Մենք բացահայտելու և պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են ահաբեկիչների թիկունքում. Պուտին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Մոսկվայի Crocus City Hall համերգասրահի վրա հարձակումից 19 ժամ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է բնակչությանը և ասել, որ «հանցագործության բոլոր մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները» կպատժվեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ահաբեկչության մեղադրանքով գործը քննող Քննչական կոմիտեն դեռ չի ներկայացրել պաշտոնական վարկածն ու ապացույցները, թե ովքեր կարող են կանգնած լինել հարձակման հետևում, թեև իշխանությունները և քարոզչական լրատվամիջոցները խոսում են «ուկրաինական հետքի» մասին։

«Ահաբեկչության բոլոր չորս անմիջական հեղինակները, բոլոր նրանք, ովքեր կրակել ու սպանել են մարդկանց, հայտնաբերվել և ձերբակալվել են։ Նրանք փորձել են թաքնվել ու շարժվել Ուկրաինայի ուղղությամբ, որտեղ, նախնական տվյալներով, պատուհան է պատրաստվել՝ ուկրաինական կողմից պետական ​​սահմանը հատելու համար։ Ընդհանուր առմամբ կալանավորված է 11 մարդ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հարձակումը համեմատել է նացիստների գործողությունների հետ և ասել. «Մենք բախվեցինք ոչ միայն ճշգրիտ, ցինիկորեն ծրագրված ահաբեկչության, այլև խաղաղ, անպաշտպան մարդկանց նախապատրաստված, կազմակերպված զանգվածային սպանության։ Հանցագործները սառնասրտորեն էին պատրաստվում սպանել մեր քաղաքացիներին, մեր երեխաներին։ Ինչպես ժամանակին նացիստները օկուպացված տարածքներում ջարդեր էին կազմակերպում, նրանք որոշեցին կազմակերպել ցուցադրական մահապատիժ՝ ահաբեկման արյունալի ակտ»:

«Այս հանցագործության բոլոր մեղավորները, կազմակերպիչներն ու հրահրողները կստանան արդար ու անխուսափելի պատիժ՝ ով էլ որ լինի, ով էլ ուղարկի։ Կրկնում եմ՝ մենք կբացահայտենք և կպատժենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են ահաբեկիչների թիկունքում, ովքեր նախապատրաստել են այս դաժանությունը, այս հարձակումը Ռուսաստանի, մեր ժողովրդի վրա»,- ասել է Պուտինը։

Նա կոչ է արել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ «ճակատում գտնվողներին», համախմբվել։ «Մեր ընդհանուր պարտքն է միասին լինել։ Ես հավատում եմ, որ այդպես կլինի, քանի որ ոչ ոք և ոչինչ չի կարող սասանել մեր միասնությունն ու կամքը»։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ «ուկրաինական հետքի» մասին վարկածը հնչեցրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի առաջին տեղակալներից մեկը՝ Դմիտրի Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ եթե հաստատվի, որ հարձակվողները «Կիևի ռեժիմի ահաբեկիչներ են», ապա նրանք պետք է «անխնա ոչնչացվեն որպես ահաբեկիչներ»։

Ուկրաինայի կառավարությունը կտրականապես հերքում է միջադեպի հետ կապը։ Ըստ ԱԳՆ-ի՝ ռուսական կողմի մեղադրանքները ծրագրված սադրանք են, որի նպատակը ռուս հասարակության մեջ հակաուկրաինական հիստերիա տարածելն է, մոբիլիզացիայի հիմք ստեղծելը և Ուկրաինայի վարկաբեկումը միջազգային հանրության աչքում։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական ստորաբաժանման ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ ահաբեկչությունը ռուսական հատուկ ծառայությունների կանխամտածված սադրանք էր։

«Սա դիտավորյալ սադրանք է Պուտինի հատուկ ծառայությունների կողմից, ինչի մասին նախազգուշացրել է միջազգային հանրությունը։ Կրեմլի բռնակալն իր կարիերան սկսել է սրանով և ցանկանում է այն ավարտել սեփական քաղաքացիների նկատմամբ նույն հանցագործություններով»,- ասել է Յուսովը։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Խմբավորման քարոզչական Amaq թերթը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հարձակումն իրականացրել են չորս մարդ, որոնցից երեքը կրակել են մարդկանց վրա, իսկ չորրորդը հրդեհ է բռնկել շենքում։ Հայտարարության համաձայն՝ «Իսլամական պետության» մարտիկները ծրագրում էին հարձակվել «քրիստոնյաների մեծ բազմության վրա»։ Amaq-ը հրապարակել է նաև ենթադրյալ հարձակվողների լուսանկարը։

Ռուսաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հարձակման մեջ ձերբակալված կասկածյալներից ոչ մեկը Ռուսաստանի քաղաքացի չէ։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ մարտի 22-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 133 մարդ։ Նրանցից ոմանք մահացել են հրազենային վնասվածքների հետևանքով, իսկ ոմանք մահացել են համերգասրահում բռնկված հրդեհից։ Ավելի քան 100 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Զոհվածների և վիրավորների թվում կան երեխաներ։

Ռուսաստանում մարտի 24-ը հայտարարվել է սգո օր։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):