Պարտադիր զինվորական ծառայություն անցնող 18-ամյա Յուսիֆ Նասիբովը հունիսի 8-ին Մառնեուլիի զորամասում ինքնասպանություն է գործել։ Սա ՊՆ-ի նախնական պաշտոնական վարկածն է։ Նշված փաստը այս տարվա ընթացքում Պաշտպանության ուժերում ինքնասպանության առաջին դեպքը չէ։ Ապրիլի 28-ին, ուշ գիշերին, պաշտպանության նախարարության տարածքում մահացած են գտել 45-ամյա սերժանտ Մամուկա Մելաձեին։ Նախարարության տվյալներով՝ սերժանտն իրեն կախել է։ Մինչ հետաքննության ավարտը գերատեսչությունը հայտնել է, որ կատարվածը հավանաբար կապված է ընտանեկան կոնֆլիկտի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Մամուկա Մելաձեն կնոջ և երկու երեխաների հետ ապրում էր Կասպիում։ Նա շուրջ 20 տարի ծառայել է Վրաստանի Պաշտպանության ուժերում, եղել է Օգոստոսյան պատերազմի և Աֆղանստանում Վրաստանի միջազգային ռազմական առաքելության մասնակից։
Երկու դեպքում էլ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով, որը նշանակում է ինքնասպանության հասցնել։ Ռազմական ոստիկանությունն այս որակումն է տալիս նման դեպքերին, ինչը չեն կիսում զոհված զինծառայողների ընտանիքներից մի քանիսը։
«Տղաս կարճ ժամանակ է, ինչ գնացել է բանակ, առողջ էր, ոչ մի խնդիր չուներ, նրան մահացած վերադարձրին։ Ի՞նչ է եղել, ինչ է տեղի ունեցել այդ զորամասում։ Եթե նա ինքնասպան է եղել, այսինքն ինչ-որ բան ստիպել է նրան: Եթե հիվանդ էր, ինչո՞ւ նրան չօգնեցին»։
Մահացած զինծառայող Յուսիֆ Նասիբովը մայրը հետաքննությունից պատասխաններ է պահանջում։
«Նախնական տվյալներով՝ մահացածը հրազենային վնասվածք է ստացել կզակի հատվածում և ստացած վնասվածքներից տեղում մահացել է»,- հայտնում է ՊՆ-ն։
Պաշտպանության նախարարությունը Վրաստանի զինված ուժերում ինքնասպանությունների ստույգ վիճակագրությունը չի հրապարակել։ Տարբեր տվյալներով՝ 1997-2002 թվականներին ինքնասպանություն է գործել 54 զինվորական։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին՝ ինքնասպանության 16 դեպք։ 2003-2012 թվականների տվյալները հասանելի չեն հանրային աղբյուրներում։ Այս տեղեկությունն արդեն «Վրաստանի լուրերը» խնդրել էր պաշտպանության նախարարությունից։
«Վրաստանի լուրերը» հավաքել է 2012-2021 թվականներին զինծառայողների մահվան դեպքերը, որոնց վերաբերյալ հետաքննություն է սկսվել ինքնասպանության հոդվածով։ Այս տվյալները լիովին չեն արտացոլում հնարավոր ինքնասպանության դեպքերը։
2012 թվական
- 19-ամյա Կոբա Մախարաշվիլին Գորիի հետևակային բրիգադի 51-րդ գումարտակի շարքային էր։ Նա մահացել է հուլիսի 12-ին։ Զինվորը հրազենային մահացու վիրավորում էր ստացել բերանից։ Մինչ այդ հեռախոսից գաղտնի օգտվելու համար զորամասի սերժանտը ծեծի է ենթարկել նրան ու սպառնացել, որ երեկոյան վաշտի դիմաց մերկ վիճակում է կանգնեցնելու։ Խոշտանգումների մեղադրանքով ձերբակալվել է սերժանտ, 26-ամյա Թենգիզ Գելաշվիլին։
- Օգոստոսի 20-ին Մցխեթայի զորամասում մահացած են գտել 21-ամյա Ջաբա Գաբիտաշվիլիին։
- Դեկտեմբերի 5-ին մահացել է առաջին բրիգադի զինծառայող Ջամբուլատ Բլիաձեն։ ՊՆ-ի տեղեկություններով՝ զինծառայողն ինքնասպան է եղել ինքնաձիգից արձակած կրակոցից։ Բլիաձեն բանակ էր զորակոչվել մեկ ամիս առաջ։
