Եվրոպամետ ակցիաների մասնակից 26-ամյա Ռեզո Կիկնաձեն, ում ոստիկանությունը ձերբակալել էր դեկտեմբերի 6-ին խմբակային բռնություններին մասնակցելու մեղադրանքով, կալանավայրից տարածած նամակում գրում է, որ իրենից պահանջել են ասել, որ ինքը գործել է ընդդիմության առաջնորդների ֆինանսավորմամբ։ Նա ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Այս նամակը գրում եմ քննչական մեկուսարանից։ Ես ապօրինի կալանավորված եմ։ Նրանք ինձնից պահանջում են ստել և մարդկանց անուններ տալ՝ ձևացնելով, թե նրանք ինձ ֆինանսավորում են, և ես իրենց գործն եմ անում։ Ինձնից պահանջեցին նշել Ջափարիձեի, Խոշտարիայի, Գվարամիայի և այլ անձանց անունները։ Ոչ մի կերպ չեմ կարող նշել նրանց, քանի որ նման բան չկա։ Հայտարարում եմ հացադուլ։ Մենք միասին ենք հաղթելու այս ճակատամարտում»,- ասված է նամակում, որը տարածել է Ռեզո Կիկնաձեի փաստաբան Գուջա Ավսաջանիշվիլին։
ՆԳՆ գլխավոր քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները Ռեզո Կիկնաձեին ձերբակալել են Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է խմբակային բռնության մասնակցություն և պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 6 տարի ժամկետով։
Բողոքի ակցիաների ընթացքում 16 մարդ ձերբակալվել է խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու կամ մասնակցելու և բռնի գործողությունների հրապարակայնորեն կոչ անելու համար։ Նրանցից 8-ի նկատամամբ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։ Ձերբակալվածների թվում կան նաև 19, 20, 21 տարեկան երիտասարդներ։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում քաղաքացիները բողոքում են եվրաինտեգրման կասեցման վերաբերյալ «Վրացական երազանքի» որոշման դեմ։ Ինը օրվա ընթացքում ՆԳՆ-ն բազմիցս ցրել է խաղաղ ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ։ Քրեական և վարչական կարգով ձերբակալվել է ավելի քան 300 մարդ։ Նրանց մեծ մասին դաժան ծեծի են ենթարկել ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները։
