«Խոստումներ միանգամայն մշուշոտ հեռանկարով և վիրավորական շանտաժ»,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքը» POLITICO-ի տարածած այն տեղեկությանը, ըստ որի Վաշինգտոնը Վրաստանի համար դիտարկում է տնտեսական և անվտանգության աջակցության համապարփակ փաթեթ [MEGOBARI Act], եթե կառավարությունը հրաժարվի հակաարևմտյան հռետորաբանությունից և դադարեցնի մարդու իրավունքների առումով հետընթացը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Միջազգային լրատվամիջոցներում երեկ տեղեկություն տարածվեց ամերիկացի կոնգրեսականներից մեկի նախաձեռնած օրինագծի մասին։ Ըստ օրենքի նախագծի՝ Վրաստանը կստանա վիզայի ազատականացում և ազատ առևտրի համաձայնագիր, եթե կառավարությունը ետ կանչի ՀԿ-ների թափանցիկության մասին օրենքը, չընդունի օրենք ԼԳԲՏ քարոզչության դեմ, լավ անցկացնի ընտրությունները և զերծ մնա Ամերիկայի նկատմամբ բացասական հռետորաբանությունից։ Հակառակ դեպքում օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում պետական պաշտոնյաների նկատմամբ։
Այս տարիների ընթացքում մեր երկիրը մշտական հարձակումների առարկա է դառնում ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների և պաշտոնյաների կողմից, որից վրացական իշխանությունները ստիպված են պաշտպանվել համարժեք հռետորաբանությամբ։
Այս ամենի ֆոնին վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավումն ամբողջությամբ կախված է ամերիկյան կողմի ճիշտ գործողություններից։ Դրա համար պետք է ոչ թե բոլորովին մշուշոտ հեռանկարով ու վիրավորական շանտաժով խոստումներ տալ, այլ հարգանք դրսևորել վրացական պետության և վրաց ժողովրդի նկատմամբ։ Ցավոք սրտի, ամերիկացի մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ սխալը սխալի հետևից են թույլ տալիս և դեռ շանտաժի լեզվով են խոսում Վրաստանի հետ։
Վրաստանի իշխանությունը չի խաղում։ Մենք ընդունում ենք «էնջեոների» թափանցիկության մասին օրենքը, քանի որ այլ ճանապարհ չենք տեսնում երկիրը հանգստացնելու համար:
2020 թվականից ի վեր էնջեոները արդեն երկու անգամ փորձել են հեղափոխություն կազմակերպել այս երկրում, և մենք չենք սպասի երրորդ փորձին։ Մեզ համար այս օրենքը ոչ թե առևտրի առարկա է, այլ Վրաստանի ինքնիշխանության պաշտպանության արդյունավետ միջոց, և մենք ոչ մի պարագայում չենք կարող առևտուր անել երկրի ինքնիշխանությամբ։
Վրաստանի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքը պետք է բոլորովին այլ կերպ արտահայտվեր։ Նման վերաբերմունքի պայմաններում՝
- ԱՄՆ-ը գործով կապացուցեր, որ Վրաստանի ռազմավարական գործընկերն է, մասնավորապես, Վրաստանի քաղաքացիներին կտրամադրեր վիզայի ռեժիմի ազատականացում և առանց որևէ պայմանի կստորագրեր ազատ առևտրի համաձայնագիր։ Ինչպես պարզ է դառնում օրինագծից, ԱՄՆ-ն դա կարող էր անել նախկինում, սակայն անտարբեր վերաբերմունք դրսևորեց Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ։
- ԱՄՆ-ը գումարներ կներդներ վրացական տնտեսության մեջ, ինչը վերջին անգամ արել է 2009-11 թվականներին, երբ Սաակաշվիլիի ռեժիմին պետք էր փրկել տնտեսական կոլապսից։
- ԱՄՆ-ն կապահովեր էնջեոների վարքագծի փոփոխությունը, մասնավորապես, Վրաստանի կառավարության լեգիտիմությունը չճանաչելու քաղաքականության ավարտելը և հեղափոխական ծրագրերը մի կողմ դնելը։
- Կդադարեցվեր ԵՄ թեմայի օգտագործումը որպես Վրաստանի դեմ մշտական շանտաժի գործիք, մինչև տարեվերջ բանակցություններ կմեկնարկեր Վրաստանի հետ՝ այդպիսով վերականգնելով արդարությունը Ուկրաինայի, Մոլդովայի և Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ։
Եթե այս ամենն անեն, ուրեմն ՀԿ-ների թափանցիկության օրենքի կարիքը չի լինի, և մենք այլևս ստիպված չենք լինի արձագանքել անարդար հայտարարություններին: Այնուամենայնիվ, եթե էնջեոները չդադարեցնեն հեղափոխության իրենց փորձերը, չդադարեն հարձակվել ուղղափառ եկեղեցու վրա, սատարել կրոնական ծայրահեղականությանը, խրախուսել կրոնական քաղաքական միջամտությունը, ԼԳԲՏ քարոզչությունը, թմրանյութերի քարոզչությունը, փորձելով խարխլել պետական ինստիտուտները և խոչընդոտներ ստեղծել տնտեսական նախագծերի համար, իսկ մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ շարունակեն հարձակումները Վրաստանի վրա, այս դեպքում մեզ անհրաժեշտ կլինի թափանցիկության մասին օրենքն ընդունել և հարձակումները ետ մղել։ Ուստի այսօր էնջեոների թափանցիկության մասին օրենքի ընդունումն այլընտրանք չունի։
Մեր գործընկերները կարող են որակապես վերադասավորել իրենց հարաբերությունները առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Եթե դա գիտակցեն, հարաբերությունները շատ արագ կկարգավորվեն, բայց եթե նույն մոտեցմամբ շարունակեն գործել Վրաստանի նկատմամբ, ապա կվնասեն և՛ Վրաստանի և՛ Ամերիկայի շահերը։
Ինչպես արդեն ասվեց, ամեն ինչ գործընկերների ձեռքում է, և Վրաստանը, որպես փոքր երկիր, չի կարող միակողմանիորեն որևէ բան փոխել։ Ուստի պետք է հուսալ, որ Ամերիկայում կհաղթի ռացիոնալ միտքը, այդպիսով երկու երկրներն էլ միայն կշահեն»,- ասված է «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ի լիագումար նիստում։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։ Իշխանությունը հաշվի չի առել միջազգային գործընկերների նախազգուշացումները և երկրում շարունակական զանգվածային բողոքի ակցիաների պահանջը՝ օրենքը անվերապահորեն ետ կանչելու մասին։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել ռուսական օրենքի վրա։ Նախագահն ասել է, որ «գործակալների մասին» ռուսական օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը, եվրոպական բոլոր չափանիշներին և խոչընդոտ է հանդիսանում երկրի եվրոպական ճանապարհին։
Խորհրդարանը նախատեսում է հաջորդ շաբաթվա ընթացքում կայանալիք նիստին հաղթահարել նախագահի վետոն։