Մզիա Ամաղլոբելիին այսօր կլինիկայից կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին այսօր կտեղափոխվի Ռուսթավիի թիվ 5 կանանց քրեակատարողական հիմնարկ։ «Վիվամեդի» կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով՝ նա հրաժարվել է շարունակել բուժումը կլինիկայում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բժիշկը Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը գնահատում է «բավարար» և նշում, որ առաջարկվել է սննդային վերականգնողական կուրսը շարունակել կլինիկայում։

«Բայց պացիենտը խնդրում է իրեն դուրս գրել, վերադարձնել քրեակատարողական հիմնարկ։ Նա այսօր հրաժարվել է շարունակել բուժումը և, հավանաբար, կլքի կլինիկան»,- ասել է Չխաիձեն «Պիրվելի» հեռուստաընկերությանը։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից Մզիա Ամաղլոբելիի փաստաբան Ջուբա Քաթամաձեն ասում է, որ բժիշկները բանտարկյալին թույլ են տվել հեռանալ կլինիկայից։

«Կլինիկա ընդունվելու օրվանից Մզիա Ամաղլոբելին խնդրել է իրեն վերադարձնել քրեակատարողական հիմնարկ, սակայն կլինիկան և բժիշկները թույլ չեն տվել։ Քանի որ դա այժմ թույլատրված է, պետք է ենթադրել, որ նրա առողջական վիճակի վատթարացման հետ կապված այլևս առանձնակի ռիսկեր չկան, և Մզիա Ամաղլոբելիի ցանկությունը կատարվել է»,- ասել է փաստաբանը։

Հացադուլի 24-րդ օրը՝ փետրվարի 4-ին, Մզիա Ամաղլոբելին բանտից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։ Նա նորից սնվելու որոշումը կայացրել է փետրվարի 18-ին։

Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են վարչության օժանդակ շենքի պատին բողոքի պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետի վրա հարձակվելու մեղադրանքով։

Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին դարձել է դաժան վերաբերմունքի զոհ։ Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն թքել է իր դեմքին և փորձել ֆիզիկական բռնություն գործադրել՝ թույլ չտալով ջուր խմել և օգտվել զուգարանից։

«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել է նրան և սպառնացել քրեական կարգով ձերբակալել։

Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:

Իրավապաշտպանները պնդում են, որ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։

Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 4-ին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։