Նախարարի հրամանով ստեղծվել է ռուսական օրենքի կիրարկման համար հատուկ գերատեսչություն

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հրամանով այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը կիրարկելու նպատակով Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում ստեղծվել է ֆինանսական հայտարարագրերի բաժին և բաժնի պետի պաշտոն: Նոր բաժնի կառուցվածքային ստորաբաժանումներն են գրանցման և հայտարարագրման մոնիտորինգի ծառայությունները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ հրամանի՝ գործակալության ֆինանսական հայտարարագրման բաժնի ղեկավարը (նրա պարտականությունները կատարողը) «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»  Վրաստանի օրենքի համապատասխան՝ նախարարության կողմից լիազորված անձ է։

Բաժնի խնդիրներն են օտարերկրյա ուժերի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեգիստրի վարումը և հրապարակայնության ապահովումը, ինչպես նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով նախատեսված աշխատանքների մեջ նախարարության կողմից լիազորված անձին աջակցելը։

Նախարարի հրամանով բաժնի հիմնական գործառույթները սահմանվել են հետևյալ կերպ․

  • Օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեգիստրի վարում և դրա հրապարակայնության ապահովում,
  • «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված գործողություններում նախարարության կողմից լիազորված անձի աջակցություն,
  • Լիազորությունների շրջանակում, նամակագրության քննարկում և համապատասխան պատասխանի պատրաստում,
  • Համապատասխան կառուցվածքային, կադրային, նորմատիվ և տեխնիկական բնույթի կոնկրետ առաջարկների մշակում և յուրաքանչյուր եռամսյակի վերջում դրանց գործակալության ղեկավարությանը ներկայացում,
  • Սահմանված պարբերականությամբ գործունեության հաշվետվության կազմում և ներկայացում լիազորված անձանց,
  • Հանրային ռեգիստրի ազգային գործակալության դրույթներով և Վրաստանի գործող օրենսդրությամբ այլ լիազորությունների իրականացում։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն այսօր կայացած ճեպազրույցում լրագրողների հարցին ի պատասխան ասել է, որ օգոստոսի 1-ից կազմակերպությունները կարող են գրանցվել որպես «արտաքին ազդեցության կրող»։

«Ինչ վերաբերում է [ռուսական] օրենքի կիրառմանը, բոլոր ժամկետները նշված են օրենքով, դուք դա լավ գիտեք, և օգոստոսի 1-ից չափորոշիչներին համապատասխանող կազմակերպությունները կարող են դիմել... եթե կազմակերպությունը չի կատարում օրենքով նախատեսված պահանջները, այսինքն՝ չի ենթարկվում Վրաստանի օրենսդրությանը, համապատասխան պատասխանատվությունը ամրագրված է օրենքում, որը ենթադրում է 25 հազար լարի տուգանք»,- ասել է Բրեգաձեն։

Չնայած միջազգային գործընկերների կոչերին և բազմահազարանոց բողոքի ցույցերին՝ «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը մայիսի 28-ին հաղթահարեց նախագահի վետոն և ի վերջո ընդունեց ռուսական օրենքը։ Օրենքը «օտարերկրյա ուժի շահեր կրող» է ճանաչում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին է ստացվել միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից։

Կազմակերպությունները այսպես կոչված գործակալների ռեգիստրում գրանցվելու համար պետք է մեկամսյա ժամկետում՝ մինչև օգոստոսի վերջ, դիմեն Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն։ Գրանցվելուց խուսափելու կամ ֆինանսական հայտարարագիր չներկայացնելու դեպքում  կազմակերպությունը կտուգանվի 25 000 լարիով: Արդարադատության նախարարության պահանջները չկատարելու համար օրենքը հավելյալ նախատեսում է տուգանք՝ 10 000 և 20000 լարիի չափով։

Ռուսաստանի օրենքը վիճարկվել է Սահմանադրական դատարանում։ Եթե ​​դատարանը չկասեցնի օրենքի կիրարկումը, պատժամիջոցների մի մասն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 3-ից։

 

Այս թեմայով՝

Ըստ Տուրավայի՝ սահմանադրական հայցերն ընդդեմ ռուսական օրենքի կքննարկվեն «ողջամիտ ժամկետներում»

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։