2013 թվական
- Մայիսի 25-ին, Սենակիի զորամասում մահացել է զինված ուժերի երկրորդ հետևակային բրիգադի զինծառայող, 32-ամյա Մամուկա Գեգեչկորին։
- Օգոստոսի 20-ին Ալեքսեևկայի ավիաբազայում մահացել է ժամկետային զինծառայող Գիորգի Մեբոնիան։ Դեպքը տեղի է ունեցել հերթապահության ընթացքում պահակակետում գտնվելու ժամանակ։ Նախարարության տվյալներով՝ շարքայինը ինքնասպան է եղել։
- Սեպտեմբերի 25-ին Թելավիի զորամասում ինքնասպան է եղել 20-րդ կադրային բրիգադի շարքային, 22-ամյա Արկադի Իմերլիշվիլին։
2014 թվական
- Մարտի 3-ին, 3-րդ հետևակային բրիգադում պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայող, 22-ամյա Իմեդա Մուրվանիձեին մահացած են գտել։ Նախարարության տեղեկություններով՝ նա հանգստյան օրերին արձակուրդում է եղել Ախալցիխեի իր տանը, իսկ մարտի 4-ին՝ առավոտյան, պետք է ներկայանար բրիգադ։
- Սեպտեմբերի 3-ին, ժամկետային զինծառայող 21-ամյա Գիորգի Ասանիձեին վիրավորված հայտնաբերել է զորամասի հերթապահը։ Ասանիձեն վիրավորվել է գլխից։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն զինվորի կյանքը փրկել չի հաջողվել։ Գիորգի Ասանիձեն զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում 2013 թվականից։
- Հոկտեմբերի 2-ին զորամասի հերթափոխի պետը պահակակետում մահացած է հայտնաբերել 19-ամյա Դավիթ Բոլոթաուրիին։ Նա վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Դավիթ Բոլոթաուրին պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում 2014 թվականի սեպտեմբերի 3-ից։
- Դեկտեմբերի 22-ին զորամասի պահակակետում մահացած են գտել 20-ամյա Նիկոլոզ Ուգուլավային։ Ուգուլավան պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում 2014 թվականի հոկտեմբերի 4-ից։
- Դեկտեմբերի 28-ին մահացած են գտել 24-ամյա պայմանագրային զինծառայող Դաթո Գելաշվիլիին։ Նա զինված ուժերին միացել է 2012 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ինքնասպանության օրը նա արձակուրդում է եղել։
2015 թվական
- Հունիսի 10-ին, 1-ին հետևակային բրիգադի զինծառայող, 22-ամյա Գիվի Կիրկիտաձեին զորամասից ուղարկել են «Կրծանիսիի» ազգային ուսումնական կենտրոն՝ ուսումնական դասընթացի, որտեղ նա չի ներկայացել։ Ավելի ուշ նրան մահացած են գտել ուսումնական կենտրոնի մոտ գտնվող լքված շենքում։
- Հունիսի 20-ին Խոբիի շրջանի Կուլև գյուղի իր տանը ինքնասպանություն է գործել 18-ամյա Ռատի Շամաթավան, ով մինչ այդ պարտադիր զինվորական ծառայություն էր անցում և ծառայում էր Ռուսթավիի 17-րդ քրեակատարողական հիմնարկի պահակակետում։
- Սեպտեմբերի 1-ին Նորիո ուսումնական բազայի տարածքում մահացած են գտել 23-ամյա Տարիել Փանչուլիձեին։ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ շարքայինը ինքնասպանություն է գործել շտաբային զենքից արձակած կրակոցից։
- Հոկտեմբերի 4-ին Գորիի Զինված ուժերի 5-րդ բրիգադի մարտական տարածքում մահացել է ՀՕՊ դասակի առաջին կարգի շարքային՝ 33-ամյա Թամազ Թամարաշվիլին։
2017 թվական
