Ըստ Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ, պատգամավոր Ռոման Գոցիրիձեի, Ազգային բանկի այսօրվա հայտարարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցների կիրառման վերաբերյալ «բացարձակ անիմաստ է» և բանկային հատվածին հստակ ցուցում չի տալիս՝ նրանք պետք է կատարեն միջազգային պատժամիջոցները, թե ոչ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում Գոցիրիձեն ասել է, որ ԱՄՆ գանձապետարանի պատժամիջոցները շրջանցելը կամ դրանք որևէ պատճառով չկատարելը կհանգեցնի երկրում ֆինանսական կոլապսի։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ՆԳՆ երկու ներկայացուցիչների, ինչպես նաև, ռուսական գործակալների՝ այսպես կոչված Alt-Info-ի հիմնադիրների նկատմամբ։ Սա աննախադեպ պատժամիջոց է։ Դա տարբերվում է անգամ նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ կիրառված խիստ սանկցիայից, քանի որ դա ԱՄՆ գանձապետարանի կամ ֆինանսների նախարարության սանկցիա է, և բացի այդ, այս չորս անձինք ներառված են Մագնիտսկու համաշխարհային ցուցակում։ Դրանից ավելի ծանր պատժամիջոց չկա։ Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում աշխարհի երեսին, այդ մարդիկ ընդմիշտ կմնան Մագնիտսկու ցուցակում, մի ցուցակ, որն արտացոլում է մարդու իրավունքների կոպիտ խախտումները:
Նման իրավիճակում Վրաստանի կառավարությունը պետք է որոշում կայացներ և անհապաղ հանձնարարականներ տար ֆինանսական համակարգին, որ պատժամիջոցները շրջանցելը կամ դրանք որևէ կերպ, որևէ պատճառով չկատարելը կհանգեցնի երկրի ֆինանսական կոլապսի։ Վրացական բիզնեսը ոչ մի ցենտ չի կարողանա ուղարկել արտասահման, եթե բանկերի վրա ճնշումները շարունակվեն։
Լսեցինք Ազգային բանկի բացարձակապես անիմաստ հայտարարություն։ Նա մի կողմից ասում է, որ, պարզվում է, Վրաստանում պատժամիջոցներ կկիրառվեն Վրաստանի քաղաքացիների նկատմամբ, եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, մյուս կողմից ասում է, որ վրացական առևտրային բանկերը կհետևեն միջազգային պատժամիջոցների կանոններին։ Ի՞նչ պետք է հասկանա Վրաստանի բանկային համակարգը այս հայտարարությունից։ Պետք է հետևել պատժամիջոցների միջազգային նորմերին, այսինքն՝ անհապաղ դադարեցնել այդ մարդկանց և նրանց առնչվող բիզնեսների հաշիվները, թե՞ պետք է սպասել դատարանի որոշմանը, երբ մեղավոր ոստիկանները կդատվեն նույնիսկ այն հարձակումների համար, որոնք իրականացվել են խորհրդարանի դիմաց մի քանի ամիս առաջ։ Թող Ազգային բանկը դուրս գա և հստակ հայտարարություն անի»,- ասել է Գոցիրիձեն։
Ազգային բանկի նախկին նախագահն ընդգծել է, որ վրացական բանկերը սպասարկում են ոչ միայն պատժամիջոցների ենթարկված անձանց, այլև նրանց հետ առնչվող բիզնեսներին։
«Հայտարարություն պետք է անեն «Վրաստանի բանկը» և TBC Bank-ը, որտեղ այդ անձինք բացել են աշխատավարձի հաշվեհամարներ և օգտվում են Visa և Mastercard քարտերից, արդյո՞ք կատարում են միջազգային պատժամիջոցների պահանջները։ Այս մարդիկ բիզնեսներ ունեն։ Նրանցից մեկին [Զվիադ Խարազիշվիլին] է պատկանում Սարանգի անվտանգության ծառայության 50%-ը։ Որտե՞ղ է այս «Սարանգին» հաշիվներ բացել։ Արդյո՞ք այն իրականացնում է արտասահմանյան փոխանցումներ սարքավորումների, անվտանգության համակարգերի ձեռքբերման համար։ Ինչո՞ւ է հեռարձակվում Alt-Info-ն։ Երեկ ես դիմեցի Հաղորդակցության ազգային հանձնաժողովին, թե ինչու այն անմիջապես չարձագանքեց և չկիրառեց պատժամիջոցը, քանի որ [Կոնստանտին] Մորգոշիայի մորաքույրը Alt-Info-ում 50% բաժնետոմս ունի: Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, և այդ բոլորը միջազգային կանոններին համապատասխան անհապաղ չլուծելը կարող է մեծ վտանգի տակ դնել վրացական բիզնեսը»,- ասել է Ռոման Գոցիրիձեն։
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։ Ֆինանսական պատժամիջոցների են ենթարկվել նաև խաղաղ ցույցերի վրա հարձակումների կազմակերպիչները՝ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։