Վրաստանի կառավարությունը նախատեսում է ստեղծել դրամաշնորհային ծրագիր՝ պետական բյուջեից ֆինանսավորելու վրացական այն հասարակական կազմակերպություններին, որոնք կամավոր գրանցվել են ռուսական օրենքի հիման վրա ստեղծված «Գործակալների ռեգիստրում»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ գրանցման համար Արդարադատության նախարարություն է դիմել ավելի քան 450 կազմակերպություն։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս կազմակերպություններից յուրաքանչյուրին քաղաքացիական հասարակության հանդեպ պատասխանատվության համար։ Այս փաստն ապացուցեց, որ օտարերկրյա ֆինանսավորում ստանալը չի նշանակում մեխանիկորեն հետապնդել օտարերկրյա ուժի բացասական շահերը։
Նա, ով թաքցնելու բան չունի, չի վախենում նաև թափանցիկությունից։ Տրամաբանական է, որ օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունները չեն խուսափում գրանցումից, որոնք ո՛չ փորձում են Վրաստանում քաղաքական օրակարգ ստեղծել, ո՛չ մասնակցում են հեղափոխական ծրագրերի իրականացմանը, ո՛չ փորձում են սասանել երկրի կրոնական ինքնությունը, ո՛չ ԼԳԲՏ քարոզչությամբ են զբաղվում և ո՛չ էլ արհեստական խոչընդոտներ են ստեղծում ռազմավարական տնտեսական օբյեկտների կառուցման համար։
Վարչապետի խոսքով՝ գրանցման գործընթացը տեղի է ունեցել «ակտիվ ճնշումների ու շանտաժի ֆոնին»։ Նա կոնկրետ օրինակներ չի նշել, սակայն սպառնալիքների ու շանտաժի մեջ մեղադրել է թե՛ հասարակական, թե՛ «առանձին» դոնոր կազմակերպություններին։
«Շատ հասարակական կազմակերպությունների կոնկրետ օտարերկրյա դոնորները սպառնացել են դադարեցնել ֆինանսավորումը, եթե նրանք գրանցվեն Վրաստանի արդարադատության նախարարությունում։
Այս ֆոնին և ընդհանրապես, ելնելով երկրի շահերից, մենք որոշել ենք դրամաշնորհային ծրագիր ստեղծել վրացական հասարակական կազմակերպությունների համար, որն ամբողջությամբ ֆինանսավորվելու է Վրաստանի պետական բյուջեից՝ վրացի հարկատուների գումարներով։
Դրամաշնորհային ֆոնդի անխափան գործունեության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ֆինանսական հիմքերը կպատրաստվեն առաջիկա 2 ամսում, իսկ առաջին դրամաշնորհային ծրագրերը կֆինանսավորվեն 2025 թվականի հունվարից։
Դրամաշնորհային ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությամբ ձեզ հետ կկիսվեմ մոտ ապագայում։ Դրամաշնորհային ծրագրերը կֆինանսավորվեն վրաց ժողովրդի շահերին համապատասխան սահմանված առաջադրանքների կատարման համար։ Այս խնդիրները ներառում են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքար, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար, հաշմանդամների խնամք, շրջակա միջավայրի պաշտպանություն, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների և շահերի պաշտպանություն և այլն:
«Լավ աշխատանք կատարող և վրաց ժողովրդի շահերը սպասարկող հասարակական կազմակերպությունները պետբյուջեից կստանան կրկնակի անգամ ավելի շատ ֆինանսավորում, քան ստացել են օտարերկրյա դոնորներից»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տրված և ծախսված յուրաքանչյուր թեթրի թափանցիկ է լինելու հանրության համար.
«Համապատասխանաբար, հանրությունը հնարավորություն կունենա մշտապես ստուգել, թե համապատասխան հասարակական կազմակերպությունների գործունեությունը որքանով է համապատասխանում Վրաստանի ազգային շահերին։ Նախապես կոչ ենք անում բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք ցանկանում են դառնալ վրաց ժողովրդի ազդեցության գործակալ և առաջ տանել Վրաստանի ազգային շահերը, ակտիվորեն մասնակցել դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթներին։
Նրանք, ովքեր չեն գրանցվել, թող չկիսվեն այս նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնությունը պետք է կիսեն բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործել են մինչ այժմ և կշարունակեն գործել ապագայում՝ Վրաստանի ազգային շահերին համապատասխան։ Այս նախաձեռնությունը պետք է կիսեն ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք հարգում են Վրաստանում օրենքը, օրենքի գերակայությունը: Սա մեր շահն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի հիման վրա ստեղծված հատուկ ռեգիստրում արտերկրից իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստացած ոչ կառավարական և լրատվական կազմակերպությունների կամավոր գրանցման ժամկետը լրացել է սեպտեմբերի 2-ին։ Հանրային ռեգիստրի ֆինանսական մոնիտորինգի վարչությունը սեպտեմբերի 3-ից իրավունք ունի ստուգել և տուգանել բոլոր այն կազմակերպություններին, որոնք հրաժարվել են գրանցվելուց։ Արդարադատության նախարարության վերջին տվյալներով՝ 476 կազմակերպություն կամավոր գրանցվել է որպես «օտարերկրյա տերության շահեր կրող», ինչը կազմում է նրանց ընդհանուր թվի մոտ 1․5%-ը։