- Հունիսի 27-ին Օսիաուրիում՝ զորքերի նյութատեխնիկական ապահովման հրամանատարական բազայի տարածքում, մահացած են գտել պայմանագրային զինծառայող 22-ամյա Իոսեբ Ինասարիձեին։ ՊՆ-ից հայտնում են, որ հերթապահություն իրականացնելիս, ինքնասպանության նպատակով զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Վիրավորը Խաշուրիի հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո մահացել է։ Ընտանիքն այս դեպքում էլ կասկածել է ինքնասպանության վարկածը։
2018 թվական
- Նոյեմբերի 14-ին արձակուրդում գտնվելու ժամանակ Խոբիում 29-ամյա պայմանագրային զինծառայող Լ.Բ.-ին սեփական տանը մահացած են գտել։ Հետաքննությունը սկսվել է ինքնասպանության հոդվածով։
2019 թվական
- Մայիսի 12-ին Վազիանիի դաշտային ուսումնական բազայում մահացած են գտել ցամաքային զորքերի երրորդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի զինծառայող, 25-ամյա Վլադիմիր Մախաթաձեին։ Մախաթաձեն պաշտպանության ուժերում ծառայում էր 2017 թվականից։
- Ազգային գվարդիայի 10-րդ կադրային բրիգադի պայմանագրային զինծառայող, 34-ամյա Պաատա Չխաիձեին մայիսի 15-ին մահացած են գտել բնակարանում՝ ոչ ծառայողական հանգամանքներում։ Նախարարությունից հայտնել են, որ դեպքի վայրում՝ բնակելի տանը, հայտնաբերվել է հրազեն։ Հետաքննությունը սկսվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։
2021 թվական
- Մարտի 3-ին Վազիանիի ռազմաբազայի տարածքում պայմանագրային զինծառայող, 20-ամյա Ջոնի Ձինձիբաձեն ինքնասպան է եղել։ Նախարարության տեղեկություններով՝ զինծառայողն ինքնասպանության դիտավորությամբ բանակում ծառայության ժամանակ կրակել է սեփական հրազենից։ Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Մահացածի ընտանիքի անդամները չեն կիսել ինքնասպանության վարկածը։ Այս դեպքում էլ նախաքննության ավարտից առաջ նախարարությունից հայտնել են, որ ինքնասպանությունը հավանաբար կապված է եղել ընտանեկան խնդիրների հետ։ Ընտանիքի անդամները բացառել են նախարարության այս հայտարարությունը։ Ըստ մահացածի եղբոր՝ Ջոնի Ձինձիբաձեն «ավարտելով իր պարտադիր զինվորական ծառայությունը, պայմանագրային ծառայություն է շարունակել Վազիանիում։ Նա մասնակցել է տարբեր դասընթացների, մի քանի ամսից պատրաստվում էր աշխատանքի մեկնել Աֆղանստանում»։
2022 թվական
- Ապրիլի 18-ին Սենակիի հետևակային բրիգադի տարածքում մահացած են գտել 21-ամյա Ջոնի Ախալաիային։ Ըստ ՊՆ-ի՝ «առաջին կարգի շարքայինը ինքնասպան է եղել՝ կրակելով սեփական հրազենից, ինչը հաստատում են դեպքի վայրում տեսահսկման տեսախցիկի տեսագրությունները»։ Ընտանիքի անդամները այս դեպքում էլ չեն համաձայնել ինքնասպանության վարկածին։
Վրաստանի զինված ուժերում ինքնասպանությունների բարձր ցուցանիշի պատճառով պաշտպանության նախարարությունում 2015 թվականին ստեղծվել է հոգեբանական աջակցության վարչություն։ Պաշտոնական անձինք պնդում էին, որ բանակում ինքնասպանության հիմնական պատճառներից մեկը մոլախաղերից (գեմբլինգ) կախվածությունն է և դրանից կուտակված պարտքերը։ Նախարարության նախաձեռնությամբ օրենքում փոփոխություններ են կատարվել և զինվորականների համար արգելվել է ազարտային խաղերը։ Նախարարությունում հոգեբանական աջակցության բաժինը շարունակում է գործել, թեև նախարարության կայքում դրա գործունեության մասին տեղեկություն չկա։