Կոչ ենք անում կառավարությանը ուղղել կուրսը և իրականացնել հասարակության ձգտումները. Զեյա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո ասել է, որ Միացյալ Նահանգները կրկին խորապես մտահոգված է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ուզրա Զեյան հակաժողովրդավարական գործողությունների շարքում առանձնացրել է այսպես կոչված գործակալների մասին ռուսական օրենքը և հռետորաբանությունը, որը «խաթարում է դեպի Եվրամիություն տանող ուղին և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները»:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ուղղել կուրսը և իրականացնել հանրության նկրտումները Վրաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ»,- գրել է պետքարտուղարի տեղակալը X սոցիալական ցանցում։

Ուզրա Զեյայի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 12-ին կառավարության շենքում։ Ինչպես ասում է Կոբախիձեն, ինքը խնդրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ապագայում կոնկրետ դիտողություններ ներկայացնել ռուսական օրենքի վերաբերյալ։

«Թափանցիկության մասին օրենքի հետ կապված հարցեր ունեի Ուզրա Զեյային։ Այստեղ էլ եղավ ընդհանուր գնահատական՝ առանց փաստարկների ու կոնկրետությունների։

Ես խնդրել եմ, որ հետագայում այս օրենքի հետ կապված կոնկրետ դիտողություններ ներկայացնի, այլապես ընդհանուր մեկնաբանություններին կդժվարանանք պատասխանել։

Մեր ցանկությունն է հնարավորինս խորացնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Մեր կողմից բացարձակ բացություն կա, գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք առաջիկա քայլերը և դեռ սպասման ռեժիմում ենք՝ սպասելով արձագանքի։ Ես անձամբ նրա հետ կիսվել եմ այս ուղերձով, երբ հանդիպում ենք ունեցել, և հուսով եմ, որ աստիճանաբար ամեն ինչ կբարելավվի, հարաբերությունները կլինեն առողջ։ Համոզված ենք, որ հաջորդ տարվա սկզբից ինչ-որ տեղ Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների զարգացումը որակապես կփոխվի»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է Ուզրա Զեյայի հայտարարությանը։ Նրա խոսքով, նրանք, ովքեր այսօր «Վրացական երազանքին» ասում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, «մինչև 2012 թվականը Սաակաշվիլիի իշխանությունը կոչում էին ժողովրդավարության փարոս»։

«Երկրի ընթացքի հետ կապված նրա գնահատականները ճիշտ չեն։ Մեր երկրի կուրսը եվրոպական է։

Ինչ վերաբերում է օրինագծին, ապա այսքան ժամանակ մենք միայն քննադատություններ ենք լսել։ Ցավոք, մենք չլսեցինք փաստարկներ, թե ինչու է թափանցիկությունը վատ, կամ ինչու թափանցիկությունը կարող է խանգարել, օրինակ, հասարակական կազմակերպությունների աշխատանքին։ Ինչո՞ւ է թափանցիկությունը դեմոկրատիային և եվրոպականությանը դեմ»,- ասել է Կալաձեն։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 11-ին ժամանել է Վրաստան։ Երկու օրվա ընթացքում նա հանդիպումներ է ունեցել հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ընդդիմադիր և իշխող կուսակցությունների կին պատգամավորների, ԿԸՀ նախագահի, նախագահի և վարչապետի հետ։

Ամփոփելով հանդիպումները՝ Ուզրա Զեյան ասել է, որ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը վնասում է վրաց ժողովրդին, այդ թվում՝ ուժեղ քաղաքացիական կազմակերպություններին, որոնք «աշխատում են տարբեր ուղղություններով՝ աջակցելով առողջապահությանը, դպրոցներին, կրթությանը, գյուղատնտեսությանը, լրատվամիջոցներին և շատ այլ ոլորտների»։ Ըստ պետքարտուղարի տեղակալի, հենց դրա արդյունքում Եվրամիությունը կանգնեցրեց Վրաստանի անդամակցության գործընթացը, որը ձեռք բերվեց զգալի ջանքերի արդյունքում։

«Նույնպես տագնապալի է քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների անդամների նկատմամբ բռնությունն ու ահաբեկումը: Ես ձեզ ավելին կասեմ՝ իշխող կուսակցության առաջնորդների կողմից ապատեղեկատվություն տարածելն իր հավատարիմ և երկարամյա գործընկերոջ մասին, ինչպիսին ԱՄՆ-ն է, ծառայում է միայն թշնամու շահերին»,- ասել է Ուզրա Զեյան։

Նա նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների վրա և ասել, որ ԱՄՆ-ը չի աջակցում որևէ կուսակցության, սակայն ակնկալում է մրցակցային քաղաքական գործընթաց. «Ազատ և արդար ընտրությունների համար անհրաժեշտ է, որ տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունները անխափան հետևեն ընտրություններին»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Ուզրա Զեյան կոչ է արել «Վրացական երազանքին» դադարեցնել ֆիզիկական բռնությունն ու սպառնալիքները քաղաքացիական սեկտորում աշխատող մարդկանց նկատմամբ, ինչպես նաև անհապաղ հետաքննել բռնության դեպքերը և պատժել մեղավորներին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):