Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից քննարկվում է «որոշ նախագծերի» դադարեցումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Իմնաձեն մեկնաբանություն է տվել «Ֆորմուլա»-ին և դրանով իսկ փաստացի հաստատել նույն հեռուստաընկերության տարածած տեղեկությունը, թե ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը NCDC-ին և Լուգարի լաբորատորիային դադարեցվել է։ «Ֆորմուլա»-ն, հիմնվելով աղբյուրի վրա, հայտնել է, որ 95 միլիոն դոլարի մի մասը, որը կառավարությունն այլևս չի ստանա հակաժողովրդավարական քաղաքականության և հակաարևմտյան հռետորաբանության պատճառով, պետք է հատկացվեր նաև NCDC-ին։
«Չի դադարեցվել, կան որոշ նախագծեր, որոնց [դադարեցման] մասին խոսվում է»,- ասել է Իմնաձեն։ Հարցին, թե որոնք են նախագծերը, նա նշել է, որ «դեռ ոչինչ ասել չի կարող»։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի նախկին ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ իր տեղեկություններով՝ հստակ որոշումները հավանաբար կկայացվեն այս շաբաթ։
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնը ռազմավարական հաստատություն է։ Միայն հո Լուգարը չէ՞։ Այո, Լուգարը NCDC-ի գլխավոր լաբորատորիան է, թե չէ ամերիկացիների օգնությամբ երկրում ստեղծվել է լաբորատոր հսկողության միասնական համակարգ, որը ներառում է 22 լաբորատորիա, որոնցից 10-ը գտնվում են NCDC-ի համակարգում, 12-ը՝ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ և աշխատում են այսպես կոչված միասնական առողջության սկզբունքով։ Դա կենդանիների, մարդկանց ու բույսերի առողջությունն է, երկրի կենսաբանական անվտանգության հիմնական մասերից է։
Խոսքը դադարեցման, կամ սառեցման, կամ ինչպես որ կա, չգիտեմ, ճշգրիտ որոշումները հավանաբար կկայացվեն այս շաբաթ, որքանով ես տեղեկություն ունեմ»,- ասել է Գամկրելիձեն «Մթավարի արխի»-ին։ Նա հույս ունի, որ երկրի գլխավոր գործընկերների որոշումը չի վերաբերի NCDC-ին, քանի որ դա հանրային առողջության խնդիր է։
Ռուսական օրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ը սկսել է Վրաստանի հետ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայումը։ Հուլիսի 31-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն ուղղակիորեն օգուտ է բերում Վրաստանի կառավարությանը։ Դրա պատճառը կառավարության «հակաժողովրդավարական գործողություններն ու կեղծ հայտարարություններն են», որոնք, ըստ Բլինքենի, չեն համապատասխանում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։
«Մինչ մենք դադարեցնում ենք օգնությունը Վրաստանի կառավարությանը այդ գործողությունների պատճառով, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդին օգուտ բերող ծրագրերին և գործողություններին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և տնտեսական զարգացումը»,- ասել է պետքարտուղարը:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին չգիտի, թե «ինչ գումարի մասին է խոսքը»։ Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը «այլ երկրների դոտացիաներից կախված հետամնաց երկիր չէ»։