«Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ եթե իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեռք բերի սահմանադրական մեծամասնություն, ապա Սահմանադրության մեջ հստակ կարտացոլվի ուղղափառության՝ որպես վրացական պետության ինքնության հենարան լինելու առաքելությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Օգոստոսի 31-ին Օզուրգեթիում Իվանիշվիլին նախընտրական քարոզարշավի շրջանակում դիմել է կողմնակիցներին և հստակեցրել նախընտրական մեկ այլ խոստման բովանդակությունը։ Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությունը պատշաճ կերպով չի արտացոլում այն դերը, որը Ուղղափառ Եկեղեցին խաղում է երկրի կյանքում։
«Անցած օրերին ձեզ ներկայացրինք սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել սահմանադրական մեծամասնությունը ստանալուց հետո, և նշեցինք, որ կա ևս մեկ հարց, որի շուրջ պետք է խորհրդակցել՝ համաձայնեցնելու համար։ Ուղղափառ Եկեղեցու հետ խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվել են, և մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել սահմանադրական մեկ այլ փոփոխություն, որը մեր քաղաքական թիմը կիրականացնի ընտրություններից հետո։
Ինչպես գիտեք, Վրաստանը պատմականորեն հպարտանում է, մի կողմից՝ կրոնական հանդուրժողականության դարավոր ավանդույթով, իսկ մյուս կողմից՝ ուղղափառությամբ, որը հայրենիքի և լեզվի հետ մեկտեղ մեր ինքնության հիմնական հիմքերից մեկն է։ Դուք նաև լավ գիտեք, որ Ուղղափառ Եկեղեցու վրա հարձակումները չեն դադարում, որոնց նպատակը Վրաստանի ինքնությունը սասանելն է։ Այստեղ պետք է նշել նաև, որ կրոնի և եկեղեցու մասին 1995 թվականից գործող սահմանադրական փաստաթուղթը պատշաճ կերպով չի արտացոլում Ուղղափառ Եկեղեցու դերը երկրի կյանքում։
Որպեսզի Ուղղափառության և Ուղղափառ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակն էլ ավելի ամրապնդվի և սահմանադրական արձանագրությունն ավելի ճշգրիտ արտացոլի առկա իրականությունը, Ուղղափառության առաքելությունը՝ որպես վրացական պետության ինքնության հենասյուն, հստակորեն կարտացոլվի Վրաստանի Սահմանադրության մեջ։ Կընդգծվի նաև Ուղղափառ Եկեղեցու առանձնահատուկ դերը Վրաստանի պատմության, ինչպես նաև մեր երկրի արդիականության մեջ։
Իհարկե, Վրաստանի Սահմանադրությունը լիովին կհաստատի Ուղղափառ Եկեղեցու անկախության և հավատքի ազատության սկզբունքները։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել եկեղեցուն, Վեհափառին և քահանաներին՝ մեր նախաձեռնությանը աջակցելու, ինչպես նաև Վրաստանի ինքնության պաշտպանության և պահպանման գործում իրենց ներդրած ավանդի համար»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։ Ելույթի ժամանակ նա այս անգամ էլ կանգնել է զրահակայուն ապակիներով շրջապատված ամբիոնի մոտ։
Ընտրություններից առաջ «Վրացական երազանքը» Ուղղափառ Եկեղեցուն առաջարկել է ուղղափառությունը պետական կրոն հայտարարել։ Օգոստոսի 29-ին պատրիարքարանում տեղի ունեցած ժողովից հետո Սուրբ Սինոդի անդամ, Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիճաշվիլի) ասել է, որ կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի ցանկությունն է, որ «այդ հարցը չպետք է այդքան հապճեպ քննարկվի»։ Ինչպես պարզվում է, օգոստոսի 30-ին պատրիարքարանում այս հարցով հերթական հանդիպումն է կայացել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ։ Պրոտոպրեսվիտեր Գիորգի Զվիադաձեն «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը տված հեռախոսազրույցում ասել է, որ քննարկել են առաջարկվող սահմանադրական փոփոխությունների երկրորդ տարբերակը, որը վերաբերում է Ուղղափառ Եկեղեցու դերի հետագա սահմանմանը և եկեղեցուն ավելի մեծ աջակցություն ցուցաբերելուն։
«Երբ գրված է «պետությունը ճանաչում է Ուղղափառ Եկեղեցու հատուկ դերը Վրաստանի պատմության մեջ», դրան պետք է ավելացնել նաև արդիականությունը, այս դերը չպետք է սահմանափակվի միայն պատմությամբ։
Այն, ինչ գրվելու է Սահմանադրության մեջ, իհարկե, խորհրդակցությունները պետք է շարունակվեն։ Միանշանակ դիրքորոշում կա այն հարցում, որ պետություն-եկեղեցի հարաբերությունների գոյություն ունեցող իրավական մոդելը պետք է ուժի մեջ մնա»,- նշել է պրոտոպրեսվիտերը։
Երկրի գործող Սահմանադրության համաձայն՝ պետությունը ճանաչում է Վրաստանի Առաքելական Ինքնավար Ուղղափառ Եկեղեցու հատուկ դերը Վրաստանի պատմության մեջ և նրա անկախությունը պետությունից։ Պետության և եկեղեցու հարաբերությունները որոշվում են Սահմանադրական համաձայնագրով (կոնկորդատ), որը խորհրդարանի կողմից հաստատվել է 2002 թվականին։