Հունգարիան իրավական միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ից և այլ միջազգային աղբյուրներից ֆինանսավորում ստացող ՀԿ-ները և լրատվամիջոցները արմատախիլ անելու համար: Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Խոսելով պետական ռադիոյի եթերում՝ Օրբանն ասել է, որ իր կառավարությունը մանրակրկիտ ստուգում է Հունգարիայում գործող կազմակերպությունները, որոնք ֆինանսական օգնություն են ստանում Միացյալ Նահանգներից: Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ լուծարելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, և ասել է, որ գործակալության օգնությունն օգտագործվում էր ֆինանսավորելու համար կազմակերպություններին, որոնք փորձում էին «տապալել» իր կառավարությունը։
«Հիմա այն պահն է, երբ այդ միջազգային ցանցերը պետք է ոչնչացվեն, դրանք պետք է վերանան։ Անհրաժեշտ է օրինականորեն անհնարին դարձնել նրանց գոյությունը»,- ասել է Օրբանը։
Նա ասել է, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորում ստացող կազմակերպություններում աշխատող մարդիկ կարող են «գործակալներ» համարվել։
«Ամերիկայից եկող գումարները պետք է լինեն հրապարակային, և պատժամիջոցներ կիրառվեն այն ստացողների նկատմամբ: Դուք չեք կարող արտասահմանից գումար ընդունել Հունգարիայի քաղաքականության վրա ազդելու համար, և դա կիրականացվի օրենքով: Նրանք, ովքեր ներգրավված են դրանում, բախվում են իրավական հետևանքների»,- ասել է Հունգարիայի վարչապետը։
Օրբանը 2026 թվականի սկզբին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ նոր կանոնակարգեր է նախատեսում ընդունել լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների դեմ։
Նրա կուսակցությունը՝ «Ֆիդեսը», 2023 թվականի վերջին արդեն ընդունել է օրենք՝ «Ինքնիշխանության պաշտպանության ակտ», որի հիման վրա անցյալ տարի ստեղծվել է «Ինքնիշխանության պաշտպանության գրասենյակը»։ Գործակալությունը իրավասու է տեղեկատվություն հավաքել ցանկացած խմբի կամ անհատի մասին, որն օգտվում է օտարերկրյա ֆինանսավորումից և ազդում հանրային քննարկումների վրա:
Օրբանի կառավարության ընդդիմախոսները համեմատել են «Ինքնիշխանության պաշտպանության ակտը» Ռուսաստանում գործող «օտարերկրյա գործակալների» օրենքի հետ. նրանք ասում են, որ այն կարող է օգտագործվել կառավարության քննադատների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների և լրագրողների դեմ:
Անցյալ տարի Ինքնիշխանության պաշտպանության գրասենյակը հետաքննություն է սկսել հակակոռուպցիոն կազմակերպության՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» տեղական մասնաճյուղի և Atlatszo.hu հետաքննական լրատվամիջոցի դեմ:
Եվրահանձնաժողովը վիճարկել է «Ինքնիշխանության ակտը» Եվրոպական դատարանում, քանի որ կարծում է, որ այն խախտում է Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայով պաշտպանված իրավունքները, ներառյալ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արտահայտվելու և տեղեկատվության ազատությունը, միավորումների ազատությունը և անմեղության կանխավարկածը։
