Միջազգային դիտորդները չեն հայտարարել, որ ընտրությունները եղել են ազատ. Բորել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ես պահանջում եմ թափանցիկ հետաքննություն։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և համապատասխան մարմինները պետք է հետաքննեն դիտորդների կողմից նշված խախտումները, ընտրողների ճնշումներն ու ահաբեկումները, որոնք ազդում են գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա։ Այս խախտումները պետք է վերացվեն արագ, թափանցիկ և անկախ»,- Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հերթական հայտարարությունն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բորելի խոսքով՝ ընտրություններից հետո երկրում տեղի ունեցող զարգացումները խիստ մտահոգիչ են։

«Միջազգային դիտորդները խախտումներ են արձանագրել ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ ընտրությունների օրը։ Նրանք նաև չեն հայտարարել, որ ընտրություններն անցել են ազատ ու արդար։ Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է և, որպես այդպիսին, պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ սկսած ընտրական գործընթացի լիարժեք թափանցիկությունից։ Ազնվորեն անցկացված ընտրությունները և օրենքի գերակայության պաշտպանությունը ժողովրդավարության հիմնաքարն են և Եվրամիությանն անդամակցելու ճանապարհի անբաժանելի մասն ու հիմքը»,- ասել է Բորելը։

Եվրահանձնաժողովի փոխնախագահը նաև ասում է, որ խնդրել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովին այսօր հանդիպել «Վրաստանում տիրող ծանր իրավիճակի» հրատապ քննարկման համար։ Նա այս հարցը ներառել է նոյեմբերի արտաքին հարաբերությունների խորհրդի օրակարգում։

«Ամիսներ շարունակ Վրաստանի բնակչությունը ցույց է տալիս իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և դեպի Եվրամիություն երկրի ուղուն։ Նա արժանի է հստակության ընտրական գործընթացի հետ կապված՝ հավատալու հաջորդ իշխանության լեգիտիմությանը։ Կարևոր է, որ բողոքի ցույցերը և կառավարության արձագանքը մնան խաղաղ։ Երկրում ժողովրդավարական հետընթացը պետք է դադարեցվի և ամբողջությամբ փոխվի, և պետք է բարենպաստ միջավայր ապահովվի բազմակարծ, ժողովրդավարական հասարակություն կազմող լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և ընդդիմության համար», - ասել է Ժոզեֆ Բորելը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների գրեթե 54 տոկոսը։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» (11%), «Միասնություն. ազգային շարժում» (10%), «Ուժեղ Վրաստան» (8.8%) և «Գախարիան հանուն Վրաստանի» (7,7%)։ Նրանց հիմնական պահանջներից մեկը միջազգային հետաքննությունն է։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքում ընդդիմադիրները բարձրաձայնեցին միջազգային ընտրական վարչության կողմից նոր ընտրություններ անցկացնելու իրենց պահանջը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։