Իվանիշվիլիի ընտանիքը մինչ այժմ անհայտ անշարժ գույք ունի Մոսկվայում․ լրագրողական հետաքննություն

Միջազգային լրագրողական հետաքննության համաձայն՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը Մոսկվայի հեղինակավոր թաղամասերում նստավայրեր ու հողատարածքներ ունի։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հետաքննության համահեղինակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» տեղեկություններով՝ Սոկոլ և Օդինցովո շրջաններում Իվանիշվիլիի ընտանիքին է պատկանում 2 առանձնատուն (795․6 և 614․5 քմ), որոնցից մեկը սահմանակից է 9 հարակից հողատարածքից բաղկացած 52 749 քմ տարածքով բակի՝ 3 ավտոտնակով և 9 օժանդակ շինություններով։ Հայտնաբերված գույքի հավանական շուկայական արժեքը կազմում է առնվազն 14․7 մլն դոլար։ Գույքերը գրանցված են Բիձինա Իվանիշվիլիի կնոջ՝ Էկատերինե Խվեդելիձեի, որդու՝ Ուտա Իվանիշվիլիի և ռուսական «Ակվա-Սփեյս» ՍՊԸ-ի անունով։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու Բիձինա Իվանիշվիլիի 2011 թվականի խոստումը, որը մինչ օրս հնչում է իշխող կուսակցության ղեկավարների կողմից, կեղծ էր։ Նրա ընտանիքը հարաբերությունները խզելու փոխարեն զբաղված է մոսկովյան սեփականության ընդլայնմամբ»,- ասում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանից»։

Լրագրողական հետաքննության տվյալներով՝ Մոսկվայի արվարձանում՝ Սոկոլ բնակավայրում գտնվող տան համասեփականատերը Ուտա Իվանիշվիլին է, ով, ըստ վրացական լրատվամիջոցների տեղեկությունների, դեռ Ռուսաստանի քաղաքացի է։ Հետաքննության տվյալներով՝ Իվանիշվիլիի ընտանիքը հիշյալ տունը վարձակալությամբ հանձնել է ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Պերշինին՝ (կեղծանունը՝ Ժորա Կրիժովնիկով) ամսական մոտ 9000 դոլարով։ Վարձակալությունը ապահովում է «Ակվա-Սփեյս» ՍՊԸ-ն, որը Բիձինա Իվանիշվիլիին է պատկանում Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային Vanity Overseas Limited-ի միջոցով։ Հետաքննության տվյալներով՝ «Ակվա-Սփեյսը» վարձակալությունից ստացված եկամուտների մեծ մասը փոխանցում է անձամբ Բիձինա Իվանիշվիլիի կնոջը՝ Էկատերինե Խվեդելիձեին։ Այս կերպ Էկատերինե Խվեդելիձեն 2022 թվականի սեպտեմբերից հետո ստացել է մոտավորապես 94 000 ԱՄՆ դոլար եկամուտ։

Բիձինա Իվանիշվիլին որպես վարչապետ 2013 թվականին ներկայացրած միակ հայտարարագրում նշել է Մոսկվայի ունեցվածքի մի մասը։ Սակայն լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ գույքի մեծ մասը վերջին տարիներին ձեռք է բերվել և գրանցվել Էկատերինե Խվեդելիձեի անունով։ Մասնավորապես՝ Օդինցովո շրջանում 2021 թվականին նա ձեռք է բերել 2 լրացուցիչ կից հողամաս (9070 քմ ընդհանուր մակերեսով) մի քանի շինություններով, այդ թվում՝ 795․6 քմ մակերեսով սեփական բնակելի տուն, իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ևս 4500 քմ մակերեսով մեկ այլ կից հողատարածք։ Բացի այդ, Օդինցովոյի նստավայրի և 2024 թվականին գնված հողամասի նախկին սեփականատերը Բիձինա Իվանիշվիլիի զարմիկ Ուչա Մամացաշվիլին էր։

Լրագրողական հետաքննության հեղինակներն են «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (SCOOP), «Թրանսփարենսի ինթերնեշնլ – Վրաստանը», «Ստուդիա մոնիտորը», «Կառավարման մոնիտորինգի կենտրոնը» (GMC), «Այ ֆակտը» և iStories-ը։ Նրանց տեղեկություններով՝ Բիձինա Իվանիշվիլին, նրա կինն ու որդին չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։