Օկուպացված Գալիում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով հինգ մանկահասակ երեխա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, առավոտյան, բազմազավակ Ճոլարիաների ընտանիքում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, երեխաների տատիկը վառարանը վառելիս նավթը շփոթել է բենզինի հետ, կրակն ակնթարթորեն պատել է տունը, երեխաներին փրկել չի հաջողվել։

Գալիի դե ֆակտո նահանգապետ Կոնստանտին Փիլիան ասել է, որ մահացածներից ամենափոքրը չորս ամսական էր։

Այսպես կոչված արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի պաշտոնակատար Լև Կվիցինիայի խոսքով՝ վթարի պահին երեխաները տանը եղել են տատիկի հետ։ «Աղջիկների մայրը հիվանդանոցում է եղել, հայրը գնացել է տեսակցության»,- «Ափսնիպրես»-ին ասել է Կվիցինիան։

Օկուպացված Աբխազիայում հունվարի 6-ը սգո օր է հայտարարվել։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով՝ Սաբերիոյում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս օկուպացված տարածքում ապրող բնակչության, հատկապես խոցելի և անպաշտպան խմբերի իրավունքների պաշտպանության լուրջ մարտահրավերները։ Իոսելիանիի խոսքով՝ օկուպացիայի պայմաններում Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների կյանքն ու առողջությունը ամեն օր վտանգի տակ են։

«Վրաստանի կառավարությունը և միջազգային հանրությունը պետք է օգտագործեն բոլոր առկա մեխանիզմները՝ օկուպացված տարածքում մարդու իրավունքների պաշտպանության համար»,- ասել է հանրային պաշտպանը։

Ցավակցական հեռագիր է տարածել նաև Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Անհնար է բառերով արտահայտել այն մեծ ցավը, որը մեզանից յուրաքանչյուրին պատճառեց օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգությունը։ Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում հրդեհի հետևանքով զոհված երեխաների ընտանիքներին, նրանց հարազատներին և մեր ողջ հասարակությանը»,- ասված է Կոբախիձեի հայտարարության մեջ։

Միջադեպին արձագանքել է նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Չկա ոչ մի բառ, որը կարող է արտահայտել Սաբերիոյում տեղի ունեցած ողբերգության ցավը։ Կիսում եմ ընտանիքի և նրանց հարազատների վիշտը»,- գրել է Զուրաբիշվիլին Facebook-ում։

Դեկտեմբերին օկուպացված Աբխազիան բախվեց լուրջ էներգետիկ և տնտեսական ճգնաժամի։ Այն բանից հետո, երբ նոյեմբերին բողոքի ակցիաներին հաջորդեց Ռուսաստանի հետ կնքված ներդրումային համաձայնագրի մերժումը, Մոսկվան մասամբ դադարեցրեց Սոխումիի ֆինանսավորումը և պահանջեց էլեկտրաէներգիա գնել կոմերցիոն գներով։ Դեկտեմբերի 11-ից օկուպացված շրջանի բնակչությանը էլեկտրաէներգիա է մատակարարվում օրական երկու անգամ՝ 80-80 րոպեով։ Սղության պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, իսկ հիվանդանոցներն աշխատում են գեներատորներով։ Բնակչության զգալի մասը սկսել է օգտագործել նավթով աշխատող վառարաններ։ Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանը բավարարել է դե ֆակտո նախագահի պաշտոնակատար Բադրա Գյունբայի խնդրանքը սոցիալական էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ, որից հետո անջատումները ընդամենը 4 ժամ են կազմում։ Այսպես կոչված մարդասիրական մատակարարումը կշարունակվի հունվար և փետրվար ամիսներին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։