվում է, որ Շովիի ողբերգության վերաբերյալ օտարերկրյա հեղինակավոր փորձագետների եզրակացությունը լիովին համընկնում է վրացի մասնագետների եզրակացության հետ։

Զարգացման պլան՝ մահվան գոտում

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը իր վերջնական եզրակացության մեջ գրում է, որ Բուբիսծղալի գետի հովտում մարդկանց և ենթակառուցվածքների պաշտպանության լավագույն և արդյունավետ միջոցը տարածքի տարածքային պլանավորումն է։ Գրեթե նույն բանն են գրում շվեյցարացի փորձագետները։

Իրականում՝ մինչ ողբերգությունը բյուջեից շուրջ կես միլիոն լարի է վճարվել «Արտստուդիո Պրոեկտ» ՍՊԸ-ին՝ Շովի հանգստավայրի զարգացման ծրագիրը կազմելու համար։ Այս փաստաթուղթը ներառում է նաև շվեյցարացի փորձագետների նշած «հողօգտագործման պլանավորման միջոցառումները»։ Այս ծրագիրը 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հաստատվել է Օնիի սակրեբուլոյի կողմից, և «Վրացական երազանքին» մոտ կանգնած խմբերին իրավունք է տրվել կառուցել 18 մետրանոց հյուրանոցային շենքեր հենց մահվան գոտում՝ այն տարածքում,  որը ծրագրի հաստատումից 7 ամիս հետո սելավի հետևանքով ամբողջությամբ ավերվեց։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։