Ինչպես է տեղական իշխանությունը նպաստել Սիղնաղիի պատմական բերդ-պարսպի կամարի փլուզմանը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Սիղնաղի քաղաքում, Անագի գյուղից եկող ճանապարհին, ուշ գիշերին բեռնատարը հարվածել է պատմական բերդ-պարսպի կամարին, ինչի հետևանքով կամարն ամբողջությամբ փլուզվել է։ Բերդ-պարիսպը, որը շրջապատում է Սիղնաղիին, կառուցվել է 1762 թվականին:  Մշակութային ժառանգության հուշարձանին տրվել է ազգային ​​նշանակության կատեգորիա, որն էլ ավելի պետք է պաշտպաներ այն, սակայն տեղական իշխանությունների անտարբերության պատճառով այլևս չունենք հուշարձանի այս հատվածը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բեռնատարը վարել է օտարերկրյա քաղաքացի։ Նա Լագոդեխիից շարժվում էր դեպի Թբիլիսի։

Սիղնաղցիները «Վրաստանի լուրերին» պատմել են, որ Ծնորի և Անագի գյուղից եկող բեռնատարներն ու կցորդները հաճախ են բախվում պատմական բերդ-պարսպի կամարներին։ Նրանք դեպքերի մասին բազմիցս տեղեկացրել են Սիղնաղիի ոստիկանությանն ու քաղաքապետարանին։

Ըստ Սիղնաղիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ Գիորգի Էլիզբարաշվիլիի, Google Maps նավիգացիան ցույց է տալիս Անագիից և Ծնորիից Սիղնաղիով մինչև Թբիլիսի փոքր հեռավորությունը: Այդ իսկ պատճառով արտասահմանցի վարորդները փորձում են օգտվել այս երթուղուց։

«Հիմնականում դա լինում է գիշերը։ Երեկ երեկոյան նույնպես մառախուղ էր։ Ըստ երևույթին, բեռնատարի վարորդը չի նկատել կամարը, բախվել է դրան և ամբողջությամբ քանդել այն։ Երբ նրանք չեն կարողանում անցնել կամարի տակով, վարորդներին օգնում են տեղի բնակիչները, որպեսզի մեքենան ինչ-որ կերպ դուրս հանեն հակառակ ուղղությամբ։ Երբ բարձրանում են Ծնորիի կողմից, ապա բերդ-պարսպի առաջին կամարով կարողանում են անցնել, իսկ երկրորդով՝ ոչ։ Բոլորը գիտեն այս խնդրի մասին։

Այս տարի մենք մի քանի անգամ բարձրացրել ենք այդ հարցը Սիղնաղիի սակրեբուլոյում և համապատասխան հանձնաժողովի նիստերում։ Մենք խնդրում էինք, որ Անագայում և Ծնորիում, Սաքոբոյում, որտեղից սկսվում են Սիղնաղի տանող մայրուղիները, տեղադրվեն արգելող նշաններ, որպեսզի բեռնատարներն այլևս չգնան այս ճանապարհով։

Տեղական իշխանությունները չեն հրաժարվել կատարել այս խնդրանքը, բայց այսօր, վաղը և այդ ընթացքում մի ամբողջ տարի է անցել՝ առանց երկու-երեք արգելող ցուցանակներ տեղադրելու»,- «Վրաստանի լուրերին» ասել է Գիորգի Էլիզբարաշվիլին։

Սակրեբուլոյի մյուս անդամները նույնպես մեզ հետ զրույցում հաստատեցին, որ նշված խնդիրը լուծելու խնդրանքն իսկապես եղել է սակրեբուլոյի և հանձնաժողովի նիստերում։

Սիղնաղիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մալխազ Բեգիաշվիլիի խոսքով՝ փլուզված կամարի չվնասված աղյուսները բոլորը հավաքվել են, դասավորվել, որպեսզի կամարը վերականգնեն։

Սիղնաղիի քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ քաղաքապետարանը արգելող ցուցանակներ չի տեղադրել, որպեսզի բեռնատարներն այլևս չկարողանան շարժվել պարսպի ուղղությամբ, և եթե ավտոճանապարհի այս հատվածներում երթևեկության կազմակերպումը ճանապարհային վարչության պարտականությունն է, ինչո՞ւ քաղաքապետարանը ժամանակին չի դիմել այս գերատեսչությանը։ Այս հարցերին քաղաքապետը չպատասխանեց։ Նա ասաց, որ հանդիպման է և հեռուստաընկերությունների հետ արդեն խոսել է կամարի փլուզման մասին։ Կոնկրետ այս հարցերի շուրջ քաղաքապետը ոչինչ չի ասել նաև հեռուստատեսային լրատվամիջոցների լրագրողներին։

Քրեական օրենսգրքի համաձայն՝ պաշտոնեական անտարբերությունը հանցագործություն է: Սա ենթադրում է պաշտոնատար անձի կամ նրան հավասարազոր անձի կողմից ծառայողական պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը նրա նկատմամբ անփույթ վերաբերմունքի պատճառով, որն առաջացրել է ֆիզիկական կամ իրավաբանական անձի, հասարակության կամ պետության օրինական շահերի իրավունքների էական խախտում:

Մշակութային ժառանգության հուշարձանը վնասելը կամ ոչնչացնելը նույնպես պատժվում է քրեական օրենքով։

Ոստիկանությունը հետաքննություն չի սկսել։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անա Միրիանաշվիլիի խոսքով՝ իրավապահները բեռնատարի վարորդին վարչական տույժի են ենթարկել 250 լարիով։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Սիղնաղիի պատմական բերդ-պարիսպը հիմնականում կառուցված է սալաքարերով և մեծ չափերի քարերով, մեկընդմեջ կիրառվել է նաև աղյուսներ։ Ամրոցի երկարությունը 3,5 կիլոմետր է, որի մեջ կառուցված է 23 աշտարակ։ Աշտարակներից մեկում Սուրբ Ստեփանեի եկեղեցին է։ Ամրոցի մուտքերը առաջնորդվում են մեծ, հզոր կամարներով։ Այս կամարներից մեկն այլևս գոյություն չունի։

Այս թեմայով «Վրաստանի լուրերը» շարունակում է աշխատել։ Սիղնաղիի մունիցիպալիտետի քաղաքապետարանից և սակրեբուլոյից արդեն գրավոր տեղեկություն ենք խնդրել, թե ինչու ժամանակին չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք կփրկեին հուշարձանը ոչնչացումից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):