ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն արձագանքել է Վրաստանի դատախազության կողմից 5 հիմնադրամների արգելանքին

Իրավապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլերը մտահոգություն է հայտնում Վրաստանում հինգ հիմնադրամների բանկային հաշիվների սառեցման կապակցությամբ և կոչ է անում չեղարկել որոշումը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ես խորապես մտահոգված եմ Վրաստանում 5 ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցմամբ, այդ կազմակերպությունների թվում է Թբիլիսիի Մարդու իրավունքների տունը, որը կենսական աշխատանք է իրականացնում մարդու իրավունքների համար։

Անհանգստացնող է այն փաստը, որ դրամական միջոցների սառեցումը նոյեմբեր և դեկտեմբերյան ցույցերի հետաքննության մաս է կազմում։

Ես կոչ եմ անում չեղարկել այս որոշումը և պատասխանատվության ենթարկել իրավապաշտպանների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար պատասխանատուներին», - ասվում է Մերի Լոուլերի հայտարարության մեջ:

Դատախազությունը մարտի 17-ին արգելանք է կիրառել «Նանուկա», «Փրոսփերիթի», «24/7 միմյանց համար», «Սիրցխվիլիա» և «Թբիլիսիի մարդու իրավունքների տուն» հիմնադրամների բանկային հաշիվների և դրամական միջոցների նկատմամբ։

Հասարակական կազմակերպություններն եվրոպամետ ցույցերի ժամանակ աջակցել են տուգանվածներին, ձերբակալվածներին և բանտարկյալների ընտանիքներին։ Արգելանքը կիրառվել է, այսպես կոչված, սաբոտաժի գործով ընթացող հետաքննության շրջանակներում։

«Նշված կազմակերպություններն ուղղակիորեն միջոցներ են ուղղում անօրինական գործողությունների ֆինանսավորմանը, հասարակությանը կոչ են անում անհնազանդության և այլ անօրինական գործողություններ կատարել: Կոնկրետ հիմնադրամների կազմակերպչական և ֆինանսական գործունեությունը նպատակաուղղված է նյութական օգնություն ցուցաբերելու օրինախախտներին և նրանց ընտանիքի անդամներին։ Օրինախախտների օգտին տույժեր են վճարվում, լուծվում են անձնական կամ կազմակերպչական այլ հարցեր»,- նշում են դատախազությունից։

«Նանուկա» հիմնադրամի հիմնադիր լրագրող Նանուկա Ժորժոլիանին ասում է, որ արգելանք է կիրառվել իրենց հաշվեհամարի վրա առկա 400 հազար լարիի նկատմամբ, որի մի մասը նախատեսված էր առողջական խնդիրներ ունեցող երեխաների կյանքը փրկելու համար։ Ժորժոլիանին բողոքարկել է արգելանքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։